ՀՀ իշխանությունների թեթև ձեռքով Արցախը վերադառնում է 90-ականներ

Ավելի քան մեկ ամիս շարունակվող շրջափակման պայմաններում Արցախում կյանքը վերադառնում է 1990-ական թվականների սկզբի վիճակին։ Խոսքը ոչ միայն քաղաքական, այլև սոցիալական ու տնտեսական իրավիճակին է վերաբերում. դատարկ են խանութներն ու առևտրի կետերը, սպառվել են բազմաթիվ առաջին անհրաժեշտության ապրանքներ, ստիպված են անցնել կտրոնային համակարգին, չկա հեղուկ վառելիք, սկսվել են էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները, խափանվել է ինտերնետ կապը, ամեն պահի կարող է անջատվել գազը, սննդամթերքի ու այլ խնդիրների պատճառով հազարավոր երեխաներ չեն կարողանում հաճախել դպրոց ու մանկապարտեզ, շրջափակման ու մատակարարումների դադարեցման հետևանքով մեծ կորուստներ են կրում տնտեսությունն ու քաղաքացիները, փակվում են արտադրություններն ու աշխատատեղերը, մարդիկ զրկվում են սեփական եկամուտներով իրենց կենցաղային նվազագույն կարիքները հոգալու հնարավորությունից։

Ճիշտ այնպես, ինչպես 90-ականներին։

Սակայն, եթե 90-ականներին ամեն ինչ շատ ավելի պարզ էր ու ընկալելի, ապա այն, ինչ հիմա է կատարվում Արցախում, ոչ մի արդարացում չունի։ Պետական բարձր պաշտոնները զավթած նորօրյա իշխանավորներն ամեն ինչ բերեցին հասցրեցին այս վիճակին ու հիմա ձեռքերը լվացել, մի կողմ են քաշվել։ Ասում են՝ Արցախն ու արցախցին ինքնուրույն պիտի որոշեն իրենց ճակատագիրը։

Իրենց ապաշնորհությամբ, գուցե նաև միտումնավոր գործողություններով 120 հազար մարդու կյանքը դրել են սպառնալիքի տակ, կանգնեցրել հումանիտար աղետի եզրին ու համարում են, որ իրենք անելիք չունեն, մեղքը ուրիշների վրա են բարդում ու փորձում արդարացումներ գտնել։ Բոլորը մեղավոր են ու պատասխանատու, բացի իրենցից։

Եթե Հայաստանի իշխանություններն են իրենց այդպես պահում, ինչո՞ւ ենք զարմանում միջազգային հանրության վրա։

Արցախը մնացել է միայնակ ադրբեջանաթուրքական ոհմակի դեմ դիմաց ու փորձում է գոյատևման հնարավորություններ գտնել իր ունեցած սուղ միջոցների շրջանակներում։

Եղած սուղ հնարավորություններն առավելագույն համաչափ բաշխելու և մարդկանց նվազագույն կարիքները բավարարելու համար ստիպված են անցնել 90-ականներին գործող կտրոնային համակարգին։ Այդ համակարգը վաղուց վերացել էր, բայց Հայաստանի այսօրվա իշխանությունների թեթև ձեռքով, կրկին վերադառնում է Արցախ։

Սկզբնական շրջանում որոշել են կտրոններով բաշխել առաջին անհրաժեշտության մի քանի ապրանքատեսակներ։

Դրանք են՝ մակարոնեղենը, բրինձը, հնդկաձավարը, շաքարավազը և ձեթը։

«Նպատակն է՝ ունեցած սննդամթերքի պաշարը համաչափ, հավասարաչափ բաշխել։ Քանի որ շուկայում արդեն նկատվում են հերթեր, մարդիկ իրենց համար նախատեսված պաշարից ավելի շատ են ձեռք բերում, այդ իսկ պատճառով այդ կարգը մշակվում է և արդեն հունվարի 20-ից քաղաքացիները խանութներից կարող են ձեռք բերել հինգ ապրանքատեսակ բացառապես հատուկ կտրոնների միջոցով՝ մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ և ձեթ։

Կտրոնները թղթից են՝ լամինացված։ Դրանք լինելու են 2 տեսակի։ Ամսական 1 լիտր ձեթի համար կլինի կտրոն, որը նախատեսված է 1 շնչի համար՝ անկախ տարիքից։

Մնացած 4 ապրանքատեսակներին շնչի համար նախատեսված է 1 կիլոգրամ, բայց տրամադրվելու է քաղաքացիներին կես կիլոգրամով։ Այսինքն՝ քաղաքացին մոտենալու է և ստանա 2 կտրոն, որոնց վրա հստակ ամսաթիվ է լինելու նշված։

Օրինակ՝ առաջին կես կիլոգրամը կարող է օգտագործել հունվարի 20-ից մինչև փետրվարի 5-ը, երկրորդը կտրոնով՝ արդեն փետրվարի 6-ից մինչև փետրվարի 20-ը, որպեսզի քաղաքացիներն այդ պաշարը խանութներից միանգամից ձեռք չբերեն»,- այս մասին օրերս հայտարարեց ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը։

Այս փուլում կտրոնային համակարգը կգործի 5 ապրանքատեսակների համար։ Բայց դա չի նշանակում, որ հետագայում այդ ապրանքատեսակների քանակը չի ավելանա։

Երբեմնի էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող Արցախն օրերս էլ հայտնվեց հովհարային անջատումների տակ։

«Անհայտ պատճառներով» հունվարի 9-ին վթարվեց Հայաստանից Արցախ մատակարարվող էլեկտրաէներգիայի հաղորդման բարձրավոլտ գիծը։

Գծի վթարը, ինչպես գազատարի դեպքում էր, տեղի ունեցավ այն հատվածում, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության գոտում։ Ու արդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանը թույլ չի տալիս մասնագետներին մոտենալ վթարի հատվածին ու վերականգնողական աշխատանքներ իրականացնել։

Թույլ չեն տալիս ոչ միայն Արցախի մասնագետներին, այլև ռուս խաղաղապահներին։ Մի բան, ինչը վկայում է, որ վթարը հենց իրենք են կազմակերպել։

Էլեկտրագծի վթարման հետևանքով Արցախում էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է առաջացել։ Ու հիմա ստիպված են անցնել հովհարային անջատումներին։

Ինչքան սա կտևի, ոչ մեկը չի կարող ասել։ Հայաստանի իշխանությունների վրա այլևս անիմաստ է հույս դնելը։ Միջազգային հանրության արձագանքն էլ արդյունք չի տալիս։

Արցախի շրջափակումը շարունակվում է, ինչն օրեցօր ավելացնում է ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական խնդիրները։ Մատակարարումներ չլինելու պատճառով փակվում են արտադրությունները, մարդիկ զրկվում են աշխատատեղերից, նաև եկամուտներից։

Արցախում կյանքը վերադառնում է 90-ականներ, բայց այն ժամանակ ուրիշ էր։ Կար կամք ու միասնականություն Հայաստանի ու Արցախի իշխանությունների, նրանց գործողությունների ու նպատակների միջև։ Ոչ մեկը չէր ասում, թե Արցախի հարցը միայն արցախցու խնդիրն է, թող գնան բանակցեն ադրբեջանցիների հետ ու լեզու գտնեն։

Այն ժամանակ Հայաստանն ու Արցախը միասին էին պայքարում Արցախի գոյատևման համար, իսկ հիմա Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից։ Նրանց համար Արցախը այլևս գոյություն չունի։ Վաղուց հրաժարվել են Արցախի անվտանգության երաշխավորի իրենց ստանձնած պարտավորություններից ու ամբողջ պատասխանատվությունը թողել են ռուս խաղաղապահների վրա։

Ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգությունն են դրել վտանգի տակ ու դեռ ուրիշներին են մեղադրում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս