ՄետաՆիկոլ

Ժողովուրդների պատմությունն ամենատարբեր ելքեր է արձանագրել հեղափոխությունների համար՝ սկսած հեղափոխությունների կողմից սեփական զավակներին խժռելու լիրիկական ողբերգություններից, մինչև հեղափոխության զավակների կողմից հեղափոխված պետությունները խժռելու դաժան իրականություն։ Հայաստանը, ըստ ամենայնի, գնում է երկրորդ ճանապարհով։

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները ոչ միայն ինքնախժռված չեն, այլև հետևողականորեն զբաղված են Արցախի կորստից հետո նրա նաև մնացած մասն ու Հայաստանը խժռելու հեղափոխական ընթացքով։

Ընդ որում, եթե մինչև վերջերս գոնե պատշաճության համար պահպանվում էին ձևականությունները, ապա այլևս Նիկոլ Փաշինյանը սեփական խաղաքարտերը բացել է նույնքան, որքան Արցախի դարպասները՝ Ադրբեջանի, Հայաստանի դռները՝ թուրքերի առաջ։

Նա ուղիղ տեքստով հայտարարում է, որ Արցախի ժողովրդի ու իշխանության՝ պայքարը շարունակելու, Ադրբեջանին չտրվելու կամքը սադրանք է ու կարող է ծառայել Արցախի շրջափակումը ծրագրողներին։

Կարդացեք նաև

Այսինքն, ուղիղ չի ասում, բայց ուղղամտորեն հասկացնում է Նիկոլ Փաշինյանը, Արցախը չպետք է պայքարի, քանի որ պայքարելը կարող է ծառայել Ադրբեջանի նպատակներին։

Հետևաբար, եզրակացնում է լսողը, որ ըստ Նիկոլ Փաշինյանի, Արցախը պետք է չպայքարի ու պետք է հանձնվի։

Նիկոլ Փաշինյանը կրկին ուղիղ չի ասում, բայց էլի հասկացնում է, որ դա, իմա՝ Արցախի հանձնվելը, համապատասխանում է իր նպատակներին։ Իսկ նրա նպատակը, որն իրականում ոչ թե նպատակ է, այլ մտասևեռում, «խաղաղության դարաշրջանն է», որը համառորեն չի բացվում, որքան էլ նա դրդում է բացել՝ Արցախի, ու ճգնում է բացել՝ Հայաստանի դարպասները։

Նիկոլ Փաշինյանի մտասևեռման գենեզիսի հարցը, այսինքն՝ արդյոք նա սևեռվել է ինքնահայեցմա՞ն, թե՞, օրինակ, օտարասպասարկության պատճառով, երբևէ պատասխան ստանալու է։

Եթե բախտը բերի՝ պատմության էջերում, կարող է պատահել՝ դատավարության նիստերի դահլիճում, գուցե՝ նրա իսկ օտարության պայմաններում։

Այդ հարցը, սակայն, մեծ հաշվով ապագայի հարց է։ Նիկոլ Փաշինյանի անձնական ապագայի։ Բայց ժամանակային չափումներն այս պատմության մեջ ունեն չափազանց կարևոր նշանակություն, և արդեն ոչ միայն ու գուցե ոչ այնքան՝ Նիկոլ Փաշինյանի, որքան հայ հասարակության, Արցախի ու Հայաստանի քաղաքացիների համար։

Այսօրվա իրադարձությունների ողբերգականությունն առաջին հայացքից դրդում է կենտրոնանալ միայն ներկայի վրա՝ այն հույսով, թե իբր այդ կենտրոնացումը կարող է կանխել Նիկոլ Փաշինյանի մտասևեռման իրագործումը։

Բայց դա անմարմին հույս է գոնե այնքանով, որքանով աննշմար են պայքարի միջոցները։

Իրականում հայ հասարակության համար ավելի մեծ կարևորություն պետք է ստանա  հարցը, թե ի՞նչ է լինելու Նիկոլ Փաշինյանից հետո, որովհետև աղետները, երջանկության պես, անցողիկ են, եթե անգամ թվում են մշտական ու անանցնելի։

Ահա Նիկոլ Փաշինյանն էլ, իր իշխանությամբ ու մտասևեռմամբ անցնելու է մի օր, և կարևոր է հասկանալ, ոչ միայն հասկանալ, այլ նաև ծրագրել, ոչ միայն ծրագրել, այլ նաև պատրաստվել նրան, թե ինչ է լինելու այդ անցումից հետո։

Այլ կերպ ասած, հայ հասարակությունը, հայկական էլիտաները, քաղաքական ու մտավոր շերտերը, բոլորը՝ պետք է պատրաստվեն մետաՆիկոլ իրականությանը՝ հետնիկոլ Հայաստանին։

Խիստ հնարավոր է, որ դա լինելու է չափազանց դժվար, փլատակված իրականություն, որում միայն հրաշքը կարող է մոխիրներից վերածնել պետությունը։ Եթե, իհարկե, ժամանակային առումով դա չլինի ուշից ավելի ուշ, որը՝ որպես ապագա, շատ ավելի դաժան է «լավ է ուշ, քան երբեք» պոետական զեղումից։

Ահա, ուրեմն, հայ հասարակությունը մտավոր տիրույթում, բայց հետո նաև ինստիտուցիոնալ կերպով պետք է պատրաստվի մետաՆիկոլ իրականությանը։

Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու որևէ օտար ափում մղկտալ մետաՀայաստան դժբախտությունից։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս