ՌԵԺԻՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻԱԿ Է, ԹԱՂՈՂ ՉԿԱ. ՆԻԿՈԼԸ ՔՐԵԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ ԳՑԵՑ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԳՐՊԱՆԸ. ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Ես խղճում եմ մեր ժողովրդին, որ ստիպված է լսել ու ունենալ այսպիսի իշխանություն։ Ինքը խոսում է քաղաքացու սուբյեկտայնության մեծացումից, երբ հազարավոր քաղաքացիներ այս Ամանորը դիմավորեցին առանց էլեկտրաէներգիայի՝ մթության մեջ՝ Փաշինյանի կողմից մարդու սեփականության դեմ ոտնձգություն կատարելու արդյունքում։ Ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում։
- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ինչի՞ է 3 միլիոն դրամ պարգևավճար տալիս պատգամավորներին։ Թքած ունեն ժողովրդի վրա, ասում են՝ պիտի բաժանենք, թիմն ընտրությունների նախաշեմին կոնսոլիդացնենք։ Այլ բանով այդ թիմը սոսնձել հնարավոր չէ։ Կերակրատաշտից պետք է բան տալ իրենց։
- Պետական միջոցներով, այսպես կոչված, ուխտերթի կազմակերպումը, որին իրենք ճիշտ բնութագրում էին տվել՝ ուղտաերթ, որովհետև եթե մարդը անասնական, կենդանական հակումներ չունենա, Սուրբծննդյան օրով չի մասնակցի մի միջոցառման, որի ընթացքում Հիսուս Քրիստոսին փառաբանելու փոխարեն՝ փառաբանի Նիկոլ Փաշինյանին: Կատարվածը մի քանի սիմվոլիկ շերտեր ունի. 2018թ․«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» հակաեկեղեցական շարժումը մեկնարկել է Սուրբ Աննա Եկեղեցուց։ Այդտեղ էին տեղի ունենում Բագրատ սրբազանի հավաքները, և այդ հատվածում է գտնվում Վեհափառ Հայրապետի երևանյան նստավայրը։ Դրա համար էին երթի հարթակը տեղադրել Սուրբ Աննա եկեղեցու բակում:

- Հեղափոխություններն իռացիոնալ մարդկանց և գաղափարների սելեկցիաներ են։ Մեր բախտը չի բերել, որովհետև նորմալ հասարակությունների լուսանցքներում հայտնված խումբը տիրացել է իշխանությանը՝ կյանքից ստացած իր ապտակներով, որը հիմա վրեժ է լուծում այն հասարակությունից, որը տասնամյակներով իրեն թողել է լուսանցքում ու մերժել։ Այդ մարդիկ, ցավոք սրտի, Հայաստանում այսօր դարձել են իշխող էլիտա։
- Վստահ եմ՝ Կայա Կալասին ուղարկված թղթում, որում օգնություն էր խնդրում Եվրոպայից՝ հիբրիդային պատերազմի դիմագրավելու համար, Նիկոլ Փաշինյանը տվել է Ռուսաստանի անունը, բայց այստեղ չի բարձրաձայնում այդ մասին։
- Նույնիսկ, եթե Եզրաս սրբազանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի գործակալ, այդ ժամանակ ԽՍՀՄ-ը եղել է Եզրաս սրբազանի երկիրը։
- Նիկոլ Փաշինյանը, սակայն, նախընտրական շրջանում վախենում է Ռուսաստանի անունը տալ, որովհետև երկակի խաղ է խաղում։ Նման երկակիության չեն դիմում անգամ շատ գերտերություններ, որովհետև, ի վերջո, նույն ապրանքը չես կարող տարբեր փաթեթավորմամբ վաճառել բոլորին։ Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ խնդիր է լուծում։ Նա, օգտվելով այս փուլի համաշխարհային տուրբուլենտությունից, լուծում է իր իշխանությունն ապահովագրելու ու կրկին վերարտադրվելու, ընտրվելու, այդ պաշտոնին մնալու հարցը։ Եթե ընտրական ցիկլ չլիներ, հիմա լրբությունը կգցեր Փաշինյանը, դրա համար այսօր խուսափեց ՀԱՊԿ-ի մասին խոսելուց, բայց հիմա ինքն անցնցում վերարտադրվելու խնդիր ունի, դրա համար էլ վախեցավ ի պատասխան լրագրողի հարցի՝ ՀԱՊԿ-ի մասին խոսել:
- Ես կանխատեսում ունեմ, որ շատ տևական ժամանակ Միացյալ Նահանգները թաթախվելու է Արևմտյան կիսագնդի խնդիրների մեջ։ Հո մի Մադուրո առևանգելով՝ խնդիրները չլուծվեցի՞ն…
- Եթե գան համաձայնության, Պուտին-Թրամփ համադրությունները կատաստրոֆիկ են լինելու շատ երկրների համար։ Բայց թե՛ Զելենսկին, թե՛ Փաշինյանը հաշվել են, որ դա առաջիկա ամիսների բան չէ։
- Նիկոլ Փաշինյանն իր գործունեության ողջ ընթացքում փոքր խնդրով ապրող մարդ է։ Նա այս փուլում, կրկնում եմ, զուտ վերարտադրության հարց է լուծում։ Իսկ եթե անգամ վերարտադրվի, վերարտադրվելու է քաղաքական դիակի տեսքով, ներսում ցնցումներով ու այլանդակություններով ու նոր զիջումներով։ Այս ռեժիմը նման է մի քաղաքական դիակի, որին հուղարկավորող չկա։ Եթե անգամ վերարտադրվի, Փաշինյանի ռեժիմը կունենա առավելագույնը 1.5 տարվա կյանք։ Մարդը, որի համար արտասվում է Քրեական օրենսգիրքն իր բոլոր հոդվածներով, կենսական է համարում մի քանի ամիս իշխանւթյան մնալը։ Միևնույն ժամանակ մենք չգիտենք՝ ինչքան պոտենցիալ ունի մեր պետությունն այս արշավանքին դիմագրավելու համար։

- Իր վերջին շատ զուսպ բրիֆինգում Ալիևն ըստ էության Փաշինյանին ասաց՝ քեզ պետք է, որ Զանգեզուրի միջանցք չասե՞մ, ասեմ՝ TRIPP, կասեմ, բայց դա ոչինչ չի փոխելու։
- Ռուսներն ինչքան էլ տխուր են, որ Լատինական Ամերիկայում իրենց հիմնական գործընկերոջ՝ Վենեսուելայի հետ նման բան պատահեց, մյուս կողմից՝ իրենց համար ճանապարհ են բացում առկա ուկրաինական պատերազմից նույն ելքից օգտվելու համար։
- Երբ մենք խոսում ենք Նիկոլ Փաշինյանի հնարավոր կամ միջնաժամկետ տապալման մասին, պետք է նկատի ունենանք, որ նրա իշխանության ամեն օրը մեր պետության արմատները քերելու հաշվին է, և չպետք է ոգևորվել այն փաստից, որ նրա իշխանության հիմքերը թուլացել են, պետք է այնպես անել, որ այդ իշխանությունը չվերարտադրվի։
- Հետնիկոլյան ժամանակում քրեական պատասխանատվության հարց է բարձրանալու․ ո՞վ է տվել ԱԱԾ պետական գաղտնիք համարվող փաստաթուղթը civik.am-ին։ Անդրանիկ Սիմոնյանը մտահոգվելու բան ունի, որովհետև այսօր Նիկոլ Փաշինյանն այդ պատասխանատվությունը գցեց նրա գրպանն ու նշանակեց մեղավոր։
- Ես Թալինի քաղաքապետին ու նրա ծնողներին խորհուրդ կտամ շատ զգույշ լինել, որովհետև չի կարելի ինքնակամ մսացուի պես պառկել Նիկոլ Փաշինյանի զոհասեղանին։ Ես ինֆորմացիա ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարության միջոցով հանձնարարել է, որ բոլոր քաղաքներում, Թալինի նախադեպի պես, բանդաներ կազմեն ու հրոսակախմբերով գնան խանգարելու կանոնիկ պատարագները։ Բայց մի օր, երբ զոհի կարիք ունենա, Թալինի քաղաքապետը թող զգուշանա։
- Գյումրիում ՔՊ-ի անունը որպես հայհոյանք է ընկալվում արդեն…
- Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ հակասահմանադրական կամպանիան տաք է պահում նաև նախընտրական նկատառումներով։ Ինքն ուզում է մարդկանց հոգնեցնել, մաշեցնել, որ հուսահատվեն, բայց ոչ մի կերպ դա չի կարելի թույլ տալ։ Մեր հասարակության շատ փոքր հատվածն է կտերով կերակրվում։ Նիկոլ Փաշինյան, սաղմոսներ մենք էլ ենք կարդացել․այնտեղ ոչ մի բան գրված չէ վարչապետի պարտականությունների մասին։ Դրանք կարգավորվում են Սահմանադրությամբ։ Հերիք է թաքնվես սաղմոսների հետևում։ Որքան էլ փորձես սաղմոսներով պաշտպանվել, դու խախտել ես Քրեական օրենսգրքի 3 հոդված, այդ թվում՝ 300-երորդ՝ իշխանության յուրացման հոդվածը։

- Խորհրդարանական խմբակցությունները պիտի վազեին իմպիչմենտի թուղթն իրականություն դարձնել, Սահմանադրական դատարան պիտի դիմեին, փողոց գեներացնեին, որովհետև երկրում շատ կոնկրետ սահմանադրական կարգի տապալման վտանգ կա։ Ես իմպիչմենտն էլ, փողոցային պայքարն էլ, ընտրություններն էլ իշխանափոխության ընդունելի տարբերակներ եմ համարում։ Եթե մենք ուզում ենք, որ հունիսի 7-ին հրաշք լինի, այդ բերքի սերմերը պետք է ցանել արդեն հունվարի 8-ից։ Ընտրություններին պատրաստվել պետք է, բայց տներում նստած չի կարելի դրան սպասել։ Ձևավորվող ընդդիմադիր կենտրոնները պարտավոր են քննարկումներ անել, շատ ակտիվ աշխատել հասարակության հետ, որ հասարակության սուբյեկտայնությունը մեծանա, որ հասարակությունն էլ հավատա, որ ընտրություններով հնարավոր է բան փոխել։ Նիկոլ Փաշինյանի խնդիրն է՝ այնպես անել, որ մարդիկ ընտրության չգնան, որ ինքը բանտիկով վերարտադրվի։ Ընդդիմության խնդիրն էլ պիտի լինի ակտիվացնել հասարակությանը, որ մասնակցի ընտրություններին։ Այդ ժամանակ Նիկոլին ոչինչ չի փրկելու։ Եվ հանրավոր կլինի նրան ուպակովկա անել ու որպես օժիտ՝ ուղարկել Կայա Կալասին։
- Եթե Իրանում տեղի ունեցող իրադարձությունները հանկարծ վերահսկողությունից դուրս գան, դա տարածաշրջանն այնպիսի ցնցումների մեջ է դնելու, որից խելքի գալը շատ բարդ է լինելու։
- Հարգելի ժողովուրդ, մեկ միասնական ցուցակով ընդդիմության՝ ընտրությունների գնալը կեղծ թեզ է։ Էս կուտը մի՛ կերեք, միասնական ընդդիմության մասին մի՛ խոսեք։ Կարևոր չէ՝ քանի ցուցակ է, կարևոր է՝ էդ ցուցակները գլխավորեն մարդիկ, ովքեր ժողովրդի մոտ փոփոխության իրական հույս կարթնացնեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
