Ո՞րն է ՀԱՊԿ զորավարժությունը չեղարկելու Փաշինյանի տրամաբանության կարմիր գիծը. ՀԱՊԿ-ից «վրեժխնդի՞ր լինել», թե՞ գոհացնել թուրք-ադրբեջանական տանդեմին

Հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում «Անխախտ եղբայրություն-2023» ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը նպատակահարմար չեն համարում:

Հունվարի 11-ին ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն արձագանքել էր, թե ՀԱՊԿ-ը ծանուցում չի ստացել Հայաստանում զորավարժությունների չեղարկման մասին:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել էր, որ «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժության անցկացումը Հայաստանում ոչ նպատակահարմար լինելու վերաբերյալ պաշտոնական գրությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետին տեղեկացրել է հունվարի 5-ին:

«Հունվարի 10-ին ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը լրատվամիջոցներին հայտնել է, որ Միացյալ Շտաբը ստացել է ՀՀ ՊՆ պաշտոնական գրությունը և դիտարկում է զորավարժությունը ՀԱՊԿ այլ անդամ պետության տարածքում անցկացնելու հարցը»,- հավելել էր Արամ Թորոսյանը:

Կարդացեք նաև

Արդյո՞ք Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ այս զորավարժություններին, եթե այն այլ վայրում անցկացվի: Դեռ վերջնական որոշում չկա, ուստի այս պահին Հայաստանի դիրքորոշման մասին վաղ է խոսել:

Բայց, եթե Հայաստանը որոշի չմասնակցել, ապա թե ՀԱՊԿ երկրների և, ինչո՞ւ չէ, նաև Հայաստանի ներսում՝ քաղաքական և փորձագիտական շրջանակների համար անհասկանալի կլինի նման որոշումը: 2022-ի հունվարին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Հայաստանից Ղազախստան էր գործուղվել մոտ 100 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանում, այն դեպքում, երբ ՀՀ-ն սեփական սահմանների անվտանգությունն ապահովելու համար ռեսուրսների խնդիր ուներ 44-օրյա պատերազմից հետո: Դրանից ամիսներ առաջ էլ, այսինքն՝ 2021 թվականի նոյեմբերին Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ մարտական գործողություններ էին տեղի ունեցել, ինչի հետևանքով կային զոհեր, վիրավորներ և գերիներ, Ադրբեջանն էլ էական առաջխաղացում էր ունեցել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, որոշում էր կայացրել Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:

ՀՀ կառավարության  որոշմամբ էլ թույլատրվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանմանը մասնակցել Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող խաղաղապահ գործողություններին:

Ի դեպ, հունվարի 10-ի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ զորավարժության անցկացումը ՀՀ-ում ոչ նպատակահարմար համարելը պատճառաբանել էր, թե ՀԱՊԿ-ը կգար, սպառնալիք կստեղծեր և կգնար:

«Պատկերացրի՞ք այդ իրավիճակը: Հենց այդ պատճառով: Մենք ասում ենք՝ եկեք հասկանանք, թե ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, որից հետո մեր հարաբերությունները խորը և ինստիտուցիոնալ կառուցենք: Երբ որ ՀԱՊԿ-ն չի ասում, թե որն է իր պատասխանատվության գոտին, դա մեզ համար ֆունդամենտալ պրոբլեմ է: Այսինքն, ՀԱՊԿ-ն չի ասում՝ որտեղով է անցնում այդ կարմիր գիծը: Սոթք-Խոզնավարով չի անցնում, Ջերմուկով չի անցնում, որտեղո՞վ է անցնում: Մենք մինչև դա չիմանանք, կլինենք այդ իրավիճակում, կհրավիրենք, կասենք՝ եկեք սպառնալիք ստեղծեք ձեր ասած թուրք-ադրբեջանական տանդեմի համար 2 օր, իսկ 3-րդ օրը հանգստացեք, 4-րդ օրը գնացեք ձեր գործերին, իսկ մենք մնանք այդ տանդեմի առաջ դեմ հանդիպման»,- շարունակել էր Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի այս հիմնավորումն առնվազն լուրջ չէ մի քանի նկատառումով. առաջին՝ ՀԱՊԿ-ն օբյեկտիվ թե սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ համարժեք չէր արձագանքել 2021-ի մայիսի, նոյեմբերի ադրբեջանական ներխուժումներին ՀՀ ինքնիշխան տարածք, բայց Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ից խաղաղապահներ ուղարկեց Ղազախստան ներքին իրավիճակ կարգավորելու համար, հավանաբար փորձում էր նախադեպ ստեղծել: Երկրորդ՝ ՀԱՊԿ-ում գլխավոր դերակատարը, ըստ էության, Ռուսաստանն է, իսկ ՌԴ-ն դեռ ՀՀ-ում է՝ Գյումրիում ռուսական ռազմաբազա կա, այնպես որ, գալու-գնալու խնդիր չկա: Ավելացնենք, որ հենց Նիկոլ Փաշինյանն է հունվարի 10-ի ասուլիսում հայտարարել, որ ՌԴ-ն է ՀՀ-ի անվտանգության երաշխավորը:

Երրորդ՝ 2020-ի հուլիսյան մարտերի օրերին հայ-ռուսական զորավարժություններ անցկացվեցին: Ռուսաստանի Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներն անակնկալ մարտական պատրաստության բարձր աստիճանի էին բերվել, զորավարժություններ էին սկսվել հարավային և արևմտյան ռազմական շրջաններում:

Եվ քանի որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը 102-րդ ռազմաբազայի հետ ուներ այդ ընթացիկ զորավարժությունների ընթացքում համատեղ միջոցառումներ՝ ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ՝ այլ զորավարժարաններում, ՀՀ Զինված ուժերից բավականին մեծ՝ մեկ գնդին հավասար ուժեր էին ներգրավվել՝ տանկային, հրետանային, մոտոհրաձգային և այլն:

Ադրբեջանական կողմն անհանգստություն էր հայտնել: Այդ մտավախություններին ի պատասխան՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովին տեղյակ էր պահել ռուսական զորքերի անակնկալ մարտական բարձր աստիճանի բերելու մասին և վստահեցրել. «Տվյալ միջոցառումը պլանային է և որևէ կերպ առնչություն չունի հայ-ադրբեջանական սահմանագոտում ընթացիկ իրավիճակի հետ»:

Այսինքն, այդ ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմի համար սպառնալիք ստեղծելու մտավախություն չկա՞ր, ինչպես երկու օր առաջ լրագրողին ասել էր Փաշինյանը:

Ի դեպ, 2020-ի օգոստոսի 12-ին Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ հուլիսի 17-ից առ այդ պահը Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության բեռների մատակարարման ինտենսիվությունն անհանգստություն և լուրջ հարցեր է առաջացնում Ադրբեջանի հանրությունում:

«Իլհամ Ալիևը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո (նկատի ունի հուլիսյան մարտերը.- Մ.Պ.) Ռուսաստանից Հայաստան (Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով) մատակարարված ռազմական նշանակության բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան, և ընդգծել է, որ իր հեռախոսազանգի հիմնական նպատակն այդ հարցը պարզաբանելն է»,- նշվում էր Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության համապատասխան հաղորդագրության մեջ:

ՌԴ նախագահն էլ ընդգծել էր լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողության կանխման կարևորությունը:

Վերադառնալով զորավարժությունների թեմային՝ հավելենք, որ 2020-ի սեպտեմբերի 21-26-ը Հարավային ռազմական շրջանի տարածքում՝ «Ալագյազ» զորավարժարանում, անցկացվել էր «Կովկաս-2020»-ը:

Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ պաշտպանության նախարարության միայն մոտ քսան միավոր ավիացիա էր գործարկվել, ընդհանուր առմամբ, 300 միավոր ռազմական տեխնիկա:

Հարկ է հիշեցնել, որ 44-օրյա պատերազմից 26 օր առաջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին այդ ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «գաղտնի» նամակ էր ուղարկել, որը 2020-ի դեկտեմբերին հրապարակել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

168.amգրել էր, որ փաստաթղթում զորավարժությունների սցենարում մանրամասն նկարագրված էին այն գործողությունները, որոնց հետագայում ականատես եղանք 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո: Այսինքն, Արցախյան վերջին պատերազմի «սցենարը» նախապես հայտնի էր, որը ՀՀ իշխանություններն անտեսել են:

Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից արված ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ Անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած պարզաբանման մեջ մասնավորապես նշված էր. «Անդրադառնալով նշյալ գրության բովանդակությանը՝ նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Զասի գրությունը վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող հերթական շտաբային վարժանքների կազմակերպման և անցկացման հարցերին: Հատկանշական է, որ նման շտաբային վարժանքները և զորավարժությունները կրում են մշտական բնույթ և նախատեսվում են ՀԱՊԿ ամենամյա պլաններով: Հարկ է նաև նշել, որ հրապարակված գրությունում նշված նույնաբովանդակ զորավարժություններ են տեղի ունեցել նաև նախկինում, որտեղ մտահղացումները կազմվել են նույն սցենարով: Բացի դրանից, պրն Մինասյանը սուտ պնդումներ է անում, թե իբր նամակով ՀԱՊԿ-ին դիմելու առաջարկ է եղել։

Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից նշյալ գրության հիման վրա իրականացվել են համապատասխան աշխատանքներ՝ շտաբային վարժանքին ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ: Հարկ է հավելել, որ ըստ կարգի ԱԽ գրասենյակը Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությանը ներգրավել է վերոնշյալ թեմայով շտաբային վարժանքներում, որը կայացել է հեռավար եղանակով՝ տեսակոնֆերանսի միջոցով»:

Պատերազմը վարում է պետությունը, և չնայած «Շանթ-2018-ը» էապես զիջում էր, օրինակ, «Շանթ-2015-ին», ամեն դեպքում, Շանթ-2018»-ի ժամանակ խաղարկված սցենարները մենք տեսանք 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում, այլ հարց է՝ որքանով ՀՀ իշխանությունները իրականություն դարձրեցին մեզանից պահանջվող հակաքայլերը:

Մասնավորապես, ըստ «Շանթ-2018»-ի սցենարի, փորձ էր արվում նախապատրաստել այլ զորքերի ներգրավումը երկրի պաշտպանությանը, քանի որ Թուրքիայի սահմանից փախստականների խումբ է ներխուժել, որոնց մեջ կան ահաբեկիչներ, որոնց որոնում են:

Հավելենք, որ 2020-ի պատերազմից առաջ նախատեսված էր Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 16-20-ը ՀՀ տարածքում անցկացնել «Շանթ-2020» զորավարժությունը, արդեն 2021-ին Հայաստանում անցկացվում է «ԳՌՈՄ-2021» զորավարժությունը՝ ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման ու ձևավորման մարմինների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների պլանի համաձայն:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք պատերազմից առաջ մեծամասշտաբ զորավարժություններ, ինչպես նախկինում, չեն անցկացվել: Իսկ պատերազմից հետո, այս տեսանկյունից պատկերը շատ ավելի տխուր է: Այն դեպքում, երբ զորավարժությունները կարևոր դեր ունեն բանակի մարտունակության բարձրացման հարցում: Սա շատ լավ հասկացել են Ադրբեջանը և Թուրքիան, բավական է հիշեցնել, որ միայն 2022 թվականին 12 համատեղ զորավարժություն են անցկացրել, 2023-ին այս թիվը կարող է ավելանալ:

Ավելին, օրերս Ալիևը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ 44-օրյա պատերազմից հետո իրենց գլխավոր խնդիրն է եղել՝ ամրապնդել պատերազմում տարած հաղթանակը, այդ թվում՝ քաղաքական հարթակում, այլապես միջազգային հանրությունը այն չի ընկալի, և իրենք խնդիրներ կունենան: Միաժամանակ, Ադրբեջանը հետպատերազմյան ժամանակահատվածն օգտագործել է՝ Ադրբեջանի բանակը վերածելու թուրքական մոդելի բանակի, գործընթացը դեռ շարունակվում է: Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այս ոլորտում փորձում է բարեփոխում անել կամ բարեփոխումների իմիտացիա ստեղծել: Մինչդեռ, նոր պատերազմի հավանականությունը բավականին մեծ է, ինչը չեն հերքում նաև իրենք: Հասկանալի չէ, թե որն է ՀՀ զինված ուժերի կարողությունները չվերականգնելու նպատակը, գուցե՞ տրամաբանությունը նույնն է, ինչով պայմանավորված մերժվել է ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը ՀՀ-ում՝ կարող է «սադրանք դիտվել թուրք-ադրբեջանական տանդեմի համար»:

Կամ գուցե՝ 2021-ին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հանգիստ չի տալիս.

«Մի քանի օր առաջ տեղեկություններ են ի հայտ եկել այն մասին, որ Հայաստանի դաշնակիցները կրկին ցանկանում են թարմացնել հայկական բանակը, արդիականացնել այն։ Ինչի՞ համար։ Ո՞ւմ դեմ: Պատերազմն ավարտված է։ Եթե ինչ-որ մեկն ապրում է ռևանշիստական գաղափարներով, ապա կտեսնի այս բռունցքը։ Թող չփորձարկեն մեր համբերությունը: Հայկական բանակ այլևս չկա և չպետք է լինի։ Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի մեզ համար սպառնալիք ստեղծվի, կամ ազատագրված տարածքներ վերադարձող մեր քաղաքացիների համար վտանգներ ի հայտ գան»:

Տեսանյութեր

Լրահոս