Ռուսաստանի համար գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ Երևանն ու Բաքուն շատ փոփոխական ու անվստահելի են Ռուսաստանի համար․ վերլուծաբան
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է արել, որը բավականին սուր է ընկալվել Բաքվում։ Նա մասնավորապես նշել է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է մնում, որ Լաչինի միջանցքն արգելափակված է արդեն երեք շաբաթից ավելի` ստեղծելով ծանր հումանիտար իրավիճակ։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը այս ընթացքում կրիտիկական օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անմիջապես վերականգնել մուտքը»,- թվիթերում գրել է ամերիկացի դիվանագետը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն Քարփենթերի հայտարարությունն անարձագանք չի թողել՝ նշելով, թե Քարփենթերը «խաբվել է՝ սուտ լուրեր լսելով շրջափակման և հումանիտար աղետի մասին»։
Ադրբեջանը, իհարկե, արձագանքել է, սակայն Արցախի շրջափակման 27 օրերի ընթացքում եղել են նմանատիպ մի շարք հայտարարություններ, որոնք Ադրբեջանն անտեսել է, հերթական անգամ ապացուցելով միջազգային հանրության՝ Ադրբեջանի հետ կոչերով «խոսելու» անարդյունավետությունը։
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն անդրադառնալով այս և նմանօրինակ կոչերին Լաչինի միջանցքի շրջափակման ֆոնին՝ մեզ հետ զրույցում ասաց, որ Լաչինի միջանցքի շրջափակումից առաջ հստակ հաշվարկներ են արվել, թե միջազգային հանրության որ սուբյեկտն ինչպես է արձագանքելու իրավիճակին, ինչ շահեր են կենտրոնացած ռեգիոնում, ինչի է պատրաստ լինելու միջազգային հանրությունը, ու ինչ իրավիճակում է արվում, այսպես կոչված, ակցիան։
Ըստ նրա, ակնհայտ է, որ եթե այս ամենը տեղի չունենար Ուկրաինայում ՌԴ գործողության ֆոնին, լիովին այլ պատկեր կարելի էր ակնկալել։
«Խոսքը միայն Արևմուտքի հնարավոր քայլերը հաշվարկելու մեջ չէ, այլև Ռուսաստանի, որն այս իրավիճակում ամենաբարդ օղակներից մեկն է թե աշխարհաքաղաքական տեսանկյունից, թե ռեգիոնում, որից նրան ցանկանում են դուրս բերել։ Իսկապես ազդեցիկ դերակատարություն կարող են ունենալ պատժամիջոցները, սակայն մենք գիտենք, թե ԱՄՆ-ը պատժամիջոցներ երբ է կիրառում և ում դեմ, միմիայն իր աշխարհաքաղաքական թշնամիների, իսկ այսօր այդ ամենը կենտրոնացած է Ռուսաստանի ու Իրանի ուղղությամբ, և այստեղ Ադրբեջանը ԱՄՆ-ի համար գործընկեր երկիր է։ Իրավիճակի արագ հանգուցալուծման օգտին չէ նաև այն, թե ինչ մենք ունենք աշխարհակարգի առումով, նախկին աշխարհակարգը՝ իր բոլոր օրենքներով, կանոններով, ազդեցության գործիքներով, փլվել է, որին փոխարինելու չի եկել նոր աշխարհակարգը, այն դեռ ձևավորման փուլում է։ Իսկ այս փուլում ազդեցության միջազգային որևէ մեխանիզմ ձևավորված չէ։ Ուստի կոչերը բացարձակ որևէ հարց չեն լուծում։ Ես ուշադրություն կհրավիրեի նաև կոչին, որն ուղղված է Ռուսաստանին։ Բնականաբար, Արևմուտքի կողմից էլ ավելի են խտացվում գույները և ՌԴ պատասխանատվությունը, որպեսզի խաղաղապահ առաքելությունն օր առաջ լքի ԼՂ-ն կամ վերջնականապես հեղինակազրկվի, չկարողանալով իրականացնել իր գլխավոր՝ անվտանգություն ապահովելու գործառույթը»,- ասաց նա։
Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը գտնում է, որ ՌԴ-ն առաջին հերթին պատասխանատվություն ունի ԼՂ բնակչության առջև։
«Գտնում եմ, որ պետք է խնդիրը շատ ավելի վաղ փուլում լուծվեր։ Սակայն ակնհայտորեն կան խնդիրներ Ռուսաստանի համար, և գլխավորը, ըստ իս, այն է, որ կողմերը շատ փոփոխական ու անվստահելի են Ռուսաստանի համար, ժամանակ առ ժամանակ թեքվում են նաև դեպի Արևմուտք, բանակցում են, ապա չեղարկում բանակցությունները, պայմանավորվածությունները, վերադառնում ուժային մեթոդների, ինչպիսին կարելի է նաև միջանցքի շրջափակումը համարել, անընդհատ ռազմական լարվածությունները։
Այս ֆոնին Ռուսաստանն ավելի զգույշ դիրքավորում է ընդունել, ելնելով իր աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային շահերից։ Ռուսաստանի գլխավոր խնդիրն այսօր Ուկրաինայում է, իսկ Արևմուտքն ամենուր փորձում է, օգտագործելով ՌԴ իրավիճակը՝ կրճատել ՌԴ ազդեցությունը, և ներկայիս իրավիճակն այնքանով է բարդ, որ ՌԴ համարձակ ցանկացած քայլ կարող է օգտագործվել կամ Երևանի, կամ Բաքվի կողմից։ Մոսկվան նման հնարավորություն տալ երևի թե չի ցանկանում»,- ասաց նա։