Մահացել է Ալեքսեյ Մալաշենկոն
«Ցավալի լուր ստացվեց երեկ երեկոյան։ Մահացել է Ալեքսեյ Վսևոլոդովիչ Մալաշենկոն»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ ընդգծելով, որ Մալաշենկոն փայլուն հետազոտող էր։
«Նրա «Հյուսիսային Կովկասի իսլամական ուղենիշները», «Իսլամը Ռուսաստանի համար», «Ռամզան Կադիրով. ռուս քաղաքական գործիչ՝ ազգությամբ կովկասցի», «Հարավի ժամանակը» գրքերը կմնան ռուսական արևելագիտության ոսկե ֆոնդում։ Նա կարողանում էր շատ պարզ գրել շատ բարդ բաների մասին։ Միևնույն ժամանակ, սկզբունքային և խելացի:
Ալեքսեյը համակրելի անձնավորություն էր՝ զուրկ որևէ մեծամտությունից։ Չնայած տարիքային որոշակի տարբերությանը, նա շատ արագ առաջարկեց անցնել «դու»-ի։ Կարող էր առանց որևէ ավելորդության վերցնել իմ տեքստերից որևէ մեկը, արժեքավոր մեկնաբանություն անել, ուղղակի խոսել ցանկացած գիտական, փորձագիտական և մարդկային թեմաների շուրջ»,- գրել է Մարկեդոնովը՝ հավելելով, որ սա հսկայական կորուստ է, «Ալեքսեյին շատ կկարոտեն բոլորը, ովքեր ժամանակին զբաղվել են Կովկասի և իսլամական արևելքի ուսումնասիրությամբ»:
Նշենք, որ 168․am-ը ևս Լեռնային Ղարաբաղի հակամարտության, հայ-ռուսական հարաբերությունների, մերձավորարևելյան զարգացումների թեմաներով գրեթե ամենշաբաթյա ռեժիմով հարցազրույցներ է ունեցել Ալեքսեյ Մալաշենկոյի հետ։
168․am-ի խմբագրակազմը ցավակցում է հեղինակավոր վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոյի մահվան կապակցությամբ։