«Էս 2 օրը դվիժենի կա շուկայում, մարդիկ կանաչի են առնում, չոր-չոր բաներ, բանկա-մանկա, մեկ էլ միս, շատը տեղական միսն է»․ շրջափակված Արցախում մարդիկ Ամանորի են պատրաստվում

Շուրջ 3 շաբաթ շրջափակման մեջ գտնվող Արցախում մարդիկ Ամանորին են պատրաստվում։ Ստեփանակերտի բնակիչ Դոնարա Գասպարյանը, որ 30 տարուց ավելի մայրաքաղաք Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց է պատրաստում-վաճառում, այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ի տարբերություն թշնամու կողմից ճանապարհը փակելու առաջին օրերի, արդեն 2 օր է՝ շուկայում կրկին աշխուժություն է նկատվում։

«Այս պահին էլի շուկայում եմ, աշխատում ենք՝ ժենգյալով հաց ենք պատրաստում։ Կանաչի չկա, շատ քիչ ա, համարյա վերջացնում ենք՝ գնանք տուն։ Առաջ 100-150 հատ ժենգյալով հաց էինք պատրաստում, որ պրազդնիկ է եղել՝ 200-250 հատ էինք սարքում, բայց հիմա հազիվ 80 հատ ենք սարքում։

Ճանապարհը փակելուց հետո շուկա մտնող չկար, շատ քիչ էր, բայց էս 2 օրը հեն ա դվիժենի կա շուկայում, մարդիկ մտնում-դուրս են գալիս։ Հիմնականում կանաչի են առնում, չոր-չոր բաներ, բանկա-մանկա, մեկ էլ միս, շատը տեղական միսն է»։

Կարդացեք նաև

Մարդկանց տրամադրությունն ինչպե՞ս է՝ հարցրեցինք տիկին Դոնարային։

«Դե, տարբեր։ Մարդ կա՝ պատրաստվում է Ամանորին, մարդ կա՝ ասում է՝ ի՞նչ պրազդնիկ, սաղ փակ է, ոչ մի բան չկա խանութներում, ի՞նչ Նոր տարի։ Բայց մեկ է՝ մարդիկ գալիս են շուկա, խորովածի են պատրաստվում, միս-բան են տանում։ Գյուղերից մորթել-բերել են՝ խոզ, տավար, ամեն ինչ կա, միսը շատ է»։

Տիկին Դոնարային հարցրեցինք՝ մսի գինը նո՞ւյնն է, թե՞ թանկացել է․

«Չէ, թանկացել է, տավարի միսը 3500 դրամ է, իսկ խոզինը՝ 4000»։

Ամփոփելով զրույցը, տիկին Դոնարան ասաց, որ միակ ցանկությունը խաղաղ երկրում ապրելն է, ուզում է՝ ճանապարհը րոպե առաջ բացվի, որպեսզի շրջափակման տարբեր կողմերում հայտնված ընտանիքները միավորվեն և Ամանորը միասին դիմավորեն․

«Ցանկանում եմ՝ մեր դուռը շուտ բացվի, երեխաս գա տուն, ուժէ խոխեքը կարոտել են, ինձ հետ աշխատող Արմինեն ուզում է «Եռաբլուր»՝ որդու շիրիմին գնա, բայց կարողանում չի, ու այդպես բազմաթիվ ընտանիքներ, հատե տի ա։ Խաղաղություն եմ ցանկանում, տեսնենք՝ այս մի տարին մեզ համար ոնց կլինի․․․»։

Տեսանյութեր

Լրահոս