«Արևմուտքին պետք է, որ միջանցքը լինի թուրքական վերահսկողության տակ, և դա գործի Իրանի և ՌԴ-ի դեմ: Սա է ամբողջ խաղը». քաղաքագետ
19 օր շարունակ Արցախն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ: Ասել է թե՝ Ադրբեջանը՝ Թուրքիայի համերաշխությամբ, այս կերպ փորձում է իրականություն դարձնել իր խոստումը ու արդեն գետնի վրա հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» միջև։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «միջանցքների» միջև զուգահեռներ տանելու փորձերին՝ նկատեց. «Ըստ էության, Արցախի բնակչությունը հիմա պատանդի կարգավիճակում է, քանի որ Լաչինի միջանցքը գոյության ճանապարհ է: Սակայն դա ստիպման եղանակ է, որպեսզի ՀՀ-ն բացի Սյունիքի միջանցքը, որն ադրբեջանցիներն անվանում են Զանգեզուրի միջանցք:
Պետք է լավ հասկանանք՝ ինչ է նշանակում միջանցք. հայկական վերահսկողությունից դուրս տարածք, որտեղ ազատ բեռների, իսկ գուցե ապագայում՝ նաև ռազմական ուժի տեղաշարժեր պետք է կատարվեն, այսինքն՝ ըստ էության, ՀՀ-ն չվերահսկվող տարածք է, որը հետագայում վերածվելու է ոչ հայկական տարածքի արդեն դե յուրե»:
Միջանցքը բացելու հարցում ՀՀ իշխանությունների անելիքների և իշխանական շրջանակներից ՌԴ հասցեին հնչող մեղադրանքների մասին մեր հարցադրումներին ի պատասխան՝ քաղաքագետը խոսեց այս պահին առկա քաղաքական իրավիճակի մասին:
«Ըստ երևույթին, ՌԴ-ի հաշվարկն այն է, որ կամ՝ Սյունիքի միջանցքը տրվելու է թուրքերին, կամ՝ ռուսական վերահսկողությանը, և ՌԴ-ն, հաշվի առնելով իրավիճակն Ուկրաինայի հետ, ինչ-որ կոմպրոմիսների է գնալու: Կա Իրան, որն ընդհանրապես այդ ճանապարհին դեմ է: Այժմ ՀՀ քաղաքականությունը ո՞րն է. եթե կարծում են, որ Արևմուտքը գալու է և թույլ չի տալու, որ այդ միջանցքը թուրքերը բռնի ուժով բացեն, սխալ հաշվարկներ են։ Ճիշտ հակառակը՝ Արևմուտքին պետք է, որ միջանցքը լինի թուրքական վերահսկողության տակ, և դա գործի Իրանի և ՌԴ-ի դեմ: Սա է ամբողջ խաղը:
Թե Հայաստանն ինչո՞ւ է ՌԴ-ին մեղադրում՝ գուցե մեղադրելու շատ պատճառներ ունի, որովհետև ռուսներն էլ են ստիպում բացել այդ միջանցքը, բայց հարցն այն է, թե այլընտրանքը ո՞րն է. արդյո՞ք ՀՀ քաղաքականությունն արդեն այն վեկտորով չի գնում և ունի ինչ-որ պայմանավորվածություններ, որ թուրքական վերահսկողություն ապահովի: Այստեղ արդեն այլ հարցեր են բացվում»,- մանրամասնեց Ստեփան Դանիելյանը: