Ադրբեջանը փորձում է լրացուցիչ ռեսուրսների հափշտակմամբ զբաղվել. ուզում է Մարտակերտը վերցնել. տնտեսագետ

Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Ստեփանակերտ–Գորիս մայրուղու շրջափակումը շարունակվում է: Էկոակտիվիստ ներկայացող ուղղորդված խմբակը նշում է, թե իբր ցանկանում են բնապահպանական նպատակներով մոնիտորինգ իրականացնել Կաշենի հանքավայրում:

Իհարկե, ադրբեջանական այս սցենարի տնտեսական ու քաղաքական ենթատեքստերի մասին մեկ անգամ չէ խոսվել. սրանով Ադրբեջանն ուզում է հայաթափել Արցախը, զրկել Արցախը տնտեսական ռեսուրսներից:

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը հիշեցրեց՝ 2020 թվականի պատերազմից հետո կապիտուլյացիայի փաստաթղթով հայկական կողմը կորցրեց Արցախի տարածքում գտնվող 37 հէկ-ից 31-ը, իսկ 17 հանքից՝ 15-ը:

«Այժմ Ադրբեջանը փորձում է լրացուցիչ ռեսուրսների հափշտակմամբ զբաղվել: Այսպիսով, ունենք տնտեսական լուրջ կորուստներ, այսինքն՝ Ադրբեջանը սկսեց գրավել Հայաստանի և Արցախի բնական պաշարները և հիմա ուզում է հափշտակել ևս երկու հանք՝ Կաշենի և Դրմբոնի հանքերը: Այդ ցանկությունը պարզ արտահայտված է. այսինքն՝ այդտեղ ոչ թե էկոլոգիայի հարցն է, այլ բնական պաշարների և նաև՝ սուվերենության ու տարածքային անձեռնմխելիության, որովհետև Ադրբեջանն ուզում է Մարտակերտը վերցնել»,- պարզաբանեց նա:

Կարդացեք նաև

Ի դեպ, Հրանտ Միքայելյանը նկատեց, որ ինչպես պատերազմի կորուստները, այնպես էլ՝ շրջափակման տնտեսական հետևանքներն ուղղակի անդրադառնալու են ՀՀ տնտեսության վրա:

Ըստ նրա՝ այս տարի այդ հետևանքները զգալի չեն լինի՝ հաշվի առնելով օտարերկրյա ներհոսքը, սակայն հետագայում դա աննկատ չի անցնի:

«ՀՀ արտահանման մաս է կազմում նաև Արցախի արտահանումը: Ու թեև այս տարի գնաճով պայմանավորված՝ Արցախի տնտեսական իրավիճակը համեմատաբար կայունացել էր նախորդ տարվա համեմատ, սակայն Ադրբեջանը, նայելով այդ ամենին, ուզում է տիրել հայկական բնական պաշարներին և հայերի հաշվին տնտեսական դիվերսիֆիկացիա իրականացնել, որովհետև հասկանում ենք՝ Ադրբեջանում տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ, ամբողջությամբ կախված է նավթից և գազից: Իսկ այդ ամենի գլխավոր նպատակը, իհարկե, Արցախի բնակչությանը վռնդելն է, ինչը պետք է թույլ չտրվի»,- մանրամասնեց տնտեսագետը:

Նշենք՝ Դրմբոն ու Կաշեն հանքավայրերը շահագործել ու շահագործում է արցախյան «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն: Ադրբեջանական կողմը, սակայն, այս ամենի մասին ունի իր մտացածին պատկերացումները. հուլիսի 5-ին Ադրբեջանը հերթական պայմանագրով բրիտանական ընկերությանն է հանձնել հանքարդյունաբերական գործունեության 3 նոր տարածք, որոնցից մեկը համընկնում է Արցախի Մարտակերտի շրջանի արևելյան հատվածին, որտեղ գտնվում է Կաշենի հանքավայրը:

 

Տեսանյութեր

Լրահոս