«Պատերազմը, այսպես թե այնպես, լինելու է. ՀՀ-ն շարունակելու է մնալ այդ ռազմական ագրեսիայի օբյե՞կտ, թե՞ ագրեսիան հակադարձող». ադրբեջանագետ
Հակառակ միջազգային տարբեր կառույցների ու դերակատարների կոչերի ու հայտարարությունների՝ Ադրբեջանը 15 օր շարունակ փակ է պահում Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը:
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը կարծում է, որ հարցն ունի բացառապես ուժային լուծում, քանի որ, նրա համոզմամբ՝ միայն արժանի հակահարվածի դեպքում Ադրբեջանը կզսպի իր ախորժակն ու նկրտումները:
«Վերջինի մասին մենք կարող ենք դատել Ալիևի՝ դեկտեմբերի 24-ի ելույթից ևս, երբ նա բացեիբաց ասում էր, թե Արցախը հետ ենք բերել, և օրը կգա, երբ իրենց հավաքը կանեն Արևմտյան Ադրբեջանում (ի դեպ, այդ ձևակերպման տակ ՀՀ տարածքն է)՝ հայկական Սյունիքում:
Այսինքն՝ ցույց է տալիս, որ նա կանգ առնելու մտադրություն չունի և գնալով լայնացնելու է իր ագրեսիայի աշխարհագրությունը, և ոչ մի միջազգային հանրություն, բանաձև, բանակցություն, մարդասիրական կոչեր չեն կարող նրան հետ կանգնեցնել իր ծրագրերից: Ադրբեջանը մտադրված է ոչնչացնել Հայաստանը, ինչը չի թաքցնում, իսկ դա կանխելու միակ ձևը պայքարելն է, և նրանց հետ մտցնել այն բունը, որտեղից դուրս են եկել:
Պատերազմը, այսպես թե այնպես, լինելու է. այժմ հարցն այն է՝ ՀՀ-ն շարունակելու է մնալ այդ ռազմական ագրեսիայի օբյե՞կտ, թե՞ ագրեսիան հակադարձող»,- մանրամասնեց ադրբեջանագետը:
Նա ցավով արձանագրեց, որ Հայաստանում առկա իշխանությունների պարագայում չպետք է բացառել Բերձորի միջանցքի հարցի ադրբեջանանպաստ լուծումը:
«Այսինքն՝ մաքսատուն կդրվի, ադրբեջանցիներն իրավունք կստանան զննել Արցախ ելումուտ անող մեքենաները, անձանց, և այլն. այն, ինչ տեղի էր ունեցել 1991 թվականին, և որը բերեց-հանգեցրեց պատերազմի»,- նկատեց Արմինե Ադիբեկյանը:
Հարցադրմանը՝ արդյո՞ք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ՀՀ-ին հնարավորություն տալիս է ուժային միջամտութուն ցուցաբերել Լաչինի միջանցքում, ադրբեջանագետը պատասխանեց.
«Եռակողմ համաձայնագիր. այս պահին երեք կողմերից ոչ մեկը և հատկապես Ադրբեջանը չի կատարել այդ համաձայնագրի ոչ մի կետ՝ պահանջելով ՀՀ-ից այն, ինչ ներառված չէ այդ համաձայնագրում: Այդ պատճառով ինձ համար այդ համաձայնագիրը, ինչպես մնացյալ բոլոր փաստաթղթերը, որոնց տակ դրված է Իլհամ Ալիևի ստորագրությունը, բացարձակապես ոչ մի ուժ չունեն. Ալիևը երբևիցե իր ստորագրած փաստաթղթին չի հետևել: Այդ փաստաթուղթը չունի ո՛չ գին, ո՛չ արժեք, ո՛չ էլ ուժ»:
Ի դեպ, Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովից Արմինե Ադիբեկյանն ակնկալիքներ չունի՝ հիշեցնելով, որ այդ վեհաժողովի շրջանակներում որևէ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ:
«Դա ընդամենը Նոր տարվա կորպորատիվ է»,- հակիրճ նկատեց ադրբեջանագետը: