«Այսքանից ավելի դավաճան ինչպե՞ս կարող են լինել». Հովիկ Ասմարյան
«Հանրահավաքը հույս տվեց բոլորին, որ գոնե Արցախում տակավին ունենք միասնություն: Դա կարծեք վերածնունդ էր բոլորիս համար 2020 թվականի պատերազմից հետո»,- 168.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական հանրահավաքի մասին իր տպավորությունները նշեց Արցախում հաստատված սիրիահայ Հովիկ Ասմարյանը:
Հիշեցնենք, որ 168.am-ը պատերազմի օրերին անդրադարձել էր Ասմարյանների ընտանիքին, որոնք անգամ հրթիռակոծությունների տակ բաց էին պահում «Սամրա» ընտանեկան ռեստորանը, հյուրասիրում, հյուրընկալում Արցախ մեկնող կամավորականներին, սնունդ հասցնում ապաստարաններ:
Հովիկ Ասմարյանը կարծում է, որ շրջափակումն ինքնին գլխավոր խնդիրը չէ.
«Հարցը նրանում է, որ ՀՀ իշխանությունները դուռ են բացել Ադրբեջանի առջև, որ ուզած ժամանակ, որևէ մեկ պատրվակի տակ կամ գազն անջատեն, կամ ճանապարհը փակեն…:
Եվ այդ բոլոր խաղաթղթերը ՀՀ–ն հանձնեց Ադրբեջանին. հանձնե՛ց, ոչ թե իրենք ստացան: Դա Լաչինի միջանցքն էր, Աղավնոյի հանձնումն էր, Քարվաճառի հանձնումն էր, և այլն: Դրա համար ինձ անձամբ այս շրջափակումն այնքան չի մտահոգում, ինչքան հետոն՝ հետո ի՞նչ պետք է սպասել»:
Մեր զրուցակիցն այս պահին միակ ելքը համարում է Հայաստանում իշխանափոխությունը՝ շեշտելով, որ որևէ լուծում չպետք է ակնկալել, քանի դեռ «այն խումբը, որ բերեց Արցախ, Հայաստան այս իրավիճակին», իշխում է: Ըստ նրա՝ նոր անձերի հետ նոր լուծումների հույսեր ունեն միայն:
Արցախում հաստատված սփյուռքահայը նսեմացուցիչ է համարում, երբ հայերն այս ու այն կոչով են միավորվում հանուն Արցախի:
«Ես ամաչում եմ, երբ Հայաստանի մտավորականները կամ արտիստները կոչ են անում ժողովրդին, որ հավաքվեն, ամո՛թ է. արդյոք կո՞չ է պետք, որ հավաքվեն, արդյո՞ք կոչ եղավ երիտասարդներին, որ՝ եկե՛ք պատերազմի, թե՞ իրենք կամավոր եկան,- պարզաբանեց Հովիկ Ասմարյանը՝ նկատելով, որ մի օր առանց կոչերի համախմբման ականատես կլինենք դարձյալ, եթե ՀՀ իշխանությունները փոխվեն,- Այնքան ժամանակ, որ Փաշինյանը և իր խումբն իշխանության վրա են, համախմբում չի կարող լինի. անկարելի է, որովհետև մի խումբ կա, որը բացարձակապես ոչինչ չի անում ի նպաստ Արցախի, իսկ մյուս խումբն ուզում է մի բան անել, բայց չի կարողանում, քանի որ իշխանություն չունի:
Ու եթե վաղը ապաշրջափակումը լինի, իշխանությունները կասեն՝ տեսեք, մեր դիվանագիտությամբ, ճնշումներով…, իսկ իրենք իրականում ոչինչ չարեցին, և ոչ միայն չարեցին, այլև վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի խայտառակ արտահայտությունը Ֆեյսբուքում առիթ տվեց ադրբեջանցիներին, որպեսզի խոսեն: Որովհետև անցյալ հանրահավաքը, որ եղավ, ադրբեջանցիներն ասում էին՝ Հայաստանից ավտոբուսով մարդ են բերել, իսկ հիմա ճանապարհները փակ են, և փաստացի որևէ պատրվակ չէին կարող գտնել, սակայն Աննա Հակոբյանը հեշտությամբ տվեց այդ պատրվակը. հայտարարեց, որ երեխաներին են օգտագործում. այսինքն՝ այսքանից ավելի դավաճան ինչպե՞ս կարող են լինել»:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում երեկ կայացավ բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք. արդեն երկու շաբաթ շրջափակման մեջ գտնվող արցախցիները պահանջում են, որ Ադրբեջանը բացի Արցախի «կյանքի ճանապարհը»:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն առավոտյան ուղիղ եթերում դիմել էր Արցախի բնակիչներին հորդորով՝ մասնակցել այս հանրահավաքին, իսկ արդեն հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարել էր.
««Իմ գիտելիքը, իմ անունը, իմ կապերը, իմ ունեցվածքը, ամեն ինչ տալու եմ Արցախի անկախության և հաջողության համար։ Եկեք հրաշքի չսպասենք, հրաշք չի լինելու։ Մեզ սպասում է շատ ծանր ճանապարհ։ Ես չեմ ուզում ձեզ հույս տամ, որ ամեն ինչ հեշտ է լինելու։ Եվ քրտինք է լինելու, և արյուն է թափվելու։ Շատ աշխատանք է պահանջվելու»: