«Եթե ուզում ես վճռական հաղթանակ բերել, պետք է մասնակցես». Թիկունքի զինվորը՝ Ստեփանակերտում հաստատված հալեպահայ Հովիկ Ասմարյանը

Ստեփանակերտում հրթիռակոծությունների տակ իր դռները բաց է պահում  «Սամրա» ընտանեկան ռեստորանը, հյուրասիրում, հյուրընկալում այսօր մեկ առաքելությամբ Արցախ մեկնողներին:

«Սամրա»-ն երկու տարի առաջ հիմնել են 2012 թվականից Սիրիայից Արցախ տեղափոխված Ասմարյանները:

Պատերազմի առաջին օրերին Հովիկ ու Իզաբել Ասմարյան ամուսիններն անգամ իրենք են սնունդ հասցրել թաքստոցներում պատսպարվող ընտանիքներին:

Ու թեև խաղաղ բնակչության հրթիռակոծությունից օրեր անց Արցախից ճանապարհել են իրենց երեք անչափահաս երեխաներին, և օրեր առաջ Երևան է եկել նաև Իզաբելը՝ առողջական խնդիրների պատճառով, սակայն Հովիկ Ասմարյանը ռեստորանի դուռը չի փակում ու շարունակում է կամավոր աշխատանքը:

«Տիկինս գնաց Երևան բուժվելու, բայց շուտով պիտի գա: Ես շարունակում եմ աշխատանքս»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հովիկ Ասմարյանը:

Հարցին, թե երբեք մտքով չի՞ անցել հեռանալ Արցախից կամ երբևէ չի՞ ափսոսել որոշման համար, որ եկել է Արցախ՝ իմանալով, որ ամեն վայրկյան կարող է այստեղ էլ պատերազմ սկսվել՝ նա պատասխանում է.

«Չէ, չի անցել, ոչ էլ կանցնի: Հայ եմ ու  Արցախի պատմությունը շատ լավ գիտեմ սկզբից մինչև վերջ: Երբ եկա, շատ լավ գիտեի՝ ուր եմ գալիս, ու գիտեի, որ այստեղ ինչ-որ մի օր կարող է և պատերազմ լինել: Եվ փափագում էի էստեղ լինել, եթե մի օր այդ պատրազմը սկսվի՝ որպես ամուր թիկունք, որպես ինչ-որ պետք է»:

Նա վստահորեն նշում է, որ իր երեխաների ապագան ևս այստեղ է պատկերացնում:  Մեր զրուցակիցը վերջում դիմեց նաև բոլորիս՝ միանալ թիկունքի աշխատանքներին՝ հնարավորության դեպքում հենց Արցախում. «Հեռուստացույցի առջև նստած՝ դու չես կարող պատերազմի մասնակից դառնալ. եթե ուզում ես վճռական հաղթանակ բերել, պետք է մասնակցես, մասնակցես՝ ոչ միայն զենք կրելով, այլև՝ տարբեր տեսակի գործերով: Թիկունքի աշխատանքներն էլ  շատ են»:

Տեսանյութեր

Լրահոս