Կեղտոտ գործարք Արցախի շուրջ․ կարգավիճակ՝ կարգավիճակի դիմաց
Արցախի հարցում «նշաձողն իջեցնելու» մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունն առանցքային նշանակություն ուներ և ունի այն ամենայնում, ինչ կատարվում է Արցախի հետ։ Մինչ այդ մասին հայտարարելն էլ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն իրականացնում էր «նշաձողի իջեցման» քաղաքականություն, բայց այս տարվա գարնանից հետո նա սկսեց այդ հարցում խաղալ բաց։
Երևի պատվերն էր այդպիսին։ Այդ հայտարարությանը նախորդած, բայց հատկապես հաջորդած բոլոր իրադարձությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի հետ կապված ամեն ինչում նշաձողն իջեցնելու հարցում նախանձախնդիր է ճիշտ այնքան, որքան սեփական իշխանությունը պահպանելու գործում։ Դա պատահական չէր ու չէ՛, որովհետև նշաձողի իջեցման ընթացքը հակադարձ համեմատական է իշխանությունը պահպանելու հարցում Նիկոլ Փաշինյանի հաջողությունների հետ։
Իրականում Արցախի հարցում նշաձողը Հայաստանը ոչ թե իջեցրել է, այլ ուղղակի վերացրել է։ Հիմա նշաձող՝ որպես այդպիսին, գոյություն չունի։ Այլևս նշաձողը վերափոխվել է նշանակետի՝ վերջնականապես հրաժարվել Արցախից։ Այդ նշանակետին հասնելու համար Նիկոլ Փաշինյանը չի խնայում ոչինչ, որովհետև հակառակը կարող է արժենալ իշխանություն։
Նշաձողի վերացման պատկերավոր օրինակները չափազանց շատ են, մեկը մյուսից խոսուն ու ողբերգական։
Նախկինում Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններում ու միջազգային հանրության հետ հարաբերություններում պայքարում էր Արցախի կարգավիճակի համար, բանակցություններ էին ընթանում կարճաժամկետ, միջանկյալ և երկարաժամետ կարգավիճակի շուրջ, այդ նպատակով Ստեփանակերտ էին այցելում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները, աշխարհի ամենատարբեր երկրների պատգամավորներ, քաղաքական գործիչներ։ 44-օրյա պատերազմից հետո, սակայն, Արցախի խնդիրները կարգավիճակային հարթությունից գահավիժել են հումանիտար մակարդակ։
Եթե նախկինում դիվանագիտական հաղթանակ էր համարվում որևէ միջազգային կազմակերպության հայտարարությունն Արցախի կարգավիճակի վերաբերյալ, այսօր դիվանագիտական հաղթանակ է հորջորջվում այդ նույն կազմակերպությունների կողմից Լաչինի միջանցքը բացելու մասին եթերային կոչերի հնչեցումը։
Եթե նախկինում հաջողություն էր համարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը Ստեփանակերտ, ապա այսօր հաղթանակ է որակվում Արցախի նախագահի մուտքն իր իսկ ղեկավարած երկիր, այն էլ՝ մի քանի օր սպասելուց հետո։
Եթե նախկինում Արցախ էին այցելում ամենատարբեր երկրների պատգամավորներ, ապա այսօր Արցախ չեն կարողանում մուտք գործել այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները։
Այս խայտառակ իրավիճակն արդարացնելու հարցում Նիկոլ Փաշինյանը, իհարկե, հղում է անում պատերազմին։ Այո, պատերազմից հետո Հայաստանն ու Արցախը թուլացել էին ու են, բայց նույնիսկ այդ դեպքում ակնհայտ էր, որ պատերազմում պարտությունից ավելի մեծ պարտություն էր լինելու Արցախի կարգավիճակից հրաժարումը։ Բայց Նիկոլ Փաշինյանը գնաց հենց այդ ճանապարհով՝ անհեթեթորեն հայտարարելով, թե այլևս ոչ թե Արցախի կարգավիճակից են բխեցնում արցախցիների անվտանգությունն ու իրավունքները, այլ հակառակը՝ վերջինների պաշտպանությանը հասնելն են համարում գերնպատակ, թեկուզ և առանց կարգավիճակի։
Գրոտեսկային արտահայտությամբ՝ այդպիսով Նիկոլ Փաշինյանը որդեգրեց քաղաքականություն, որ իր համար կարևոր է ոչ թե ստրուկին ստրկությունից ազատելը, այլ նրան ժամանակին կերակրելը։ Դա, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի համար աշխարհայացքային, մտածողության արատ է, որով նա հիմա առաջ է տանում նաև Հայաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններում։ Կարևորը նրա համար ճանապարհների բացումն է ու դրանից ակնկալվող տեսական եկամուտները, որոնք կարող են ավելացնել փողը Հայաստանում․ ի՞նչ գնով՝ Նիկոլ Փաշինյանին առանձնապես չի հուզում։
Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է այն սկզբունքով, որ փողը կարող է ոչ միայն հայրենիք, այլ նաև արժանապատվություն չունենալ։
Արցախի կարգավիճակի համար պայքարից հրաժարվելը, սակայն, Նիկոլ Փաշինյանի դեպքում ունի նաև խիստ անձնական բացատրություն։ Արցախի կարգավիճակի հետապնդումից հրաժարումը, լայն իմաստով, աշխարհաքաղաքական կոնսենսուսի առարկա էր, այն նույն կոնսենսուսի, որի շնորհիվ Նիկոլ Փաշինյանը պահպանեց իշխանությունը։ Դեմ գնալ այդ կոնսենսուսին և շարունակել հետամուտ լինել Արցախի կարգավիճակի խնդրին, նշանակում էր վտանգել նաև սեփական իշխանության շուրջ կոնսենսուսը։ Եվ Նիկոլ Փաշինյանը գնաց կեղտոտ գործարքի՝ կարգավիճակների փոխանակության․ Արցախի կարգավիճակի համար պայքարը նա փոխարինեց իշխանության, այսինքն՝ սեփական կարգավիճակի պահպանմամբ։
Ասվածը, իհարկե, չի նշանակում, որ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակեր պայքարել Արցախի կարգավիճակի համար, այն հեշտորեն տրվելու էր։ Ամենևին ոչ։ Բայց այդպիսով պահպանվելու էր Ադրբեջանի կազմից դուրս Արցախի որևէ կարգավիճակ ունենալու գոնե տեսական հնարավորությունը։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, երկու կարգավիճակներից ընտրելով սեփական իշխանությունը՝ ամեն ինչ արեց նախկինում Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու՝ Ալիևի համար տեսական դարձած հնարավորությունը գործնական դարձնելու համար։
Հարություն Ավետիսյան