Հզոր վարչապետի ապտակը Պուտինին, Լավրովը վախից փախավ Բաքու, ծնկաչոք Էրդողանը՝ Փաշինյանի ոտքերի առաջ… լայքեր՝ տարածքների դիմաց
Մոսկվայում Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից, ի թիվս հակահայկական բազմաթիվ այլ նորությունների, պարզ դարձավ, որ Հայաստանը գործնականում հրաժարվել է դիվանագիտությունից՝ այլ երկրների հետ հարաբերվելու գործիքից։
Հայաստանը վերջին պահին չեղարկել է Մոսկվայում նախատեսված արտգործնախարարների հանդիպմանն իր մասնակցությունը։ Ինքնին հրաժարումն արտառոց չէ, թեև, տվյալ դեպքում, Լաչինի միջանցքի փակման պայմաններում, մեղմ ասած՝ խիստ տարակուսելի քայլ է, որովհետև տրամաբանորեն Հայաստանը նման իրավիճակում պետք է օգտագործի բոլոր հնարավոր ու անհնար միջոցները, հարթակներն ու ամբիոնները՝ Արցախում ստեղծված քաղաքական ու հումանիտար ճգնաժամի մասին բարձրաձայնելու համար։
Բայց դա հարցի միայն մի կողմն է։
Պարզվում է՝ Հայաստանն այդ հանդիպումն ընդունող կողմին՝ Ռուսաստանին հանդիպումից հրաժարվելու մասին տեղեկացրել է ոչ թե դիվանագիտական խողովակներով, ինչպես պահանջում է միջպետական հարաբերությունների շուրջ երկուհարյուրամյա ավանդույթն ու արարողակարգը, այլ ԶԼՄ-ներով՝ ԱԳՆ մամուլի հաղորդագրության տեսքով։
Սա չափազանց վտանգավոր իրողություն է և չի կարող որևէ բանական բացատրություն ունենալ։ Խնդիրը շատ ավելի խորքային է և չի սահմանափակվում միայն Լաչինի միջանցքի փակման բերումով Ռուսաստանին դեմարշ հայտարարելու՝ ՀՀ իշխանությունների մտադրությամբ, ինչով արդեն երկու օր է՝ ցնծում է ֆեյսբուքահայությունը։
Անգամ դեմարշը, բոյկոտը կամ որևէ այլ ակցիա պետք է ունենա պատշաճ դիվանագիտական, արարողակարգային ձևակերպում։
Բայց խնդիրը միայն այս դրվագը չէ, այլ այն հայեցակարգային, աշխարհայացքային փնթիությունը, որով առաջնորդվում է Հայաստանի իշխանությունը։
Նիկոլ Փաշինյանի ու նրա ենթակաների համար բոլոր առաջնահերթություններից ավելի կարևոր է հանրային մակերեսային արձագանքը։
Նրանք, պայմանականորեն, իշխանության են եկել Ֆեյսբուքով, որով և շարունակում են ղեկավարել երկիրը։
Նրանց համար կարևորը ոչ թե այս կամ այն երկրի հետ հարաբերությունների ամրապնդումն է, դրանցում հայկական շահի պաշտպանությունը, այլ լայքերի քանակը, որը կարող է ապահովվել որևէ հիմար քայլի արդյունքում։
Մինչդեռ դիվանագիտությունը լուրջ ու անշուխուռ զբաղմունք է։ Իսկական դիվանագիտության արդյունքների մասին տեղյակ են լինում քչերը, այն դեպքում, երբ «ֆեյսբուքյան դիվանագիտությունը» հանրայնացվում է վայրկենապես։
Վերջինը հավաքում է լայքեր և ծառայում է օգտատիրոջը, առաջինը՝ պետությանը։
Սոցցանցում կարելի է զվարճանալ, հարաբերվել ընկերների հետ, ի վերջո՝ աղջիկ կպցնել։ Բայց երբ դիվանագիտությունն է հասցվում «աղջիկ կպցնելու» մակարդակի, կպցնում են դիմացինները, բայց արդեն պետությանը։
Լավրովին կարելի է և, հատկապես երեկվա հայտարարություններից հետո, պետք է գամել անարգանքի սյունին։ Բայց ոչ թե հրապարակավ, այլ այնպես, ինչպես ընդունված է դիվանագիտության մեջ։
Բայց քանի որ Հայաստանը հրաժարվում է անգամ դիվանագիտության դասական, դասագրքային կապուղիներից, մնացածը տեղի է ունենում ուղիղ եթերում։
Հայկական վիրտուալ մարտիկները Լավրովի հետ աներևույթ տարածքում անում են իրենց սրտի ուզածը, այն դեպքում, երբ նաև այդ պատճառով, Լավրովի, Բայրամովի, մնացած բոլորի ներկայացրած երկրների իրական զինվորներն Արցախում անում են այն, ինչ պետք է իրենց պետություններին։
Լայքերը ստանում են Նիկոլ Փաշինյանն ու նրա վիրտուալ գեներալները, իրական զրկանքները կրում են արցախցիները՝ մարդիկ, ովքեր շրջափակման մեջ են հայտնվել նաև այն պատճառով, որ Հայաստանը դասական դիվանագիտության փոխարեն՝ զբաղված է հրապարակային ղալմաղալով։
Հայ-ռուսական հարաբերություններում հիմա առաջացել է լրջագույն ճգնաժամ՝ պայմանավորված՝ ինչպես Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերով, Թուրքիայի, Ադրբեջանի հետ առևտրի մեջ մտնելու իրողությամբ, Ուկրաինայում իրավիճակի պատճառով վերջիններից ունեցած կախվածությամբ և բազմաթիվ այլ գործոններով։
Կարելի է ռուսական կողմի մեղավորության պատճառների շարքը երկար թվարկել, բայց պետք է արձանագրել նաև, որ այդ ճգնաժամում իրենց մեծագույն մեղավորությունն ունեն նաև Հայաստանի իշխանությունները, որոնք ոչ միայն դիվանագիտությունը հասցրել են փողոցային շուլերության մակարդակի, այլ նաև որպես դրա հետևանք՝ այլ երկրների հետ հարաբերվում են մանր ջեբկիրի խորամանկությամբ՝ շաբաթվա կենտ օրերին նետվելով՝ աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի, զույգ օրերին՝ մյուսի գիրկը։ Արդյունքում՝ աշխարհն ու այդ կենտրոնները Հայաստանին վերաբերվում են այնպես, ինչպես շարքային օպերլիազորը՝ ջեբկիրներին․լավագույն դեպքում՝ օգտագործում են, ավելի հաճախ՝ պատժում։
Հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված կա ևս մեկ հայեցակարգային ասպեկտ. արձանագրելով ճգնաժամը՝ նպատակը պետք է լինի հրապարակային տիրույթում այն ավելի խորացնե՞լը, թե՞ այդ ճգնաժամը հաղթահարելու ուղիներ գտնելը, որն արդեն ոչ հրապարակային դաշտի աշխատանք է։
Դատելով վերջին իրադարձություններից, Նիկոլ Փաշինյանն ընտրել է առաջին տարբերակը և անում է ամեն ինչ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը անդառնալիության կետին հասցնելու համար։
Դրա արդյունքում նա կարող է միլիոնավոր հավանումների՝ լայքերի արժանանալ, օրինակ, գլենդելահայության կողմից, իսկ արցախահայերը կարող են ստիպված լինել հավանել այն նոր բնակարանները, որոնք նրանց կառաջարկվեն Արցախից տեղահանվելուց հետո։
Այդպես է լինում, երբ պետությունը կառավարվում է Ֆեյսբուքով։ Ավելանում են կառավարողի լայքերը, պակասում է պետության տարածքը։
Հարություն Ավետիսյան