Ապաքաղաքական քաղաքականություն, ապապետական պետություն
Լաչինի միջանցքը փակ է արդեն ուղիղ 10 օր։ Այդ ընթացքում Երևանում տեղի են ունեցել բազմաթիվ քաղաքացիական, մարդասիրական, մտավորական, ծաղրածուական և այլ բնույթի ակցիաներ, անիմաստորեն փակվել են բազմաթիվ փողոցներ և ավելի անիմաստորեն բացվել են անհամար բերաններ։
Բայց այս ամբողջ 10 օրերի ընթացքում Երևանում տեղի է ունեցել Լաչինի միջանցքի փակման հետ կապված մեկ, ընդամենը ՄԵԿ քաղաքական ակցիա՝ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հրավիրած հանրահավաքը Հանրապետության հրապարակում, որին անձամբ մասնակցում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Այդ հանրահավաքը բազմամարդ չէր, դրանում հնչել են՝ ինչպես պաթոսային, այնպես էլ՝ ստեղծված իրավիճակին խիստ համարժեք ու հիմնավոր-քաղաքական ելույթներ ու գնահատականներ։ Բայց անկախ հնչածների բովանդակությունից, անկախ հանրահավաքի կազմակերպիչների նկատմամբ դրական կամ բացասական վերաբերմունքից, փաստն այն է, որ Արցախի հումանիտար ճգնաժամի հետ կապված Երևանում կայացել է ընդամենը մեկ քաղաքական ակցիա։ Երկրորդը չի եղել։
Սա Հայաստանի քաղաքական, բայց ոչ միայն քաղաքական համակարգի դեգրադացվածության ուղիղ արտահայտությունն է։ Արցախի հարցն ընդհանրապես, Լաչինի միջանցքի փակումը՝ մասնավորապես, քաղաքական, մաքուր քաղաքական խնդիր է, որը կարող է ունենալ միայն, բացառապես քաղաքական լուծում։ Խնդիրը որևէ այլ հարթություն տեղափոխելը ոչ միայն ժամավաճառություն է, այլ որևէ լուծումից ավելի հեռանալու ուղիղ ճանապարհ։ Իսկ դա նշանակում է, որ նորմալ քաղաքական համակարգ և ադեկվատ հասարակություն ունենալու դեպքում անցած տասն օրերին Երևանում պետք է տեղի ունենային տասնյակ, հարյուրավոր քաղաքական մեծ ու փոքր միջոցառումներ, հանրահավաքներ, պիկետներ, երթեր, քաղաքական պայքարի գործիքակազմի բոլոր հնարավոր բաղադրիչները ներառող միջոցառումներ։ Երևանում, սակայն, առերևույթ ակտիվ ակցիաների աղմուկի մեջ, բացի վերը նշված մեկ հանրահավաքից, որևէ այլ քաղաքական ակցիա չի կայացել։
Ավելին, բոլոր մյուս ակցիաների կազմակերպիչներն ու մասնակիցներն իրենց պարտքն են համարում բոլոր հնարավոր տեսախցիկների առաջ արդարանալ, որ իրենց ակցիան ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ է։
Իրականում դա ոչ միայն ուղղակի անհեթեթ, այլ նաև հակաբանական ու հակատրամաբանական է․ քաղաքական խնդիրը չի կարող լուծվել ապաքաղաքական միջոցներով։ Այս իրավիճակի առաջին մեղավորը, իհարկե, քաղաքական ուժերն են, որոնք իրենց անելիքը կատարած են համարում խորհրդարանում մի քանի անկապ ելույթ ունենալով ու սոցցանցերում մի քանի լալահառաչ գրառում կատարելով։ Ավելի լայն իմաստով, սակայն, խնդիրը ոչ միայն քաղաքական, այլ նաև հանրային անհամարժեքության տիրույթում է։ Հասարակությունն է քաղաքականության, քաղաքական բովանդակության պատվիրատուն։ Եթե քաղաքական ուժերը չեն կարողանում կամ չեն ցանկանում իրացնել հանրային պատվերը, հասարակությունը կարող է և պետք է գտնի այդ պատվերն ավելի լավ կատարողների ու քաղաքականապես ձևակերպողների։
Ահա այս տեսանկյունից, որքան էլ ցավալի, այդուհանդերձ անհրաժեշտ է արձանագրել, որ մեր հասարակությունն Արցախը պաշտպանելու, արցախցիների կողքին կանգնելու պատվեր քաղաքական ուժերին չի ներկայացնում, որովհետև ներկայացնելու դեպքում դրա արտահայտման ձևերը կարելի էր գտնել՝ սկսած քաղաքական ուժերին հանրային ճնշման արժանացնելուց՝ մինչև ուղղակի ինքնակազմակերպման միջոցով բողոքի ակցիաների իրականացումն այնպես ու այնքան, որ քաղաքական ուժերը փորձեին տեր կանգնել հանրային պահանջին ու պատվերին։
Մեր հասարակությունը, ահա, նման քաղաքական պատվեր չի իջեցնում, քաղաքական որոշ ուժեր էլ՝ յուրաքանչյուրն իր ճղճիմ դրդապատճառներով, նման օրակարգ գեներացնելու ցանկություն կամ կարողություն չունի։ Արդյունքում քաղաքական պահանջներ են ներկայացնում բոլորը՝ բացի քաղաքականությամբ զբաղվողներից։ Օրինաչափ է, որ քաղաքական հարցերն ապաքաղաքական միջոցներով լուծել փորձող հասարակությունը համակերպվում է ապրել ապապետական պետությունում։
Հարություն Ավետիսյան