Հայաստանն իր անվտանգության երաշխավորը չի կարող լինել, ո՞նց կարող է՝ Արցախի երաշխավորը դառնալ. ՔՊ-ական պատգամավոր

Ազգային ժողովում այսօր լրագրողի հետ առանձնազրույցը Հակոբ Ասլանյանի համար վերածվել է խոստովանության կարգի. իշխանական պատգամավորն անկեղծացել է՝ հայտնելով մտքեր, որոնք ամենևին դուր չէին գա պատեհ-անպատեհ իրենց «ամենակարողությունը» ցուցադրող իշխանություններին:

Հակոբ Ասլանյանն արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ինչու է Հայաստանն իրեն դուրս դնում եռակողմ հայտարարությունից՝ պատասխանատվությունը դնելով միայն ՌԴ-ի վրա, նախ նշել է, թե ՀՀ-ն իրեն դուրս չի դնում եռակողմ հայտարարությունից, այլ ասում է՝ այդ հայտարարությամբ առաջին պատասխանատուն կողմն է, ապա վստահեցրել՝ Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի հարցը դրական լուծվի հօգուտ Արցախի ժողովրդի և հօգուտ հայի:

News.am-ի լրագրողի հստակեցմանը, թե ինչ քայլեր է անում իշխանությունը, նա պատասխանել է. «Բոլոր այն անհրաժեշտ քայլերը՝ և՛ դիվանագիտական, և՛ բանակցային, փորձ է արվում. այս ընթացքում աշխարհի քանի-քանի երկրներին դիմվեց ՀՀ կառավարության կողմից, ՀՀ ԱԺ կողմից, ԱԺ-ն  իր հայտարարության տեքստը հրապարակեց: Մի խոսքով, եթե մենք ուղղակի՝ ոչ թե կողմնապահությամբ, այլ ճշմարտությամբ մոտենանք հարցին, ապա կտեսնենք, որ իսկապես ՀՀ-ն, նրա կառավարությունն ամեն ինչ անում է:

Եվ հետո՝ այս ընդդիմությունը 7 երգ գիտի, 7 էլ այն բանի մասին է, թե՝ դուք երաշխավո՞ր եք, թե՞ ոչ. այդ բառերին են կպել: Սիրելիներս, եթե անկեղծ ասելու լինենք, ՀՀ-ն այսօր դեռևս այդ ծանր պատերազմից այնքան չի կարողացել ոտքի կանգնել (իմիջիայլոց, նաև իրենց գործողությունների պատճառով), որ մենք այնքան ուժեղ զգանք, որ նախևառաջ մեր երկրի անվտանգության երաշխավորը դառնանք:

Եթե մարդն իր անվտանգության երաշխավոր դեռ չի կարողանում կանգնել, ո՞նց կարող է ուրիշի… հանկարծ չնկատեք Արցախը՝ ուրիշ, մեկ այլ երաշխավոր դառնալ:  Նախ պետք է օգնեք, այ չկայացած, ընդդիմություն, նախ օգնեք, որ մենք բոլորս միասին մեր այս երկիրը ոտքի կանգնեցնենք, հետո՝ ոտքի կանգնեցնելուց հետո, կգա ժամանակը՝ այն ժամանակը, երբ մեր ժողովուրդը նորից կցանկանա ընտրություն կատարել»:

Տեսանյութեր

Լրահոս