Ովքեր և ինչպես են վճարել Նիկոլ Փաշինյանին

Արցախի հարցում «նշաձողն իջեցնելու» մասին Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հայտարարեց այս տարվա գարնանը։ Հաջորդած 6-7 ամիսների ընթացքում այդ նշաձողն իջեցվեց այնպես ու այնքան, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ստացավ միայն Հայաստանի 29.8 հազար քառակուսի մետրի պաշտպանության մասին իր հայտարարությունները ներկայացնել՝ որպես հերոսություն։

Հաշված ամիսների ընթացքում ամբողջ իշխանական, մերձիշխանական քաղաքական ու քարոզչական բառամթերքը կենտրոնացավ այդ 29.8 հազար քառակուսի կիլոմետրի վրա։ Եվ որպես դրա շարունակություն՝ Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավոր միջոցներով Ալիևին սկսեց աղերսել ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, ինչը տեղի ունեցավ հոկտեմբերին՝ Պրահայում։

Նիկոլ Փաշինյանն այդպիսով նաև դե յուրե հրաժարվեց Արցախից՝ վերջինիս ճակատագիրը թողնելով Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Եվրամիության․․․ Հայաստանից բացի, բոլորի բարեհաճությանը։

Արցախի ու արցախյան հարցի դուրսբերումը Հայաստանի օրակարգից ու արտաքին քաղաքականությունից նշանակում էր, որ հայկական շահն այլևս իր մեջ չի ներառում Արցախն ու արցախցիների ճակատագրի պաշտպանությունը։ Այդ մասին այլևս առանց ամոթի հայտարարում են Հայաստանի  իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները՝ սկսած չհասկացող պատգամավորներից՝ մինչև մի քիչ հասկացող պաշտոնյաներ։ Խնդիրը տվյալ դեպքում ֆորմալ, իրավական ձևակերպումների տիրույթում չէ, երբ Հայաստանից հնչում են հայտարարություններ, թե «Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության ու պատասխանատվության գոտին է»։ Այո, դա այդպես է, բայց դրանից չի բխում, թե Հայաստանը, որ շուրջ երեք տասնամյակ Արցախի անվտանգության երաշխավորն էր, ոչինչ չպետք է անի։

Կարդացեք նաև

Նույնը վերաբերում է նաև «Բաքու-Ստեփանակերտ» խոսակցության մասին Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, որը նրանք կրկնում են շուտասելուկի պես։ Բոլոր այս ուղերձների հիմքում ընկած է այն հայեցակարգային դրույթը, որ Արցախն այլևս դուրս է դրված հայկական շահի ճարտարապետությունից, և Հայաստանը՝ որպես պետական կազմավորում, այլևս չի պաշտպանում Արցախի շահերը։

Այս իրողությունը կարևոր է ոչ միայն բարոյահոգեբանական հարթությունում, այն իմաստով, որ պետականորեն Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից։ Շատ ավելի վտանգավոր է այն ուղերձը, որ աշխարհը ստացել է այդ հրաժարումից։ Հիմա, երբ որևէ երկրից կամ միջազգային կազմակերպությունից Հայաստանը թեկուզ ձևականորեն պահանջում կամ խնդրում է հանդես գալ ի պաշտպանություն Արցախի, արցախցիների իրավունքների, նրան վստահաբար հիշեցնում են, որ Հայաստանը նման իրավունք չունի, քանի որ ինքն է դուրս դրել Արցախն այն համակարգից, ինչին ընդունված է անվանել պետական շահ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը կամ նրա իշխանության որևէ ներկայացուցիչ ոչ միայն քաղաքական, այլ անգամ բարոյական իրավունք չունի որևէ մայրաքաղաքից պահանջել կամ անգամ խնդրել աջակցել Արցախին, քանի որ ինքն է հրաժարվել այդ ոչ միայն՝ բարոյական, այլ նաև՝ Հայաստանի պետականության հիմքում դրված անկյունաքարային պարտականությունից։

Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, վաճառել է իր այդ պարտականությունը, վաճառել է բոլոր այն երկրներին, որոնց պետական շահերի համակարգում Արցախը և նրա շուրջ զարգացումները նշանակություն ունեն։ Գնորդները, որոնց ցանկը սկսվում է Ադրբեջանով ու Թուրքիայով և չի ավարտվում Ռուսաստանով, ԱՄՆ-ով կամ Եվրամիությամբ, կարող են վճարած լինել տարբեր վճարամիջոցներով՝ սկսած կանխիկից՝ մինչև իշխանության պահպանման երաշխիքներ։ Դա, սակայն, արդեն անգամ երկրորդական հարց է առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ հայ հասարակությունը Նիկոլ Փաշինյանին Արցախին ու Հայաստանին պատուհասած ողբերգության դիմաց շարունակում է վճարել անտարբեր հանդուրժողականությամբ կամ հանդուրժող անտարբերությամբ։

Հարություն Ավետիսյան  

Տեսանյութեր

Լրահոս