Դեռ հարց է՝ ավելի շատ ՀՀ-ում մաքսազերծվող Արցախի բեռների գումարները մնում են ՀՀ բյուջեո՞ւմ, թե՞ գնում են Արցախ՝ տարբեր կարգավիճակներով. Տիգրան Աբրահամյան

«Այս թեման հատկապես կարևորություն ու խնդրահարույց կարգավիճակ է ստանում այն համատեքստում, որ ադրբեջանցիներն ամեն ինչ անում են՝ ինչպես Արցախի հանքարդյունաբերական ընկերությունների շարժը կանգնեցնելու առումով: Կա նաև երկրորդ հանգամանքը, որը շատ չշրջանառվեց ի զարմանս ինձ: Ադրբեջանն այս օրերին բնապահպանության նախարարի տեղակալի մակարդակով հայտարարություն էր տարածել, որ Սյունիքի հանքարդյունաբերական ընկերությունները թունավորում են դեպի Ադրբեջան հոսող գետերը, և դա իրենց համար բավականին մեծ բնապահպանական աղետի է հանգեցնում»,- երեկ «Հրատապ եթերի» ժամանակ Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցի ընթացքում ասաց Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Կաշենի հանքի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ըստ նրա՝ սրանով Ադրբեջանը մի քանի խնդիր է լուծում:

«Ադրբեջանը հաշվարկել է Արցախի հանքարդյունաբերական ընկերությունների, նրանց վճարած հարկերի՝ Արցախի բյուջեի վրա ունեցած ազդեցությունը, հաշվարկել է այնտեղ աշխատող մի քանի հազար աշխատողներին՝ զուտ տնտեսական, սոցիալական հետևանքները հաշվի առնելով: Քաղաքական առումով այս և այլ գործողություններ՝ ճանապարհի փակում, Արցախ-Հայաստան ճանապարհի վրա ռենտգեն սարքի տեղադրում, որը պետք է Ադրբեջանին հնարավորություն տա նաև բեռների նկատմամբ վերահսկողություն սահմանել, Ադրբեջանի համար ինտեգրման քաղաքականություն տանելու հնարավորություն են»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ ասելով, որ ինտեգրման հասկացության տակ պետք է հասկանալ՝ կլանում:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակ խոսում է Արցախին օգնություն ցուցաբերելու մասին՝ մոռանալով, թե Արցախը Հայաստանին մինչև 44-օրյա պատերազմն ինչպիսի օգնություն էր ցուցաբերում, Տիգրան Աբրահամյանը կարևորեց մի հանգամանք:

Կարդացեք նաև

«Այն գումարները, որոնց մասին խոսում է Հայաստանի իշխանությունը, և որի մասին երբևէ չէին խոսում Հայաստանի նախորդ իշխանությունները, մի կարևոր լույսի տակ պետք է դիտարկել: Արցախ եկող բեռները, որոնք պետք է պայմանական Արցախում մաքսազերծվեին, մաքսազերծվում են ՀՀ տարածքում: Այսինքն՝ այն պոտենցիալ ապրանքատեսակները, որոնք մտնում էին Արցախ, դրանցից, այդ հարկատեսակներից եկող գումարները մտնում են ՀՀ բյուջե: Դեռ հարց է՝ ավելի շատ դրանք մնում են ՀՀ բյուջեո՞ւմ, թե՞ գնում են Արցախ տարբեր կարգավիճակներով»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ այս հարցը մինչև 2018թ. չի քննարկվել, որովհետև անկախ նրանից, թե Արցախը քաղաքական, միջազգային առումով ի՞նչ ճանապարհով է գնացել, Արցախում ապրում են մեր հայրենակիցները, և Հայաստանի նախորդ իշխանությունները հարցին նայել են այդ տեսանկյունից:

«Երբեք չեն համարել, որ կարևոր է նշել, թե բյուջետային հատկացում ենք մեծացնում, ընթացիկ ինչ-որ գումարներ ենք փոխանցում Արցախին: Դա այս իշխանությունների մոտեցումն է, որովհետև նրանք փողի, ստամոքսի տրամաբանության ներքո փորձում են Հայաստանում ապրող մարդկանց խաբել, մոլորեցնել, թե՝ տեսե՜ք, էսքան փող ենք տալիս Արցախին»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ Սաթիկ Սեյրանյանի այն դիտարկմանն արձագանքելով, որ Արցախը Հայաստանին մինչ պատերազմը տալիս էր հացահատիկ և էներգակիրներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս