Ճանաչում՝ հանուն փրկության. Բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների 4 պաշտպաններն այսօր բողոքի ակցիա էին նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ 5 երկրների Հայաստանում գտնվող դեսպանությունների մոտ: Առաջին ակցիան իրականացրեցին ԱՄՆ դեսպանատան մոտ, ապա շարժվեցին դեպի Չինաստանի դեսպանատուն: Հաջորդ կանգառը ԵՄ գրասենյակն էր:
«Ո՞ւր են Եվրոպական միության կառույցները, ինչո՞ւ են լուռ միջազգային կառույցները»,- ասացին ՄԻՊ-երի բողոքի ակցիային միացած քաղաքացիները:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ԵՄ գրասենյակի մոտ իր ելույթում նշեց. «ԵՄ-ն այսօր իրավունք չունի լռելու այս հանցագործությունների և հանցավոր քաղաքականության վերաբերյալ, ինչը վարում է Ադրբեջանը՝ Արցախի ժողովրդի նկատմամբ: Եվրոպական միությունը պետք է հասկանա, որ այսօր Արցախում 120.000 մարդ գտնվում է պատանդի կարգավիճակում՝ Ադրբեջանի և նրա բռնապետ Ալիևի քմահաճույքների պատճառով: Արցախի ժողովրդի փրկության միակ ճանապարհն Ադրբեջանի կազմից դուրս Արցախի անկախության ճանաչումն է, այլ տարբերակ չկա: Ես չեմ ասի՝ անջատում հանուն փրկության, այլ կասեմ՝ ճանաչում հանուն փրկության»: