Ադրբեջանը պետք է բարձր գին վճարի՝ լինեն սանկցիաներ թե ռազմական, քաղաքական, իրավական գործիքակազմ. Արտակ Բեգլարյան
Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն անժամկետ նստացույց ու շարժում է սկսել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտնեց, որ գլխավոր պահանջն ուղղված է միջազգային հանրությանը, առաջին հերթին՝ ՄԱԿ-ին, որպեսզի հստակ գործողություններ անեն՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը, իրավունքները պաշտպանելու համար, այդ թվում՝ այս պահին ադրբեջանական շրջափակումը վերացնելու, բայց նաև ավելի երկարաժամկետ միջազգային երաշխիքներ ապահովելու ուղղությամբ:
«ՄԱԿ-ը գլխավոր համաշխարհային միջազգային կազմակերպությունն է, միակ կազմակերպությունն է, որը հնարավորություն, մեխանիզմներ ունի՝ հստակ մանդատ տալու նաև կոնկրետ երկրների՝ խաղաղապահ գործունեություն իրականացնելու, դրա շրջանակները սահմանելու համար: Լիազորություն և պարտավորություն ունի նաև պաշտպանելու տարբեր ժողովուրդների անվտանգությունը և իրավունքները, եթե դրանք խախտվում են: Արցախի պարագայում 2020 թվականն ունենք, երբ լայնամասշտաբ պատերազմական հանցագործություն և ընդհանուր առմամբ մարդկության դեմ հանցագործություն է կատարվել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, ցավոք, ՄԱԿ-ը չի միջամտել, պատերազմը դադարեցվել է Ռուսաստանի միջամտությամբ: Այս երկու տարվա ընթացքում ռուս խաղաղապահները, լավ թե վատ, ապահովել են խաղաղությունը, անվտանգությունը: Իհարկե, այս ընթացքում միջադեպեր տեղի են ունեցել, և հիմա ունենք այն իրավիճակը, որ նույնիսկ ռուս խաղաղապահներն ի վիճակի չեն վերացնել շրջափակումը, ամբողջական անվտանգությունն ապահովել»,- նշեց Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ը, ի դեմս Անվտանգության խորհրդի, իր կարծիքով՝ պետք է հարցը քննարկի և միջազգային լրջագույն երաշխիքներ ապահովի ժողովրդի համար, որպեսզի հայրենիքում հնարավոր լինի անվտանգ ապրել, արարել:
«Հակամարտության կարգավորման հարցը կրկին կարելի է կամ ՄԱԿ-ի, կամ այլ իրավաքաղաքական ձևաչափերով լուծել: Հիմա առաջնահերթ անվտանգության խնդիրը պետք է լուծենք: Իմ պահանջն ուղղված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, 5 մշտական անդամ երկրների կառավարություններին՝ ԱՄՆ, ՌԴ-ի, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան: Յուրաքանչյուրից կախված են այս որոշումներն ու գործողությունները: Իմ պահանջն ուղղված է նաև ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված և լիազոր մարմիններին, առաջնահերթ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, ով այդ լիազորությունը, նաև պարտավորությունն ունի այսպիսի դեպքերում հստակ, հանրայնորեն արձագանքել և գնահատական տալ մարդու իրավունքների այս լայնածավալ խախտումներին: Իսկ այս խախտումը՝ շրջափակումը և գազամատակարարման դադարեցումը, ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության հստակ դրսևորում է: Սա ամբողջ մի ժողովրդի հանդեպ ահաբեկչություն է, տանում է Արցախի հայ բնակչության էթնիկ զտմանը: ՄԱԿ-ի պարտավորությունն է՝ շատ արագ արձագանքել, այլապես կարող է ուշ լինել, երբ իրենց պարտավորությունները կատարած չեն լինի: Բնականաբար, Արցախի բնակչությունը ստիպված է լինելու իր ամբողջ գործիքակազմը կիրառել՝ իր իրավունքներն ամբողջապես պաշտպանելու նպատակով»,- ընդգծեց Արցախի պետնախարարի խորհրդականը:
Արտակ Բեգլարյանը շեշտեց՝ նստացույցի երկրորդ հասցեատերը հայաստանյան հասարակությունն է:
«Տեսնում եմ խորը անտարբերություն, անօգնականության զգացողություն, երբեմն նաև կարող եմ ասել՝ Արցախի արժեզրկում: Արցախի արժեքը չընկալելու խնդիր եմ տեսնում, այնինչ Արցախը բացառիկ արժեք է ու բացառիկ նշանակություն ունի հայ ժողովրդի համար՝ թե՛ անվտանգային տեսանկյունից, թե ինքնության ու պատմամշակութային տեսանկյունից: Եվ Մոնթեի խոսքը, որ եթե կորցնենք Արցախը՝ կշրջենք հայոց պատմության վերջին էջը, նաև այս օրերի համար է ասված: Հետևաբար, հայ ժողովրդի, հայոց պետականության պարտավորությունն է, նրա շահերից է բխում այն, որ պետք է հստակ, Արցախը պաշտպանելու ուղղությամբ գործուն քայլեր կատարենք, ոչ թե միայն խոսենք, հրապարակավ ելույթներ ունենանք: Գործուն քայլերը պետք է ուղղված լինեն նաև միջազգային հանրությանը ճնշում գործադրելուն: Ամեն մեկը՝ լինի քաղաքական ուժ, ընդդիմադիր թե իշխանական, ՀԿ, գիտնականներ, մտավորականներ, մանկավարժներ, էկոլոգներ, բոլորն իրենց հերթին պետք է իրենց գործնական քայլերը կատարեն: Մենք ծայրահեղ հումանիտար աղետի շեմին ենք կանգնած»,- ասաց Արցախի պետնախարարի խորհրդականը:
Հարցին՝ ՀՀ իշխանությունների քայլերը բավարա՞ր են, Արտակ Բեգլարյանը պատասխանեց. «Ես և իմ գործընկերները, ՄԻՊ-ը, ԱԳ նախարարը մնացել ենք Երևանում՝ բախտի բերմամբ թե պատահմամբ: Այսօր հանդիպել ենք ԱԳ նախարարության ղեկավար կազմին, քննարկել հարցերը, մեր ակնկալիքներն ու առաջարկները ներկայացրել ենք, որպեսզի հնարավորինս ագրեսիվ գործողություններ տեղի ունենան բոլոր միջազգային գործընկերների հետ, որ հարցն արագ լուծվի: Մեր և ՀՀ իշխանության նպատակը չպետք է լինի շրջափակման վերացումը. այն, եթե հենց հիմա վերանա էլ, 1-2 շաբաթ հետո նույնն է կրկնելու: Գազամատակարման դադարեցումը եթե վերացվի, մեկ ամիս հետո նույնն է անելու: Հետևաբար՝ պետք է հասնենք նրան, որ շրջափակումը վերացվի, նաև լրացուցիչ երաշխիքներ ստանանք, որ նմանատիպ որևէ դեպք այլևս չի կրկնվելու: Դրա համար Ադրբեջանը պետք է բարձր գին վճարի՝ լինեն սանկցիաներ թե ռազմական, քաղաքական, իրավական գործիքակազմ: Այլապես փոքր քայլերով Ադրբեջանն անընդհատ խախտելու է մեր կարմիր գծերը, ստանալու է զիջումներ, ստանալու է և՛ Արցախը, և՛ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը»:
Արտակ Բեգլարյանն ընդգծեց, որ պետք է լուծվի Արցախի միջազգային կարգավիճակի հարցը, որը որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
«Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և այդ իրավունքն իրացրել ենք 1991 թվականին: Երկրորդ պատճառը մեր անհամատեղելիությունն է. Ադրբեջանը համապետական ատելության քաղաքականություն է վարում խորհրդային տարիներից ի վեր, որն ապացուցվել է նաև 90-ականներին, Գուրգեն Մարգարյանի դեպքով, 2016-ին, 2020-ին և դրանից հետո»,- ասաց նա: