«2 հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում են, բժիշկների կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի բացասական ելք չլինի». Արցախի ԱՆ խոսնակ

Բերձորի ճանապարհի փակ լինելու հետևանքով Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Հանրապետական հիվանդանոցում գտնվող ծանր հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Երևան՝ վիրահատվելու համար։

168.am հետ զրույցում Արցախի առողջապահության նախարարի խոսնակ Անգելինա Իսախանյանն ասաց, որ այս պահին հիվանդներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

«5 հոգի ծանր վիճակում են, նրանցից  2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս պահին մեր բժիշկների կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի բացասական ելք չլինի, նրանք կապի մեջ են նաև հայաստանյան մասնագետների հետ։

Դեղորայքի և բժշկական պարագաների խնդիր այս պահին չունենք, սակայն անհանգստացնող է այն փաստը, որ ճանապարհները շարունակում են փակ մնալ և դեղորայք Արցախ չի մատակարարվում։ Եթե ճանապարհները շարունակեն փակ մնալ, հնարավոր է՝ նաև դեղորայքի խնդիր առաջանա»,- նշեց Արցախի առողջապահության նախարարի խոսնակը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Տեսանյութեր

Լրահոս