«4 ամսական երեխայի վիճակը ծանր է, վերակենդանացման բաժանմունքում գտնվող 9 հիվանդներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է». Արցախի ԱՆ խոսնակ

Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակելու արդյունքում Արցախում գտնվող բազմաթիվ հիվանդների չեն կարողանում տեղափոխել Երևան։ Արդեն 9-րդ օրն է՝ Ադրբեջանը փակելով Լաչինի միջանցքը, մեկ հոգու մահվան պատճառ է դարձել: Ծանր հիվանդին այդպես էլ հնարավոր չեղավ տեղափոխել Երևան։

168.am-ի հետ զրույցում Արցախի առողջապահության նախարարի խոսնակ Անգելինա Իսախանյանն ասաց, որ այս պահին 13 երեխա գտնվում են «Արևիկ» բուժմիավորումում՝ վերակենդանացման և  նորածնային բաժանմունքներում։

«4 ամսական երեխայի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, նրա մոտ ախտորոշվել է «վիսցերալ լեյշմանիոզ»։ Այս պահին արցախցի բժիշկները ցուցաբերում են անհրաժեշտ բուժօգնություն, իհարկե, նաև առցանց կապի մեջ են հայաստանյան գործընկերների հետ։

Հանրապետական բժշկական կենտրոնում ունենք 9 բուժառու, նրանցից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը՝ հիվանդների վիճակը կայունացնելու համար։ Այս պահին ընդհանուր վիճակը սա է»,- եզրափակեց Անգելինա Իսախանյանը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն երեկ Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը տեղափոխվել է Երևան, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը երեկ մահացել է։

Տեսանյութեր

Լրահոս