«Ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխայի մոտ դրական տեղաշարժ կա». Արցախի ԱՆ խոսնակ

Երեկվա դրությամբ Արցախի Հանրապետության 13 երեխա գտնվում են «Արևիկ» բուժմիավորումում՝ վերակենդանացման և  նորածնային բաժանմունքներում։

168.am-ի հետ զրույցում Արցախի առողջապահության նախարարի խոսնակ Անգելինա Իսախանյանն ասաց, որ տվյալների ու իրավիճակի առումով այս պահին փոփոխություն չկա։

Ինչ վերաբերում է 4 ամսական երեխայի առողջական վիճակին, որ ծանր էր, Անգելինա Իսախանյանը փոխանցեց.

«Ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխայի մոտ դրական տեղաշարժ կա, մեր բժիշկներն անում են ամեն ինչ։

Կարդացեք նաև

Այս պահին ավելացնելու այլ բան չկա, այսինքն՝ տեղեկատվության հետ կապված, մեր նորանշանակ նախարարը զբաղվում է այդ հարցերով, նոր տեղեկատվության դեպքում այն կհրապարակենք»,- նշեց Անգելինա Իսախանյանը։

Նշենք, որ բացի 13 երեխաներից, Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում կա  9 բուժառու, նրանցից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն դեկտեմբերի 19-ին  Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը տեղափոխվել է Երևան, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը երեկ մահացել է։

Տեսանյութեր

Լրահոս