Արդյո՞ք ԵԱՀԿ ՄԽ-ը վերակենդանացման շանս ունի
Ռուս-ուկրաինական հակամարտության ակտիվ փուլի մեկնարկից ի վեր ՌԴ ԱԳՆ-ն պարբերաբար անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ի ճակատագրի հետ կապված հարցադրումներին՝ պնդում է, որ այդ ձեևաչափը դադարել է գոյություն ունենալ, քանի որ արևմտյան գործընկերները հրաժարվել են համագործակցել։ ՀՀ իշխանություններն իրենց հերթին Ադրբեջանի հետ այլ հարթակներում բանակցություններին մասնակցելու իրենց դիվանագիտական արկածախնդրությունը արդարացնում են ԵԱՀԿ ՄԽ շուրջ ստեղծված փաստացի իրավիճակով։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային վերջին ճեպազրույցի ժամանակ հարց ուղեցին, թե «ինչպե՞ս է ստացվել, որ Ռուսաստանն ու Արևմուտքը կարողանում են համատեղ բանակցություններ վարել Վրաստանի հարցով, այնինչ Ղարաբաղի հարցով՝ ոչ»։
Ի պատասխան այս հարցադրմանը ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշեց, որ «լինելով համանախագահներ՝ Վաշինգտոնը և Փարիզը, մտացածին պատրվակով, այս տարվա փետրվարին հրաժարվեցին համագործակցել Մոսկվայի հետ՝ դրանով իսկ, փաստորեն, «թաղելով» միջազգային այս հարթակը»։ Զախարովան անտեղին համարեց Ժնևի ձևաչափի հետ զուգահեռները՝ նշելով, որ այն իրականացվում է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի համանախագահության ներքո և ԱՄՆ-ն բանակցությունների մասնակիցներից միայն մեկն է։ Նաև հավելեց, որ Ժնևի ձևաչափը նույնպես ուկրաինական պատերազմից հետո սառեցվել էր 9 ամսով և վերականգնվել է միայն այս տարվա հոկտեմբերին։
Նախ հարկ է նշել, որ Զախարովայի հիմնավորումը, թե Ժնևի բանակցությունները ընթանում են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ և այլ կառույցների համանախագահության ներոքո իսկ ԱՄՆ-ն միայն բանակցությունների կողմերից մեկն է, ուստի հնարավոր չէ այդ ձևաչափը համեմատել ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափի հետ, ակնհայտորեն թույլ է և չի արտացոլում խնդրիի իրական պատկերը։ ԵԱՀԿ ՄԽ-ում նույնպես ԱՄՆ-ն բանակցային կողմերից միայն մեկն է, իսկ երեք համանախագահներից բացի ԵԱՀԿ ՄԽ-ը ընդգրկում է նաև այլ անդամներ, այդ թվում Գերմանիան, Թուրքիան, Շվեդիան և այլն։ Բացի այդ, հարց է ծագում․եթե ուկրաինական ճգնաժամի համատեքստում Արևմուտքը սառեցրել էր իր մասնակցությունը բանակցություններին ինչպես Ժնևի ֆորմատում, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ-ի, ապա ինչպես է ստացվել, որ 9 ամիս անց Ժնևի ձևաչափը այնուամենայնիվ վերակենդանացվել է, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ը՝ «թաղվել»։
ԵԱՀԿ ՄԽ գործունեության դադարեցումը զուտ ԱՄՆ-ՌԴ աշխարհաքաղաքական հակամարտությամբ պայմանավորելու փորձերը հիմնավոր չեն նաև այն տեսանկյունից, որ 2022թ փետրվարից հետո Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համատեղ աշխատանքը շարունակել են նաև մի շարք այլ ուղղություններով և տարբեր հարթակներում։
Ժնևի հարթակը՝
Հարավային Կովկասի հարցերով բանակցային այս հարթակ ձևավորվեց 2008թ-ի ռուս-վրացական պատերազմից հետո։ Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը, չնայած ուկրաինական պատերազմին, այս հարթակում բանակցությունները հոկտեմբերին վերսկսվել են, ու թեև աշխատանքները որոշ ժամանակով սառեցվել են, սակայն ոչ ոք չի խոսում այս ձևաչափի «մահվան» կամ «թաղման» մասին։
Թուրքական հարթակ՝ բանակցություններ հետախուզական ծառայությունների մակարդակով
Վերջին այսպիսի բանակցությունները ԱՄՆ և ՌԴ միջև տեղի են ունեցել այս տարվա նոյեմբերին՝ Անկարայում, որին մասնակցել են ՌԴ և ԱՄՆ հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները։
Ռազմավարական հարձակվողական զինատեսակների շուրջ (СНВ) բանակցություններ
Թեև այս հարթակում ԱՄՆ-ՌԴ բանակցությունները պարբերաբար խոչընդոտվում կամ հետաձգվում են, սակայն ոչ ոք չի խոսում բանակցությունների դադարեցման մասին։ Վերջին անգամ կողմերը պայմանավորվել էին այս հարթակում բանակցություններն անցկացնել նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 6-ը, սակայն այն հետաձգվեց։
Բացի այդ, ՌԴ և ԱՄՆ միջև բանակցային խողովակներ են առկա նաև մի շարք այլ ծառայությունների մակարդակով
– Վերջին բանակցքությունները ռոսւական Անվտանգության դաշնային ծառայության ФСБ և ԱՄՆ հատուկ ծառայությունների միջև, որի արդյունքում տեղի ունեցավ ձերբակալված անձանց փոխադարձ արտահանձնում
– Հետախուզական ծառայությունների և զինվորականների միջև բանակցությունները հատուկ խողովակների միջոցով՝ Սիրիայում ռազմական էսկալացիայից խուսափելու նպատակով։
– Բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ, որից չեն հրաժարվում ոչ ՌԴ-ը, ոչ էլ ԱՄՆ-ն և պարբերաբար այն շարունակելու պատրաստակամություն են հայտնում
Թեև այս բոլոր ուղղություններով բանակցային գործընթացը հիմնականում ընթանում է ոչ հրապարակային, իսկ որոշ գործընթացներ սառեցված են, սակայն դա չի նշանակում, որ այդ բանակցային հարթակները դադարել են գոյություն ունենալ։ Այսինքն, այն պնդումները, թե ուկրաինական ճգնաժամի հետևանքով ԵԱՀԿ ՄԽ-ը դադարել է գոյություն ունենալ՝ ԱՄՆ-ՌԴ երկխոսության բացակայության պատճառով, չի դիմանում քննադատությանը։ Այդ հարթակում աշխատանքների դադարեցման իրական պատճառները պետք է փնտրել այլ տեղ, և այս առումով հայկական դիվանագիտությունըտ հսկայական աշխատանք ունի անելու։
Ինչ վերաբերում է ռուսական կողմի դիրքորոշմանը, ապա գաղտնիք չէ, որ ԼՂ հիմնախնդրի վերջնական, այն էլ ադրբեջանանպաստ կարգավորումը ամենևին չի բխում ՌԴ ռազմավարական շահերից, քանի որ կասկածի տակ կդնի Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության նպատակահարմարությունը։ Միաժամանկ նաև փաստ է, որ այս պահին Մոսկվան չի կարողանում ամբողջությամբ իր ձեռքին պահել հայ-ադրբեջանական բանակցություներում գլխավոր միջնորդի խաղաքարտը, ինչը հավանական է դարձնում հայ-ադրբեջանական հարաբերությունների՝ այդ թվում Արցախի հարցի կարգավորումը մեկ այլ հարթակում՝ առանց ՌԴ տարածաշրջանային շահերը հաշվի առնելու։
Այս տեսանկյունից ԵԱՀԿ ՄԽ-ի վերակենդանացումը և վերստին Արցախի կարգավիճակի հարցի միջազգային շրջանառումը կարող է գոնե որոշ ժամանակով սառեցնել Արցախում առկա ստատուս քվոն։ Միաժամանակ Արևմուտքը նորից կվերադարձնի տարածաշրջանում՝ մասնավորապես Արցախի հիմնախնդրում իր ֆորմալ ներկայությունը, որը գործնականում կորցրել էր 44-օրյա պատերազմից հետո։
Այսինքն, ԵԱՀԿ ՄԽ-ի վերակենդանացման հարցում կարող է առկա լինել միջազգային կոնսենսուս կամ ՌԴ ու Արևմուտքի շահերի որոշակի իրավիճակային համընկնում։ Սակայն նույնիսկ ամենանպաստավոր պայմանների առկայությունը ոչինչ չի կարող փոխել, եթե հայկական պաշտոնական դիվանագիտություն գլխավոր ռազմավարությունը լինի Արցախի հարցից մեկընդմիշտ ազատվելն ու ցանկացած գնով Ադրբեջանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորումը։
ԴԵՐԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ