«ԱԳ նախարարության հայտարարությունը հայտնի ձեռագիր է, նույնիսկ «Թուրքիա» բառը չեն օգտագործում». Հայկ Դեմոյան

Դեկտեմբերի 9-ը, Հայաստանի նախկին իշխանութան ջանքերով, նշվում է որպես Ցեղասպանությունների կանխարգելման և ցեղասպանությունների զոհերի հիշատակի միջազգային օր։

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Ցեղասպանությունների կանխարգելման և զոհերի հիշատակի միջազգային օրվան՝ հիշեցնելով, որ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, ՀՀ կառավարությունը, արտգործնախարարությունը ՄԱԿ-ին առաջարկել է ընդունել նման հիշատակի օր, և նույն թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ն ընդունել է Հայաստանի առաջարկը՝ դեկտեմբերի 9-ը հռչակելով Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր։

«Սա խոշոր դիվանագիտական ձեռքբերում էր հատկապես Հայաստանի պարագայում, քանզի բոլորս գիտենք, 21-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերը դարձել են հայերը։

Երեկ դեկտեմբերի 9-ն էր, ամբողջ օրը սպասել եմ, տեսնեմ, թե այս թրքաբարո սրիկաներն ինչպես են արձագանքելու այդ օրվան, որովհետև մի կողմից՝ դա գրված է ՀՀ օրենքով, մյուս կողմից՝ Հայաստանի նախաձեռնությամբ դարձել է միջազգային օր։ Շատ տրամաբանական ու բարոյական էր, որ իշխանությունն այդպիսի օրով կարողանա ուղերձ հղել, բան ասել աշխարհին, դե, սա նորմալ իշխանության պարագայում։

Կարդացեք նաև

«Երեկ Սաթիկ Սեյրանյանի հյուրն էի և այս հատվածի մասին հաղորդմանը խոսել եմ, ասել եմ՝ պետք է սպասեմ, տեսնեմ՝ իրենք ի՞նչ են անելու։ Գիշերն իրենք դա տեսել են, էլ մոռանալ ու ուրանալ չէին կարող, ափալ-թափալ հետին թվով հայտարարություն են դրել։ ԱԳՆ հայտարարության մեջ «Հայոց ցեղասպանություն» եզրույթը օգտագործված է մեկ անգամ, որտեղ չկա գեթ մեկ հիշատակում, թե ով է իրականացրել Հայոց ցեղասպանությունը։ Օսմանյան կայսրության, Թուրքիայի մասին որևէ հիշատակում չկա, Մարսից են իջել, մեզ կոտորել, սպանել ու գնացել են, կամ Զանզիբարից են եկել»,- ասաց Արմեն Աշոտյանը։

168.am հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն անդրադառնալով իշխանությունների այս զգուշավորությանը, նախ ասաց, որ բոլոր ոլորտներում, առավել ևս՝ Հայոց ցեղասպանության դատապարտման, հայ-թուրքական սերտ հարաբերություններ հաստատելու բոլոր քայլերն ունեն տրամաբանություն և այդ տրամաբանությունը մակերեսի վրա է, այնքան խորը չէ, որպեսզի «սովորական մարդը չհասկանա՝ ինչ է տեղի ունենում»։

«ԱԳ նախարարության հայտարարությունը հայտնի ձեռագիր է, նույնիսկ, երբ խոսում են Հայաստանում տեղաբաշխված ռուսական զորախմբի մասին, թե  ինչի՞ համար է Հայաստանում և ումի՞ց է պաշտպանում, Թուրքիայի անունը չի տալիս, ասում է՝ հավանական հակառակորդ։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ այս եզրույթն է օգտագործում, «Թուրքիա» բառը չի օգտագործում։

Այս օրերին Երևանում պետք է տեղի ունենա Ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ ֆորումը, արդեն կան հրավիրյալներ, իսկ մարդիկ զարմացել են, որ ինձ չեն հրավիրել։ Հավանաբար հասկանում եք, թե ինչու ինձ չեն հրավիրել, գործնականում ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ բացահայտել եմ բավականին խոշոր գործարք՝ փողերի լվացման, որն արվել է թանգարանի անվան տակ և դա արվել է ոչ թե սրանց օրոք, այլ ավելի վաղ։

Բացահայտման համար սրանց հանձնարարվեց կեղտոտ գործեր՝ ինձ մեկուսացնել թանգարանից, որպեսզի որևէ բան չբացահայտվի։ Իհարկե, մեկուսացման պատճառով հնարավոր չէր որևէ բան թաքցնել, քրեական գործ է հարուցված։ Այս ամենն ուղղղակի թեմայի հետ կապված է, որովհետև մի բան է, երբ խոսում ես պետականությունից, Հայաստանի նախաձեռնությունից և այլն, մեկ այլ բան, որ քո երկրում թույլ ես տալիս փողերի լվացման օպերացիա թանգարանի անվան տակ, հետո ոչնչացնում ես ֆինանսական փաստաթղթեր, որպեսզի չբացահայտվի։ Բայց արդեն ուշ է, նախաքննությանը տրամադրվել են կոնկրետ նյութեր»,- շեշտեց Հայկ Դեմոյանը։

Նրա բնորոշմամբ՝ իշխանությունը ցեղասպանության թեման, դրա հակամարդկային բնույթի ծանրագույն հետևանքները վերածել է առևտրի առարկայի։

«Իշխանության օղակներում շատ կարևոր պաշտոնյաներ կասկածվում են Ցեղասպանության թանգարանից գողություններ կատարելու մեջ։

Ի դեպ, սա էլ է հետաքննվելու, պահանջել եմ առերեսում այդ մարդկանց հետ։ Հարցերը բազմաբևեռ են, լրագրողներն ինչո՞ւ չեն հետաքրքրվում, որ, օրինակ, ինչպե՞ս եղավ, որ 2007 թվականին Արարատ Միրզոյանին հավաքագրում են, իսկ հետո նշանակում Հայաստանի արտգործնախարար, այդ ինչպե՞ս դարձավ «թավշյա» առաջնորդներից մեկը, մարդն ուղղակի գողության մեջ կասկածվում է»,- նշեց նա։

Հարցին՝ եթե այսպես շարունակվի, օրերից մի օր էլ իշխանությունն արդյո՞ք չի փակի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Հայկ Դեմոյանը պատասխանեց.

«Թանգարանը չի փակվի, կարող են այլ անուն տալ՝ «հայ-թուրքական համակեցության և հաշտության թանգարան», մոտավորապես այսպիսի անվանում։ Դրա նախադրյալներն արդեն արվել է մի քանի «լվացքի փոշիների» միջոցով, ես նման անվանում եմ տալիս այն անձանց, որոնք հեռակա են մասնակցել փողերի լվացման օպերացիային։ Այսինքն՝ ամեն կերպ փորձել են կոծկել, խոսքը ներկայիս տնօրենի հոգաբարձուների խորհրդի նախագահի և այլոց մասին է»,- եզրափակեց Հայկ Դեմոյանը։

Տեսանյութեր

Լրահոս