
Ընդունված բանաձևերի վտանգը շոշափելի է՝ կարող են հասնել մինչև ՄԱԿ, և այնտեղից բանաձև տեսնենք, որտեղ Ադրբեջանն «Արևմտյան Ադրբեջանը» նույնպես կամրագրի. Հայկ Դեմոյան

Օրերս Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանն ավարտվել է մի շարք բանաձևերի, այդ թվում՝ առաջին անգամ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքին վերաբերող բանաձևի ընդունմամբ։
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, նստաշրջանի արդյունքում ընդունվել է «Ներկայիս Հայաստանի տարածքից բռնի և համակարգված կերպով վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» վերնագրով բանաձև։ Առաջին դեպքն է, երբ ԻՀԿ շրջանակներում նման բանաձև է հաստատվում, որն արտահայտում է ԻՀԿ անդամ պետությունների աջակցությունը, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի վերադարձի իբրև թե օրինական իրավունքին և դատապարտում այդ հարցում Հայաստանի Հանրապետության մոտեցումը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմագիտության դոկտոր Հայկ Դեմոյանի խոսքով՝ սա մեծ վտանգներ է պարունակում, և այդ վտանգը շոշափելի է, քանի որ տեսանելի են նոր հանգրվաններ, որոնք ադրբեջանական և թուրքական արտաքին քաղաքական օրակարգերն ապահովագրում են օրնիբուն։
«Նրանք օրնիբուն օրակարգերն ապահովագրում են՝ օգտվելով ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի ոչ միայն անողնաշարությունից, այլև դրա կատարյալ բացակայությունից ու ստրկամիտ բնույթից։
Ի՞նչ է տեղի ունեցել՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը միավորում է գրեթե բոլոր իսլամադավան երկրներին, որտեղ մեծամասամբ մահմեդական բնակչություն են։ Մենք վերջին 20 և ավելի տարիների ընթացքում հետևում էինք, թե ինչ բանաձևեր էին ընդունում ԱԳ նախարարների մակարդակով կամ երկրների առաջնորդների վեհաժողովների մակարդակով։ Այնտեղ մեկ օրինաչափություն կար, որ Արցախի պարագայում, որքան էլ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում էին անցկացնել հակահայ բանաձևեր՝ հայկական շահերի վերաբերյալ կամ Արցախի հետ կապված, դա կա՛մ բացառվում էր, կա՛մ մեղմվում Իրանի մասնակցությամբ։ Սա շատ կարևոր հանգամանք է, որն այս պարագայում չի գործել։ Այսինքն՝ մենք տեսնում ենք՝ Հայաստանի թույլ վիճակից օգտվում են, և թույլի շահերը պաշտպանող որևէ երկիր գոյություն չունի»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Հայկ Դեմոյանը։
Ըստ նրա, այդ բանաձևի վտանգներից մեկն այն է, որ Ստամբուլում ԱԳ նախարարների խորհուրդն արձանագրում է նոր բովանդակություն, որը բացարձակապես չի եղել. խոսքն «Արևմտյան Ադրբեջանի» մասին է։ Մինչ այս որևէ բովանդակության մեջ, եթե անգամ դա սպրդում էր՝ վերաբերում էր Արցախին, մահմեդական ադրբեջանցիների «բռնագաղթին» և այլն, այնտեղ «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսք չկար։
«Ադրբեջանը օգտվելով Հայաստանի իշխանությունների անդեմ կեցվածքից, այս ամենն առաջ է մղում, և դրա հետևանքները մենք արդեն տեսնում ենք։ Ծիծաղում ենք, բայց իրականությունն այն է, որ դա շոշափելի ձևակերպում է ստանում։ Լավ, սա իսլամական երկրներն են, բայց Արաբական Լիգայում Հայաստանը ներկայացուցչի կարգավիճակ ունի, երևի Արարատ Միրզոյանը դրանից տեղյակ չէ։ Արարատ Միրզոյանին ուզում եմ հիշեցնել, որ 10 տարի առաջ, գուցե մի քիչ ավելի՝ Հայաստանն Արաբական Լիգայի երկրներում ունի կարգավիճակ։ Այս խողովակներն ո՞վ է աշխատացնելու, սփյուռքի հետ ո՞վ է աշխատելու, որ գոնե տեղերում արաբախոս երկրները մեծամասնություն են կազմում իսլամական կոնֆերանս կազմակերպություններում, որպեսզի փորձեն չեզոքացնեն, բացառեն այս ամենը, օրինակ՝ օգտվելով արաբական երկրների ու Թուրքիայի միջև եղած ոչ այնքան բարիդրացիական հարաբերությունների հանգամանքից»,- շեշտեց Հայկ Դեմոյանը։
Այս համատեքստում մեր զրուցակիցը նաև հավելեց՝ ՀՀ իշխանություների կողմից որևէ աշխատանք չի տարվում, հետևաբար՝ հետևանքը սա պետք է լիներ։
«Վաղը-մյուս օրը սրանք կարող են հասնել ընդհուպ մինչև ՄԱԿ, կարող ենք նույնիսկ ՄԱԿ-ից բանաձև տեսնել, որտեղ Ադրբեջանն «Արևմտյան Ադրբեջանը» նույնպես կամրագրի, տրամաբանությունը դրան է տանում։ Թե չէ Նիկոլ Փաշինյանի մակարդակով խեղկատակություններ, մեյմունություններ անելով, հեծանիվ քշելով՝ համաշխարհային քաղաքականության մեջ չես կարող հարց լուծել։
Հիմա հեծանիվ չի քշում, բայց առաջիկայում մի բան կմտածի, որովհետև մինչև ընտրություններ պետք է լցնեն, առջևում նոյեմբերի 9 կա՝ 5-րդ տարին է։ Դեռ մեյմունություն պետք է անեն, մեկն արեցին, թե իբր հեղաշրջում-բան, և այլ անվանում տվեցին՝ խորհրդային կոմսոմոլական, չեկիստական ժանրերի բոլոր համադրմամբ»,- ընդգծեց Հայկ Դեմոյանը։
Հիշեցնենք, որ այս բանաձևի ընդունումը հաջորդել էր Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցին։ Հունիսի 20-ին Ն. Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա, Ստամբուլում հանդիպել Էրդողանի հետ, այնուհետև այցելել թուրքական մզկիթ՝ զրուցել մոլլայի հետ։