«ԱԳՆ-ն մոռացել էր Հայոց ցեղասպանության մասին և հետին թվով զավեշտալի տեքստ է հրապարակել». Արմեն Աշոտյան
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Ցեղասպանությունների կանխարգելման և զոհերի հիշատակի միջազգային օրվան, որը նշվում է դեկտեմբերի 9-ին։
Այս համատեքստում Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, ՀՀ կառավարությունը, արտգործնախարարությունը ՄԱԿ-ին առաջարկել է ընդունել նման հիշատակի օր, և նույն թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ն ընդունել է Հայաստանի առաջարկը՝ դեկտեմբերի 9-ը հռչակելով Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր։
«Սա խոշոր դիվանագիտական ձեռքբերում էր հատկապես Հայաստանի պարագայում, քանզի բոլորս գիտենք, 21-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերը դարձել են հայերը։
ՀՀ «Հիշատակի և տոների» մասին օրենքով, 2019 թվականի մարտից նույն օրը՝ դեկտեմբերի 9-ը, նշված է որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր։
Երեկ դեկտեմբերի 9-ն էր, ամբողջ օրը սպասել եմ, տեսնեմ, թե այս թրքաբարո սրիկաներն ինչպես են արձագանքելու այդ օրվան, որովհետև մի կողմից՝ դա գրված է ՀՀ օրենքով, մյուս կողմից՝ Հայաստանի նախաձեռնությամբ դարձել է միջազգային օր։ Շատ տրամաբանական ու բարոյական էր, որ իշխանությունն այդպիսի օրով կարողանա ուղերձ հղել, բան ասել աշխարհին, դե, սա նորմալ իշխանության պարագայում։
Ի դեպ, երեկ այս առիթով Արցախի ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ, շատ հիմնավոր հայտարարությամբ, որով հրավիրել էր միջազգային հանրության ուշադրությունն Ադրբեջանի ցեղասպան գործողությունների, էթնիկ զտումների, հայատյացության դրսևորումների վրա։ Երեկոյան ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ընդունեց առանձին հայտարարություն, որով սատարեց Արցախի ԱԺ դիրքորոշումը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը քաղաքական միավորներից միակն էր, որն այդ օրվա առիթով հանդես եկավ հայտարարությամբ։
Իսկ ի՞նչ արեց ՀՀ կառավարություն կոչվող դուքյանը և դրա ենթադուքյան արտգործնախարարությունը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արմեն Աշոտյանը։
Նա արձանագրեց, որ իշխանության, այդ թվում՝ ԱԳՆ–ի կողմից երեկ որևէ հայտարարություն չի արվել, սակայն այսօր առավոտյան հետին թվով՝ երեկվա ամսաթվով, տեղադրվել է հայտարարություն, վերնագրված՝ «ԱԳ հայտարարությունը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ»։
«Երեկ Սաթիկ Սեյրանյանի հյուրն էի և այս հատվածի մասին հաղորդմանը խոսել եմ, ասել եմ՝ պետք է սպասեմ, տեսնեմ՝ իրենք ի՞նչ են անելու։ Գիշերն իրենք դա տեսել են, էլ մոռանալ ու ուրանալ չէին կարող, ափալ-թափալ հետին թվով հայտարարություն են դրել»,- հավելեց Ա. Աշոտյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ ԱԳՆ հայտարարության մեջ «Հայոց ցեղասպանություն» եզրույթը օգտագործված է մեկ անգամ, որտեղ չկա գեթ մեկ հիշատակում, թե ով է իրականացրել Հայոց ցեղասպանությունը։
«Օսմանյան կայսրության, Թուրքիայի մասին որևէ հիշատակում չկա, Մարսից են իջել, մեզ կոտորել, սպանել ու գնացել են, կամ Զանզիբարից են եկել»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը։
Մանրամասները տեսանյութում