«Փաշինյանը թերուս անգրագետ է՝ 3-րդ հազարամյակի ամենամեծ դավաճանը». Հայկ Դեմոյան

Այն բանից հետո, երբ Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ կասկածի տակ դրեց Հայոց ցեղասպանության փաստը, դրանից օրեր անց Ցեղասպանությունների կանխագելման Լեմկինի ինստիտուտն անդրադարձավ Փաշինյանի ժխտողական քաղաքականությանը՝ շեշտելով՝ Փաշինյանի օրոք նոր ցեղասպանության վտանգ կա։

Ըստ ինստիտուտի տարածած հայտարարության՝ Ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները թուրքական քարոզչական նարատիվներ են, դրանք անտեսում են՝ ինչպես թուրք, այնպես էլ՝ գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայ գիտնականների կողմից իրականացված Հայոց ցեղասպանության տասնամյակների պատմական հետազոտությունները։

«Նրա անիմաստ հայտարարություններն անտեսում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակների պատմական հետազոտությունները, այդ թվում՝ թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայ գիտնականների կողմից, կանգնում Ցեղասպանության զոհերի արդարության համար շարունակվող պայքարի ճանապարհին և ստեղծում աշխարհաքաղաքական վտանգավոր դինամիկա, հատկապես Ադրբեջանի կողմից արցախահայերի վերջին ցեղասպանության և Հայաստանի Հանրապետությանը շարունակաբար սպառնացող վտանգների համատեքստում»,- ասված է տարածված հայտարարության մեջ:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը նախ քրեորեն պատժելի հանցագործություն որակեց Փաշինյանի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելուն միտված քաղաքականությունը և ընդգծեց՝ Հայաստանի օրինապահ մարմինները պետք է զբաղվեն այդ հարցով։

Կարդացեք նաև

«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը թերուս և անգրագետ է։ Այդ անգրագիտությունը դրսևորվում է իրեն հրամցված տեքստերի վերարտադրությունով։

Եվ այսպես, Փաշինյանի ասածների թեմայով հոդված տպագրել է Հարություն Մարությանը՝ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենը։ Այդ հոդվածում խոսվում է այն մասին, որ Խորհրդային Միությունը շահագործել է Հայոց ցեղասպանության թեման։ Փաշինյանը, սակայն, այդ հոդվածը յուրովի է մեկնաբանել, որովհետև Խորհրդային Միությունը, որպես կայսրություն, փորձել է առավելություն ստանալ բոլոր հնարավոր հարցերից, բայց, միևնույն ժամանակ, հնարավորություն է տվել կառուցել Ցեղասպանության հուշահամալիրը՝ ոչ թե Ցեղասպանությունը հերքելու, այլ Ցեղասպանության եղելության հիման վրա սփյուռքին դրական ազդակներ տալու նպատակով. դա աշխարհաքաղաքական քայլ էր»,- ասաց Հայկ Դեմոյանը՝ հիշեցնելով՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիը մինչև վերջին պահն ունեցել է նաև երկրորդ՝ պահուստային անուն՝ «Վերածննդի հուշահամալիր», որը խորհրդանշելու էր հայ ժողովրդի վերածնունդը՝ Ցեղասպանությունից հետո։

«Հենց այս կարևոր բանը Փաշինյանը չի հասկացել»,- ասաց Հայկ Դեմոյանը։

Նրա դիտարկմամբ՝ Ցեղասպանության թեման ժխտելով՝ Փաշինյանն իրագործում է իր հաջորդ պլանը՝ Արցախն Ալիևն հանձնելուց հետո՝ սպասարկելով Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։

«Փաշինյանին իշխանության բերելն ու Արցախն Ադրբեջանին հանձնելը համարժեք են. Փաշինյան-ՔՊ օպերացիան աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը սպասարկելու համար է։ Փաշինյանն իր բոլոր գործողություններով տանում է հայկական պետականության լուծարմանը»,- ասաց Դեմոյանը, որը Փաշինյանին համարում է պանթուրքիզմի գաղափարախոսությունը սպասարկող ղեկավար։

«Ապացույցը Արևմտյան Հայաստանից հրաժարվելու քաղաքականությունն է… Փաշինյանը 3-րդ հազարամյակի ամենամեծ ստախոս դավաճանն է»,- խոսքը եզրափակեց պատմական գիտությունների դոկտորը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս