«Համարել, թե այս քայլով փորձում են սահմանափակել շահումով խաղերը, ուղղակի իմիտացիա է». Հրանտ Միքայելյան
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2023թ․ հուլիսի 1-ից նոր տուրք սահմանել բուքմեյքերական ընկերությունների համար։
Ըստ առաջարկվող փոփոխության՝ ինտերնետ շահումով խաղերի ժամանակ կատարված յուրաքանչյուր 100 միլիարդ դրամ խաղադրույքի դեպքում խաղերի կազմակերպիչը պետք է վճարի 175 միլիոն դրամի տուրքեր, ինտերնետ տոտալիզատորներով ընդունված յուրաքանչյուր 50 միլիարդ խաղադրույքի դեպքում պետական տուրք է սահմանվելու 50 միլիոն դրամը։
«Չնայած այն հանգամանքին, որ 2020 և 2021 թվականներից ոլորտը սկսել է հարկվել շահութահարկով, ոլորտի կողմից վճարվող հարկերը և տուրքերը համարժեք չեն ոլորտի աճի տեմպերի և ՀՆԱ-ում ոլորտի կշռի հետ: Մյուս կողմից, կատարված խաղադրույքների ծավալների աճը մտահոգիչ է, և անհրաժեշտ է տարբեր գործիքներով, այդ թվում՝ հարկային, զսպել խաղադրույքների կատարումը»,- նշված է հիմնավորման մեջ:
Ի դեպ, խաղադրույքների ծավալների մտահոգիչ աճի մասին. Հայաստանում այս տարվա 9 ամիսների տվյալներով՝ 4,2 տրիլիոն դրամի խաղադրույքներ են եղել։ Ըստ ֆինանսների նախարարության՝ վերջին 5 տարիների ընթացքում բուքմեյքերական ընկերությունների կողմից ընդունված խաղադրույքների ծավալը 138,5 մլրդ դրամից հասել է 3,9 տրլն դրամի։
Հանրային տարբեր շրջանակներ մեկ անգամ չէ, որ ահազանգել են շահումով խաղերի սոցիալական լրջագույն հետևանքների մասին, նաև արձանագրել, որ ինչ-ինչ կարգավորումները, որոնք պարբերաբար առաջարկվել են պետության կողմից, չեն ունեցել էֆեկտիվություն և նույնիսկ բխել են կոնկրետ ընկերությունների շահերից։
168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Հրանտ Միքայելյանը, անդրադառնալով խաղադրույքների ծավալի մասին վիճակագրությանը և խաղամոլության դեմ պայքարում պետության ջանքերին՝ նշեց.
«Կառավարության խաղամոլության դեմ պայքարը ոչ միայն չենք տեսնում, այլև տեսնում ենք ճիշտ հակառակը, և դրա հիմնական պատճառն այն է, որ այս կառավարության հիմնական աջակիցներից և հովանավորներից է, օրինակ, «Վիվարո բեթը»: Եվ պարզ է, որ «Վիվարո բեթն» ունի հնարավորություն՝ ազդելու պետական քաղաքականության վրա»:
Դիտարկմանը, թե իշխանություններն ամեն կերպ ցույց են տալիս, որ դրա դեմ են պայքարում՝ ինչպես, օրինակ, «Վիճակախաղերի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերով, տնտեսագետն արձագանքեց՝ պայքարը կա, բայց շատ ավելի մեղմ է, քան պետք է լիներ:
«Կա հասարակական լուրջ պահանջ, որպեսզի շահումով խաղերը սահմանափակվեն, կամ արգելափակվեն, որովհետև շատ բացասական հետևանք են ունենում: Մինչդեռ այդ պայքարն այնպես է վարվում, որ այդ կազմակերպություններին վնաս չտրվի: Իսկ տուրքերի բարձրացումն ավելի շուտ բյուջե լցնելու միջոց է. 0.1 և 0.2 տոկոսի չափով տուրքով ուղղակի ցույց են տալիս, թե իբր որևէ գործ է արվում, մինչդեռ չի արվում:
Կա հասարակական պահանջ, բայց չկա նման քաղաքականություն, ու հիմա այս քայլը համարել, թե սրանով փորձում են սահմանափակել շահումով խաղերը, դա ուղղակի գործողությունների իմիտացիա է»,- հավելեց Հրանտ Միքայելյանը: