Ստվերային խաղամոլությունը զարգացնող, երկրից տարեկան 500 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլար հանող, պետբյուջեն 50 միլիոն դոլարով վնասող «կիսագրագետների» մեծ բլեֆի հետին նպատակները
«Խաղամոլության դեմ պայքարի» ականջահաճո վերնագրի տակ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները 2019-2020թթ. որոշ օրենքներում փոփոխություններ կատարեցին: Շատերն են հիշում 2019թ. Ալեն Սիմոնյանի հեղինակած՝ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Ըստ նախագծի՝ Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունների («Վիվառո», «Տոտո», «Աջարաբեթ», «Գուդվին-Բեթ» և «Եվրոֆուտբոլ») գրասենյակները կարող են գործել միայն Ջերմուկ, Մեղրի, Սևան և Ծաղկաձոր քաղաքներում, պետք է ստուգվի մուտք գործող քաղաքացիների ինքնությունը, ՀՀ տարածքում պետք է արգելվեն խաղադրույք կատարելու ավտոմատացված սարքավորումները, բուքմեյքերական ընկերությունների համար սահմանվում է պարտադիր 500 միլիոն դրամ դեպոզիտ, մոլախաղերով հրապուրված և իրենց ընտանիքի անդամներին ծանր դրության մեջ դրած քաղաքացիները պետք է զրկվեն բուքմեյքերական ծառայություններից օգտվելու հնարավորությունից, և այլն:
Դեռևս 2019թ. տեսակետներ հնչեցին, որ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող նախագիծն իրականում բարենպաստ պայմաններ է ստեղծում ՀՀ-ում առցանց և բուքմեյքերական գրասենյակների միջոցով գործունեություն ծավալող ամենախոշոր՝ «Վիվառո» ընկերության համար, որը շուկայի մոտ 80 տոկոսին է տիրապետում: Ըստ տեսակետների՝ բուքմեյքերական գրասենյակների փակվելու և միջազգային նմանատիպ կազմակերպությունների հասանելիությունն արգելելու արդյունքում՝ լիակատար պայմաններ են ստեղծվում հատկապես «Վիվառոյի» համար՝ մոլախաղերը տեղափոխելով առցանց հարթություն։ Ավելին, նույնիսկ լուրեր էին շրջանառվում, որ ի սկզբանե Ա. Սիմոնյանի ներկայացրած օրինագիծը գրվել էր հենց «Վիվառոյի» իրավաբանների կողմից և բխում էր հենց նրանց շահերից։ Ալեն Սիմոնյանը մտերիմ հարաբերություններ ունի «Վիվառոյի» հիմնադիրներ Վիգեն և Վահե Բադալյան եղբայրների հետ, վերջիններս էլ խոշոր աջակցություն են ցուցաբերել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած 2018թ. «հեղափոխությանը»՝ թե՛ ֆինանսապես, թե՛ տեխնոլոգիապես:
Օրինագծի քննարկումների ժամանակ՝ 2019թ. մայիսին բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները փակել էին Բաղրամյան պողոտան։ Բողոքի դուրս եկած «Օնլայն մոլախաղերը պետությանը հարկ չեն վճարում», «Ոչ մենաշնորհին» պաստառներով քաղաքացիները նշում էին, որ օրենսդրական կարգավորումների հետևանքով մի շարք քաղաքացիներ կմնան առանց աշխատանք, ավելին, նրանց խոսքով, բուքմեյքերական գրասենյակները փակելով՝ իշխանությունները նպաստում են, որ օնլայն տիրույթում գործող ընկերությունների համար մենաշնորհ հաստատվի:
2020թ. Ազգային ժողովն ընդունեց «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախ սահմանափակվեցին շահումով խաղերի գովազդների ցուցադրման ժամերը։ Կայքերի համար սահմանվեց, որ ցուցադրվող բաները չի կարող զբաղեցնել էջի 20%-ից ավելին։
Գործող օրենքով արգելվում է շահումով բոլոր խաղերի, այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, խաղասրահների ու տոտալիզատորների բոլոր տեսակի գովազդները՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, համացանցով, բացառությամբ իրենց պաշտոնական կայքերում, խաղատների, խաղասրահների, բուքմեյքերական գրասենյակների շենքերի, սրահների վրա փակցվող գովազդների: Թույլատրվում է գովազդներ տեղադրել նաև ՀՀ սահմանային մուտքի կետերում, առնվազն 4-աստղանի հյուրանոցներում ու վիճակախաղերի վաճառակետերում։
Գովազդային սահմանափակումներից հետո, բնականաբար, բուքմեյքերական ընկերություններն այդ ներդրումներն ուղղեցին օնլայն տիրույթ՝ ավելացնելով գովազդը և խաղերն ավելի հասանելի դարձնելով։ Գործող օրենսդրությամբ՝ օնլայն գովազդի դեպքում լրատվական կայքերում խաղատների և տոտալիզատորների գովազդները չպետք է գերազանցեն կայքի մակերեսի 20 տոկոսը. Սա՝ այն դեպքում, երբ հանրապետության բոլոր գլխավոր ճանապարհները ողողված են բացահայտ և թաքնված գովազդներով։
Գովազդի մասին օրենքում այդ փոփոխությունները մեծ հարված հասցրեցին կայքերի գովազդային հոսքերին. երբ երկրի տնտեսությունը չի գործում, տեղեկատվական հարթակները ողողվում են օնլայն կազինոների, խաղային բիզնեսի գովազդներով: Իշխանություններին ձեռք է տալիս՝ լրատվական կայքերը գովազդից գումարներ շատ չեն աշխատում, ֆինանսական ռեսուրսները կրճատվում են: Իշխանամերձ լրատվական կայքերը ֆինանսների խնդիր չունեն՝ հոգում են այդ մասին այս կամ այն կերպ, իսկ ընդդիմադիր ԶԼՄ-ներին այդպիսով զրկում են ֆինանսներից:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գովազդի արգելքի փոխարեն առաջարկում էր կիրառել, օրինակ` այլ երկրների կողմից առաջարկվող լուծումները, որոնք սահմանափակում են իրար հետևից մեծ հաշիվների կորուստը. «Մեկ է` այդ գովազդը լինելու է, որովհետև մենք բոլորս էլ լավ գիտենք, որ աշխատում են նաև դրսի կազինոներ, որոնք շատ ագրեսիվ գովազդ են անցկացնում այն հարթակներում, որտեղ հայաստանցիները, մեկ է` նստում են, օրինակ` ֆիլմերի կայքերում, այսինքն` գովազդն այսպես թե այնպես աշխատելու է, պարզապես դա լինելու է ոչ հայկական գովազդ: Մյուս հետևանքը նա է, որ մարդիկ, ուղղորդվելով դուրս, պարզ պատճառով փողը տանելու են Հայաստանից դուրս, որը սենց թե նենց ծախսվելու էր»։
Օրինագծի քննարկումների ընթացքում մասնագետներն ահազանգում էին նախագծի բացասական հետևանքների մասին՝
գովազդային ընկերությունների հասույթի 70 տոկոսից ավելին գոյանում է տվյալ ոլորտի շնորհիվ, և օրենքի ընդունման պարագայում՝ 1․ Էապես կկրճատվեն պետական բյուջեի մուտքերը: 2․ Հազարավոր մարդիկ կկորցնեն աշխատանքը: 3․ Տասնյակ կազմակերպություններ կլուծարվեն:
Շահումով խաղերի տոտալ սահմանափակման առիթով ոլորտի գրեթե բոլոր խաղացողները բաց նամակով դիմել էին կառավարությանը՝ նախագիծը վերանայելու առաջարկով։
«Առաջարկվող լուծումները չեն նպաստելու հայտարարված նպատակի իրագործմանը, դրանք չեն համապատասխանում միջազգային լավագույն փորձին, իսկ մյուս կողմից՝ առաջարկվող արգելքներն անդառնալի հետևանքներ են ունենալու գովազդային շուկայի վրա և ահռելի վնասներ հասցնելու այս ոլորտում աշխատող բոլոր կազմակերպություններին»,- հայտարարում էին նրանք:
ՔՊ-ականները սկսեցին մանիպուլյացնել մասնագիտական հանրույթի կողմից բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները՝ թե, տեսեք՝ մենք ինչ լավն ենք, ուզում ենք մեր քաղաքացիներին հեռու պահել մոլախաղերից, իսկ որոշները չեն ուզում զրկվել եկամուտներից:
Իսկ մասնագետները կանխատեսում էին պոպուլիստական կեղծ լոզունգներով առաջնորդվող կառավարության քայլերի աղետալի հետևանքները և մեծ բլեֆը, թե պայքարում են մոլախաղերի դեմ:
Շուտով՝ սեպտեմբերի 11-ից, գովազդային սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն: Ինչ է կատարվում բուքմեյքերական բիզնեսի ոլորտում և ինչ հետևանքներ կունենան Փաշինյանի կառավարության և կուսակիցների օրենսդրական նախաձեռնությունները, ինչ վտանգներ են պարունակում: Խնդիրները ներկայացնելու համար զրուցել ենք ոլորտի մի քանի մասնագետների հետ, որոնց անունները, հասկանալի պատճառներով, չենք նշում:
Բուքմեյքերական գրասենյակների փակումը և բուքմեյքերական գործունեության լիցենզավորումը
«Երբ որոշում ընդունվեց Հայաստանում բուքմեյքերական գրասենյակները գրեթե ամբողջությամբ փակել, այդ որոշումից հետո յուրաքանչյուր բուքմեյքեր իրավունք ուներ ունենալ առավելագույնը 26 բուքմեյքերական կետ: Այդ թիվը Հայաստանում արդեն հասնում էր մոտավորապես 500-ի, այժմ արդեն ընդհանուր առմամբ մոտ 104 գրասենյակներ կան: Գործող իշխանությունների այդ որոշումը, նախ, հստակ մեսիջ էր, որ տենդենցը դեպի օնլայն տիրույթ է տեղափոխվում, և երկրորդը, շուկայում կար դոմինանտ դիրք զբաղեցնող ընկերություն՝ «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակը, որին պարզապես ձեռք էր տալիս տեղափոխվել օնլայն տիրույթ, քանի որ գրասենյակային ծախսեր հոգալը ձեռնտու չէր, ոչինչ չէր կորցնում, և մեծ հաշվով՝ շուկայում նրա գերակա դիրքը թույլ էր տալիս օնլայն գործունեություն ծավալել: Իշխանությունների հետ ունեցած անձնական սերտ կապերի միջոցով կարողացան այնպես անել, որ առաջին փուլով բուքմեյքերական գրասենյակները տեղափոխվեցին՝ օնլայն հարթակում գործունեություն ծավալելու»,- պատմում է մեր զրուցակիցներից մեկը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ «Վիվառոյի» հետ փոխկապակցված «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ի հիմնադիրն Անգլիայի Մեն կղզում գրանցված ընկերություն է՝ «Սոֆթ կոնսթրաքթ լիմիթիդը»:
Ըստ hetq.am-ի՝ «Սոֆթ Կոնստրակտի» տնօրենը Հարություն Համբարձումյանն է, ով «Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպության ղեկավարների խորհրդի անդամ է, 2008-ից՝ «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, իսկ 2015թ.-ից ղեկավարում է «Վիվառո Գեյմը», որը զբաղվում է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպմամբ, և նույն թվականից «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության ղեկավարն է, որն էլ խաղային բիզնեսին ծրագրային ապահովում մատակարարող ընկերություն է:
Ըստ ոլորտի փորձագետների՝ Հայաստանում կար որոշակի շուկա, որը սկսեց կտրուկ աճել, երբ Հայաստան մտավ վրացական «Աջարաբեթ» ընկերությունը, որի սեփականատերերը հիմնականում վրացիներ են, նրանցից մեկը՝ ադրբեջանական արմատներով: «Աջարաբեթը», սկսեց շատ ագրեսիվ գովազդային արշավներ անել:
««Վիվառոն», Հայաստանի «հեղափոխական» իշխանության որոշ ներկայացուցիչների հետ ունեցած իր կապերի շնորհիվ, կարողացավ կրճատել գովազդների տեղադրումը: «Վիվառո» ընկերությունում կա «Վիվառո մեդիան», որը բավական լուրջ ռեսուրս է ու գովազդային մեծ հարթակ: Եթե նկատել եք՝ «Վիվառոյի» բոլոր գրասենյակների մոտ կա «Ֆասթ կրեդիտ» վարկային կազմակերպություն-գրավատունը: «Ֆասթ կրեդիտը», որը «Վիվառո» ընկերությունների խմբի մեջ է, բանկային գործունեություն ծավալելու նախնական լիցենզիա է ստացել:
Ընդունված օրինագծի վերապահումները վերաբերում են բիզնեսների խաչմանը: Եթե պետությունը տեսնում է, որ բիզնեսները խաչվում են, լիցենզիայից զրկում են օնլայն կազինոներին: Լիցենզիայի պետական տուրքը կազմում է տարեկան 1 միլիարդ 200 միլիոն դրամ, որից 600 միլիոնն օնլայն կազինոյի տուրքն է, 600 միլիոն դրամը՝ բուքմեյքերական գրասենյակինը: Նախկինում պետական տուրքը 100-ական միլիոն դրամ էր, այսինքն՝ տարեկան 200 միլիոն դրամ, որը տարեցտարի բարձրացավ զուտ նրա համար, որպեսզի փոքր ընկերությունները դուրս գան շուկայից, կամ դրսից նոր ընկերություններ Հայաստանում լիցենզիա չունենան»,- պատմեցին ոլորտի մասնագետները:
Ստվերային խաղամոլությունը զարգացնելու և գումարները երկրից դուրս հանելու նուրբ արվեստը
Բուքմեյքերական գրասենյակներն արգելող օրինագծի ընդունումից հետո Հայաստանում օնլայն կազինոների ու բուքմեյքերական գրասենյակների հաճախորդները հսկայական թիվ են կազմում, որը հոյակապ շուկա է «սևով» աշխատող ցանկացած ընկերության համար:
Ինչպես նշեցինք՝ սեպտեմբերի 11-ից Հայաստանում լիցենզավորված բուքմեյքերական ընկերությունների գովազդն արգելվելու է: Իսկ լիցենզիա չունեցող ընկերությունների վրա իրավական ազդեցություն պետությունը չի կարող ունենալ:
«Ինչպես գիտեք՝ Հայաստանում պոռնկագրական բովանդակության նյութեր պատրաստելն ու տարածելը քրեորեն պատժելի արարք է, սակայն մեր պետությունը մինչև հիմա որևէ պոռնոկայք ՀՀ-ում չի համարել անլեգալ, ու դրանք գործում են ՀՀ տարածքում, որից կարող են օգտվել բոլոր քաղաքացիները՝ առանց սահմանափակումների: Օրինակ, եթե նմանօրինակ կայքերում սեպտեմբերի 11-ից հետո տեղական բուքմեյքերական որևէ ընկերության գովազդ լինի, նրան լիցենզիայից կզրկեն ու միլիարդներով տուգանք կգրեն: Բայց եթե դրսի ընկերությունը, որը Հայաստանում ոչ լեգալ որևէ պոռնոկայքում ոչ լեգալ գովազդ տեղադրի, ապա պետությունը որևէ լծակ չի կարող գործադրել: Սա նշանակում է, որ լիցենզավորված ընկերությունն այդ պետք է շահառու լինի՝ բենեֆիթոր, սակայն բենեֆիթոր չէ, որովհետև բենեֆիթոր են ոչ լիցենզավորված ընկերությունները: Դրանով պայմանավորված՝ տեղեկություններ կան, որ «Գուդվին» և «Աջարաբեթ» ընկերությունները լիցենզիաներն ավարտելուց հետո չեն շարունակելու, կրկին լիցենզիա ձեռք չեն բերելու և աշխատելու են՝ որպես միջազգային ընկերություններ: Փաստացի նրանք չեն դադարեցնելու իրենց գործունեությունը, այլ աշխատելու են այնպես, ինչպես մնացած ոչ լիցենզավորված ընկերությունները, բայց նրանք արդեն կկարողանան գովազդ տեղադրել տարբեր երկրների պոռնո և այլ կայքերում, ու մեր պետությունը դրա վրա ազդելու իրավական որևէ լծակ չի ունենալու:
168.am-ի տեղեկություններով՝ այս պահին 5 ընկերություններ ամսական 50-200.000 դոլար գովազդային-մարքետինգային բյուջեով պատրաստվում են մտնել հայկական բուքմեյքերական շուկա: Այդ բյուջեն, բնականաբար, նրանք չեն ծախսելու հայկական ԶԼՄ-ներում գովազդ տեղադրելու համար, որովհետև ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է Կառավարության ներկայացրած «Գովազդի մասին օրենքում փոփոխություն կատարելու» նախագիծը, որով առաջարկվում է արգելել շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը: Արգելքը տարածվելու է ռադիոյի, հեռուստատեսության և համացանցի վրա:
Տոտալիզատորների գովազդ կթույլատրվի միայն իրենց պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը` նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում:
Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցներն այդ նախագծերով ինքնագովազդվեցին, ականջահաճո ելույթներ ունեցան՝ իբրև թե պայքարում են խաղամոլության դեմ: Այնինչ, ոչ միայն խաղամոլությունը սկսեց ծաղկել ստվերային կերպով՝ օնլայն տիրույթում, այլև հսկայական վնասներ հասցվեցին թե՛ քաղաքացուն, թե՛ պետական բյուջեին:
«Հայկական պարարտ շուկա մուտք գործող այդ ընկերությունները գովազդի, մարքետինգի համար նախատեսված այդ փողը այսուհետ ծախսելու են դրսի կայքերի վրա, որոնք Հայաստանում ունեն մինիմալ թրաֆիկ: Այսինքն՝ այդ գումարը մուտք չի գործելու Հայաստանի տնտեսություն: Բացի այդ, իրենք չեն վճարելու տարեկան 1.2 միլիարդ պետական տարեկան միանվագ տուրքը, աշխատակիցների եկամտահարկը, գրասենյակային տարածքի վարձավճարը, տեխնիկայի ու գույքի համար պահանջվող գումարը, այսինքն՝ հսկայական գումարներ տնտեսության դրամաշրջանառությունից դուրս են գալիս:
Ավելին, հայկական բուքմեյքերական ընկերությունների բոլոր խաղացողները, օգտատերերն օրենսդրությամբ պաշտպանված են, ցանկացած խնդրահարույց դեպքում կարող են դիմել ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, կառավարություն, Ֆինանսական հաշտարարի գրասենյակ ու օգտվել ՀՀ քրեական ու վարչական օրենսգրքերի ընձեռած հնարավորություններից: Ավելին, հանրային արձագանքը կարող է դեր խաղալ, երբ հանկարծ լիցենզավորված ընկերությունը ոչ իրավաչափ գործողություններ անի: Իսկ ոչ տեղական, առանց լիցենզիաների գործունեություն ծավալող ընկերությունների դեպքում խաղացող քաղաքացին առհասարակ պաշտպանված չէ:
168.am-ի տեղեկություններով՝ դրսի ընկերություններից երկուսը թուրքական են, օրինակ՝ «Մարզբեթ» ընկերությունը, որի սեփականատերերն ազգությամբ թուրքեր են, օֆշորային ընկերություն է, որի լիցենզիան Կյուրասաոյի լիցենզիա է: Հայտնի է, որ Կյուրասաոն շատ հեշտ է տրամադրում լիցենզիա, և այն ունեցողները կարող են գործել բոլոր լեգալ շուկաներում ու կարող են գործել նաև «սև» ու «մոխրագույն» շուկաներում: Սևն այն շուկաներն են, որտեղ լրիվ արգելված են օնլայն կազինոները, մոխրագույնը նրանք են, որտեղ կան օրենսդրական սահմանափակումներ:
Ի դեպ, այս պահին թուրքական «Մարզբեթ» ընկերությունն «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գլխավոր գործընկերն է: «Ալաշկերտը» հայկական ակումբ է, որը խաղում է VBET պրեմիեր լիգայում, և որի գլխավոր գործընկերը թուրքական ընկերություն է: Հանրային հեռուստաընկերությունով հեռարձակվող «Ալաշկերտի» մասնակցությամբ խաղերում հայկական ակումբը թուրքական լոգոյով է հանդես գալիս:
Ըստ ոլորտի լավատեղյակ մասնագետների՝ այժմ 2 թուրքական, 2 ուկրաինական և 1 վրացական ընկերություններ մտադիր են մտնել հայաստանյան շուկա:
«Այս պահին հայկական 1 հաճախորդի արժեքը միջազգային շուկայում գնահատվում է մինչև 100 դոլար: Պատկերացրեք՝ ի՜նչ պատրաստի շուկա է՝ «սևով» մուտք գործելու համար՝ բազաների թանկության տեսանկյունից: Երբ աշխատի անկանխիկի վճարումները, ապա ի՞նչ կլինի, երբ բանկն ու բուքմեյքերական օնլայն կազինոն ունենան միմյանց օգտատերերի բազաները: Այսինքն՝ բուքմեյքերական օնլայն կազինոն այդպիսով ձեռք է բերում անհատ քաղաքացիների ողջ տվյալները ու հասկանում է, թե որ հաճախորդն է իրեն պետք… Օրենքի նախագծերի «Իմ քայլ»-ական հեղինակ-պատգամավորներին հարց է տրվել՝ ինչպե՞ս եք պաշտպանելու այն մարդկանց շահերը, ովքեր վճարում են լիցենզիայի համար: Օրենքի հեղինակներից Բաբկեն Թունյանն այս հարցին ի պատասխան՝ հակադարձել է՝ երեխա ունե՞ս, կուզե՞ս երեխադ «ղումարբազ» դառնա: Մարդկանց մոլորեցնում են, իբրև թե պայքարում են խաղամոլության դեմ: Ստում են: Ոչ միայն չեն պայքարում, այլև վտանգներն են մեծացնում, վերահսկողություն չի լինելու, տվյալների ողջ բազան կենտրոնանալու է օտարերկրյա անհայտ ծագման ընկերությունների ձեռքին և միլիոնավոր դոլարներ պետական բյուջե չեն մտնելու՝ Հայաստանից դուրս են գալու:
Հարցնում էինք այդ պատգամավորներին՝ ինչպե՞ս եք պատասխանելու տեղական ընկերություններին, որոնք մոտ 10 միլիոն դոլարի միայն հարկեր են վճարում, ու այդ գումարը ներդրվում է հայկական տնտեսության մեջ: Թունյանը պատասխանում է՝ մի հոգի էլ որ չխաղա, մենք կհամարենք մեր առաքելությունն ավարտված: Դեմագոգիա է, անպատասխանատու մանիպուլյացիա…»,- իրավիճակի ողբերգականությունը ներկայացնում է մեր զրուցակիցներից մեկը:
Ով կփակվի, ով շամպայն կբացի
Այս պահի դրությամբ պետությունը տեսնում է Հայաստանում գործող բոլոր բուքմեյքերական ընկերությունների ֆինանսական շարժերը: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու օրեր անց՝ սեպտեմբերի 11-ից հետո, երբ «Իմ քայլ»-ականների օրենսդրական փոփոխությունները սկսեն գործել:
Այսպես, սեպտեմբերի 11-ից հետո Հայաստան մուտք կգործեն հիմնականում օֆշորներում գրանցված միջազգային ընկերությունները, կլիցքավորվեն դրսի, օրինակ՝ ուկրաինական «Կիվի» դրամապանակներով, կամ տելեգրամ բոտերի, PeyPal-ի միջոցով, բայց դա այլևս չի երևալու մեր տնտեսության մեջ: Փոխարենը Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարության անդամները խրոխտ ձայնով հայտարարելու են՝ իբրև թե իրենց պայքարի արդյունքում երկրում խաղամոլությունը 50%-ով նվազել է: Ցուցանիշ են ցույց տալու, բայց փաստացի այդ գումարները Հայաստանից դուրս են բերվելու:
Այն ընկերությունները, որոնք այսօր ցանկանում են Հայաստանի բուքմեյքերական շուկա մուտք գործել, շատ ցածր վարկանիշ ունեցող ընկերություններ են, ինչպես, օրինակ, «Մարզբեթը», «1XBet»-ը, որոնց վերաբերյալ բուքմեյքերական քննարկումներում բավականին վատ արձագանքներ կան: Այս ընկերությունները, ըստ մասնագետների, աշխատում են անընդհատ դոմեյն փոխելով: Ընդ որում, տեղեկություններ կան, որ «Հայբիզնեսբանկը» (որի առքուվաճառքից հետո ՔՊ-ական ՀՀ նախկին փոխվարչապետ, Երևանի քաղաքապետի պաշտոնին ձգտող Տիգրան Ավինյանը դարձավ «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ) գնել է «1XBet»-ը, որն ավելի շատ ռուսական ընկերություն է համարվում, բայց կրկին օֆշորային է: Այս ընկերությունը, ինչպես լավատեղյակներն են նշում, կրկին մուտք է գործելու հայկական պատրաստի բուքմեյքերական շուկա, որն իդեալական շուկա է, ինչպես նշեցինք, «սևով» աշխատելու համար:
Իսկ ինչպե՞ս են կառավարվում բուքմեյքերական ընկերությունների աշխատանքը Իրանում և Ռուսաստանում, եվրոպական երկրներում: Ըստ մեր զրուցակիցների՝ Ռուսաստանն այս ոլորտի համար «մոխրագույն շուկա» է, ինչ-որ չափով կառավարվում է, կա ոչ լեգալ մաս, հսկայական գումարներ են շրջանառվում: Պարսկաստանում կատեգորիկ արգելված է, բայց այնտեղ մեծ գումարներ են շրջանառվում այս ոլորտում գործող տելեգրամ ալիքների միջոցով: Այսինքն՝ բուքմեյքերական՝ խաղային բիզնեսը գլոբալ առումով անհնար է արգելել: Իսկ, ահա, Ֆրանսիան շարժվում է օրինականացման փուլով և վերահսկողության տրամաբանությամբ:
«Երբ որևէ պետություն չի կարողանում վերահսկել այդ շուկան, արգելում է, բայց արգելելով՝ առաջացնում է «սև» շուկա, այսինքն՝ բառի բուն իմաստով սկսվում է «բեսեդկաներում ղումարի» գործընթաց, որի հետևանքներն աղետալի են լինում: Ոուսումնասիրեք օնլայն կազինոների աճման հետ այս թեմայով ինքնասպանությունների թվի քանակը ու այն համեմատեք մինչ այդ գրանցված թվերի հետ: Բավականին կրճատվել է: Հիմա մենք գնում ենք հակառակ ուղղությամբ: Գնում ենք կիսակարգավորվողի տրամաբանությամբ, որի հետևանքներն աղետալի են լինելու՝ նախ տնտեսական, ապա՝ զուտ անձնական ողբերգությունների տեսանկյունից: Սա կոչվում է ագենտային համակարգ: Այսինքն՝ Հայաստանում ներդրվելու են ագենտներ: Այս պահին երկու ընկերություններ ունեն շատ ուժեղ ագենտային համակարգեր: Դրանք աշխատում են բուրգային համակարգով: Լինում են ռեգիոնալ ագենտներ, օրինակ՝ մարդն ուզում է խաղադրույք կատարել, վճարում է այդ մարդուն, նա էլ՝ իր ղեկավարին, ու ստացվում է ոչ լեգալ խաղադրույք, ու այնպես, որ մարդիկ կարողանում են պարտքով խաղալ, իսկ դրա հետևանքները հասկանալի են… Եթե նախկինում կար «տուն կրվել» հասկացողությունը, հիմա մարդը չի կարող տունը որպես խաղադրույք դնել, կարող է առավելագույնն այն վաճառել, ինչը պրոցես է, ու այդ պրոցեսի ժամանակ ինքը կարող է փոշմանել, կամ ընկերներն ազդեն վրան: Իսկ սև շուկաներում մարդիկ տունը բառի բուն իմաստով են դնում որպես խաղադրույք՝ պահի ազդեցության տակ, ու պարտվում:
Գոյություն ունի նաև աֆլեյտական համակարգ, որն աշխատում է հետևյալ տրամաբանությամբ: Դու քո կայքով բերում ես հաճախորդ, ստանում ես եկամտից մասնաբաժին: Դու դառնում ես բուքմեյքերականի կցորդ, փաստացի դու չես զբաղվում օնլայն կազինոյով, բայց քո միջոցով խաղում են, ու քեզ վրա ոչ մի լծակ չունեն դուրս գալու: Դու գնում ես պայմանական, օրինակ՝ poghos.ru կայքի ֆորում՝ կարդալու ինչ-որ մեկի մասին, ու քեզ առաջարկվում է հղումով գնալ ու խաղալ, և դրա համար քեզ առաջարկվում է բոնուս: Դու գնում ես տվյալ կայք, գրանցվում ես, ու քեզ ասում են՝ կստանաս 200 դոլարի նվեր, բայց դա ստանալու համար պետք է կատարես 200 դոլարի դեպոզիտ: Այսինքն՝ խաղացողն ունենում է 400 դոլար, բայց այդ գումարը նա պետք է 35 անգամ խաղարկի: Փաստացի 30 անգամ խաղարկելուց հետո 99.9% դեպքերում բուքմեյքերական գրասենյակը չի ունենում ոչ մի կորուստ, կորուստն ամբողջությամբ ընկնում է հաճախորդի՝ խաղացող քաղաքացու վրա: Այսինքն՝ բոլոր այդ մարքետինգային քայլերը, որոնք Հայաստանում չեն արվում, որովհետև դրանք վերահսկելի են, դրսի ընկերություններն անբարոյական կերպով անելու են»,- ներկայացրեցին մեր զրուցակիցները:
ՀՀ գործող իշխանությունների կողմից օրենսդրական այս փոփոխությունների արդյունքում օնլայն խաղատնային բիզնեսից փաստացի բոլոր ընկերությունները շուկայից դուրս են գալու, լիցենզիայից հրաժարվելու են, և շուկայում լիցենզիայով մնալու են միայն «Տոտոն» ու «Վիվառոն»:
Դիտարկմանը, թե ՀՀ իշխանություններն ինչո՞ւ են սա անում, առավել ևս՝ երկրում խաղամոլությունը չի կրճատվելու, խաղացողների թիվը չի նվազելու, սև՝ անկառավարելի շուկա է առաջանալու՝ նորանոր անվերահսկելի խնդիրներ առաջացնելով, երկրի տնտեսությունից ահռելի գումարներ են դուրս հանվելու, կորուստներ է ունենալու երկիրը, խնդիրը չի լուծվելու, մեր զրուցակիցներից մեկը պատասխանեց.
«Նախ՝ որովհետև այս կառավարության անդամները կիսագրագետ են, չեն հասկանում դրա աղետալի հետևանքները, կամ էլ պարզապես հող են հարթում, որպեսզի ընկերությունները դուրս գան շուկայից և օրենսդրական կարգավորմամբ՝ իրենք մուտք գործեն պատրաստի շուկա»:
Մեր մյուս զրուցակցի պնդմամբ՝ միայն երկու՝ «Տոտո» և «Վիվառո» ընկերությունների միանվագ պետական տուրքը տարեկան 1.2 միլիարդ դոլար է յուրաքանչյուրի համար, այսինքն՝ ընդհանուր 2.4 միլիարդ.
«Բացի այդ, այդ ընկերություններն ունեն դրամաշրջանառություն, որը նույնպես չի երևալու, ինչպես նաև չի երևալու այն դրամաշրջանառության կորուստը, որը ստացվելու է միջազգային ընկերությունների միջոցով խաղալիս: Մոտավոր հաշվարկներով, ըստ մասնագետների, մեր պետությունը այս օրենքի՝ գործողության մեջ դրվելուց, այսինքն՝ սեպտեմբերի 11-ից հետո, տարեկան ունենալու է 500 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլարի կորուստ: Այդքան գումար դուրս է գալու երկրից, իսկ պետբյուջե չի մտնելու մոտ 50 միլիոն դոլար: Այսօր շահումով խաղերի ոլորտում Հայաստանում, ի դեպ, աշխատում է մոտ 7000 մարդ: Այն ընկերությունները, որոնք շարունակելու են լիցենզիայով աշխատել, ունենալու են ամբասադորներ (հիմնականում դրանք շոու-բիզնեսում կամ հանրային կյանքում հայտնի դեմքեր են, որոնց հետ աշխատում են), այսինքն՝ անհատներ, որոնք ընկերության դեմքն են: Փաստացի դա էլ է ոչ վերահսկելի, երբ բազմաթիվ հետևորդներ ունեցող որևէ հայտնի մարդ իր սոցիալական ցանցերի էջերում կիսվում է որևէ բուքմեյքերական ընկերությունում խաղալիս իր շահումի պատմությամբ: Օրենքի տեսանկյունից սա գովազդ չէ, բայց փաստացի գովազդ է»,- իրավիճակը ներկայացրեց նա:
Պաշտոնական վիճակագրությամբ, անցած տարի Հայաստանում բուքմեյքերական ոլորտում ավելի քան 6,5 միլիարդ դոլար է շրջանառվել: Մեկ տարում մարդիկ ավելի քան 140 միլիոն դոլար են պարտվել։
Ըստ 168.am-ի տեղեկությունների՝ «Տոտո» և «Վիվառո» ընկերություններն իրենց ամբասադորների հետ պայմանագրերը երկարաձգում են նաև սեպտեմբերի 11-ից հետո: Այսինքն՝ շարունակելու են լիցենզավորված գործունեություն ծավալել:
Ի դեպ, կախված հայտնի, հանրային անձի ճանաչելիության մակարդակից՝ ամբասադորների կողմից գովազդային այդ աշխատանքի համար տրվող ամսական աշխատավարձը կազմում է 400.000 հազարից մինչև 5 միլիոն դրամ: Կապ ունի՝ շաբաթական քանի անգամ է գովազդում բուքմեյքերական ընկերությունը, գովազդում նկարվո՞ւմ է, թե՞ ոչ. տարբեր գործոններ կան, որոնցով պայմանավորված է ամբասադորների գնագոյացումը: Այնպես որ, ուշադիր լինելու դեպքում՝ անմիջապես կարելի է հասկանալ՝ ովքեր են օնլայն կազինոներ գովազդող հայտնի դեմքերը:
Ի՞նչ անել, ինչպե՞ս կարգավորել ոլորտը
Ըստ ոլորտի մասնագետների՝ բուքմեյքերական գրասենյակների մշակույթը ոչ թե պետք է արգելվի, այլ պետք է դառնա ամբողջովին վերահսկելի, ինչպես, օրինակ, Լոնդոնում է: Մարդիկ այնտեղ ժամանակ են անցկացնում, դա այնտեղ վերահսկելի մշակույթ է:
Բուքմեյքերական գրասենյակները պետք է գործեն, և դրանք անպայման պետք է դպրոցներից, կրթական հաստատություններից հեռու տեղակայված լինեն: Գրասենյակների գոյությունը ոլորտը վերահսկելի է դարձնում, չլինելը՝ անկառավարելի ու ոչ վերահսկելի է դարձնում ու կանաչ լույս վառում սև շուկայի համար:
Այսօր օրեցօր տելեգրամ-ալիքներ են ավելանում՝ թե՛ ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող, և թե բուքմեյքերական գործունեություն ծավալող: Թրաֆիկը այդպիսով գեներացվում է տելեգրամ ալիքներում, որը ոչ մի կերպ վերահսկելի չի լինելու: Բուքմեյքերական ընկերությունները անդեմ մարդկանց դեմքով գովազդը շարունակելու են:
Ըստ մասնագետների՝ կարելի էր դարձյալ բուքմեյքերական բիզնեսի լիցենզիան թանկացնել, գովազդի վրա դնել ժամային սահմանափակումներ: Եթե տեղական լիցենզավորված ընկերությունը լինի բենեֆիթոր, ապա միջազգային, այդ թվում՝ կասկածելի որևէ ընկերություն չի կարող մտնել շուկա, իսկ հիմա ՀՀ իշխանությունները իրենց ապաշնորհ գործունեության հետևանքով հարթակ են ստեղծում թուրքական ընկերությունների համար՝ ասելով՝ եկեք, մեր փողերը տարեք…
«Կրկին հիշեցնենք աբսուրդի աստիճանը՝ հայկական «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը խաղում է թուրքական լոգոյով: Ուզո՞ւմ եք ձեզ համար ամեն ինչ պարզ լինի. պարզապես որոնողական ինտերնետ համակարգում փնտրեք թիմի գործընկեր «Մարզբեթ» օֆշորային ընկերության մասին տվյալներ՝ որտեղ է գրանցված, ովքեր են սեփականատերերը, ինչ լիցենզիա ունի, կա՞ արդյոք կոնտակտային տվյալ, և ամեն ինչ պարզ կլինի… Եթե ընկերությունը պատրաստ է ամեն ամիս մարքետինգի՝ գովազդի և այլնի վրա ծախսել 200 000 դոլար, ուրեմն ինչքա՞ն պիտի լինի նրա եկամուտը: Հաշվենք ու կհասկանանք՝ ինչքան գումար է ամեն ամիս երկրից դուրս գալու: Բնականաբար, շատերը խուսափելու են լիցենզավորված գործունեություն ծավալել, լիցենզիայի համար այդքան գումար վճարել: Ինչո՞ւ պետք է ընկերությունը տարեկան 3 միլիոն դոլար պետական տուրք վճարի, եթե կարող է առանց դրա էլ գովազդ տեղադրել, «սևով» գործունեություն ծավալել: Դրա համար էլ այդ ընկերությունները կհրաժարվեն լիցենզիաներից, ու դաշտում կմնան միայն «Տոտոն» ու «Վիվառոն»: Չի բացառվում, որ իշխանությունները կարող են դրսից մուտք գործող ընկերություններում մասնաբաժին ունենալ կամ օրենսդրական փոփոխություներ կատարելով՝ որոշներին աշխատելու թույլտվություն տալ»,- իրավիճակը ներկայացրեց մեր մյուս զրուցակիցը:
Ոլորտի փորձագետի կարծիքով՝ պետությունը իր քաղաքացիներին պաշտպանելու համար պետք է այս օրենքները հետ կանչի ու լսի փորձագետներին, տնտեսագետներին, իրավաբաններին, ոլորտի մասնագետներին, միջազգային լավագույն փորձն ուսումնասիրեն, ոչ թե կազմակերպի ձևական հանրային լսումներ, կեղծ ցուցանիշներ ներկայացնելով՝ PR-վի ու օրենքներ ընդունի, որոնք նոր աղետների առջև են կանգնեցնելու և երկիրը, և քաղաքացուն: Այսօր Հայաստանում լուրջ փորձագետներ կան, որոնք կարող են ասել՝ ինչպես է հնարավոր շուկան դարձնել վերահսկելի: