Սա մեծ պատերազմի նախերգանք է. այդ պատերազմում Հայաստանը դառնալու է պալիգոն. Ռուբեն Մելքոնյան

Թուրքական և ադրբեջանական զինված ուժերը համատեղ զորավարժություն են անցկացնում Ադրբեջանում։ Երկու երկրների ուժային գերատեսչությունների տարածած հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի և Ադրբեջանի բանակային ստորաբաժանումները ռազմական համագործակցության պայմանագրի շրջանակներում են համատեղ զորավարժանք սկսել Բաքվի, Աստարայի, Ջաբրայիլի (Ջրական) և Իմիշլիի նահանգներում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դիմելով «Եղբայրական բռունցք» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասնակիցներին՝ նշել է. «Ես հավատում եմ, որ դուք ուժ տվեցիք ընկերներին և վախեցրեցիք թշնամիներին»։

Էրդողանը նաև հավելել է՝ այս զորավարժությունները ցույց են տվել, որ Բաքվին և Անկարային ոչ ոք չի կարող բաժանել:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԵՊՀ արևելագիտության դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Իրանի սահմանին մեկնարկած զորավարժությունները համարեց մեծ պատերազմի նախերգանք, մեծ պատերազմի, որի համար Հայաստանը կդառնա թատերաբեմ։

Կարդացեք նաև

«Այս զորավարժություններն առաջին հերթին մեսիջ են Իրանին, իրանական զորավարժություններին և Իրանի այն մտահոգություններին, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի սահմաններին՝ կարմիր գծին՝ Հայաստանի սահմանների մասով։ Այս զորավարժությունները մեծ պատերազմի նախերգանք են, որտեղ Ադրբեջանը կարող է լինել պատերազմ հրահրող առաջամարտիկ՝ թվացյալ, որովհետև այդ մեծ պատերազմը հրահրող պետություններն են Թուրքիան և Իսրայելը։ Հայաստանը շատ փոքր գործոն է, բայց Հայաստանը դառնալու է այդ մեծ պատերազմի թատերաբեմ կամ պալիգոն այդ «մեծ խաղի» ժամանակ»,- ասաց Մելքոնյանը։

Թուրքագետի խոսքով՝ մեծ պատերազմի հոտ է գալիս, և ակնհայտ է, որ թուրքական բանակի դուստր ձեռնարկություն համարվող ադրբեջանական բանակի գործողությունները լինելու են հենց թուրքական բանակի գործողություններ։

Անդրադառնալով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այն հայտարարությանը, թե հուսով են՝ Հայաստանն անպատասխան չի թողնի Անկարայի և Բաքվի մեկնած խաղաղության ձեռքը, Ռուբեն Մելքոնյանը շեշտեց.

«Դա իրականության մեջ արյունոտ բռունցք է՝ թուրք-ադրբեջանական արյունոտ բռունցք, որը կախվել է Հայաստանի գլխին, որով պարտադրում են Հայաստանին բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», ուստի զորավարժություններն ու նոր ռազմական ակտիվության փուլն ու Սյունիքով միջանցքի պահանջը ցույց են տալիս, որ ամեն կերպ Իրանը պետք է ներքաշվի այս «մեծ խաղի» մեջ, որովհետև, «ցավոք սրտի», Հայաստանն այլևս գործոն չէ։ Այստեղ հարց է նաև այն՝ արդյո՞ք Սյունիքով միջանցքը Իրանի համար լինելու է այնպիսի կարմիր գիծ, որի համար պատրաստ կլինի գնալ ռազմական առճակատման»,– ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս