Արցախի օկուպացված տարածքներում հայտնաբերված ականների և պայթուցիկ զինամթերքի մեծ մասը «Հայկ Մեկ» ընկերությանն են. իշխանափոխությունից առաջ այն գործել է, այսօր՝ ոչ

Արցախի օկուպացված տարածքներում հայտնաբերված ականների և պայթուցիկ զինամթերքի մեծ մասն արտադրվել են հայկական «Հայկ Մեկ» ընկերության կողմից, որը հիմնվել է 1991-ին և կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտում:

Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասվում է Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացված միջանկյալ զեկույց-նամակում:

Նշվում է, որ «Հայկ Մեկ» ընկերության արտադրած (ПМН-Э, ПМН-2, ПОМЗ-2, ОЗМ-72, МОН-50, ПФМ-1) ականները ցուցադրվել են ArmHiTec2016 սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում:

Համաձայն զեկույցի՝ Ադրբեջանին Հայաստանի փոխանցած ականապատ տարածքների քարտեզները պարունակում են մոտ 400.000 հակատանկային, հակահետևակային ականների և պայթուցիկ զինամթերքի վերաբերյալ տեղեկություն: Այսինքն, ըստ ադրբեջանական կողմի, տրամադրված ականապատ քարտեզների միայն 25 տոկոսն է ճշգրիտ, որն ընդգրկում է գրավյալ տարածքների մոտավորապես 1.25 տոկոսը:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենցից մոտ 30 տարի և 25 մլրդ դոլար է պահանջվելու Արցախի օկուպացված տարածքներն ամբողջությամբ ականազերծելու համար, քանի որ խոսքն ավելի քան 1 միլիոն ականի մասին է:

Ինչ վերաբերում է «Հայկ Մեկ» ընկերությանը, ապա 2017-ին ՀՀ կառավարության որոշմամբ երկարացվել էր կազմակերպության՝ զենք արտադրելու թույլտվության արտոնագիրը, դրանով ընկերությանը թույլատրվել էր ևս 5 տարի ռազմամթերք արտադրել:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ ընկերությունը 2012 թվականից մինչ այդ պահը կատարել է զենքի արտադրության մոտ 503 միլիոն դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանքներ և ըստ տվյալների՝ ավելացրել արտադրության ծավալները։

Ընկերությունը զբաղվում էր ականանետերի, ականների, պայթուցիչների, փամփուշտների և այլ զինամթերքի արտադրությամբ:

168.am-ը փորձեց ընկերությունից կոնտակտային որևէ տվյալ գտնել՝ հետագայում կապ հաստատելու համար, սակայն «Սփյուռ» տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ «Հայկ Մեկ» ընկերությունը չի գործում:

Մենք կփորձենք պարզել, թե ինչու երկարամյա փորձ ունեցող ընկերությունը չի գործում, ո՞րն է պատճառը:

Տեսանյութեր

Լրահոս