Բաժիններ՝

Որո՞նք են Երևանում զբոսաշրջության ոլորտի հիմնախնդիրները

Երևան քաղաքի զարգացման 2023 թվականի ծրագրի նախագծում անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջությանը:

Նշվում է, որ 2021 թվականի տվյալներով Հայաստան է ժամանել 588,731 զբոսաշրջիկ: Զբոսաշրջային ծառայությունների արագ աճող պահանջարկը վերջին տարիներին հանգեցրեց հյուրանոցների թվի աճին: Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների՝ 2021 թվականի դրությամբ Երևան քաղաքում գործում է 522 ՀՏՕ (հյուրանոցային տնտեսության օբյեկտ)՝ 4845 համարներ քանակով: Երևան քաղաքում գործում են զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման երկու կենտրոններ, որոնք այցելուներին անվճար տրամադրում են Երևանի բազմալեզու քարտեզներ, համայնքային թանգարանների, «Երևան Սիթի Տուր» էքսկուրսիոն ծրագրի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային ծառայությունների, բնակիչների ընդունելության ժամանակացույցի, «Թեժ գիծ» ծառայության վերաբերյալ տեղեկատվական բրոշյուրներ: Մայրաքաղաքի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կենտրոնները 2022 թվականի հունվարից մինչև օգոստոս սպասարկել են 2882 այցելուների (հիմնականում՝ ՀՀ, ՌԴ,ՎՐ, ԻԻՀ քաղաքացիներ):

Որպես հիմնախնդիր՝ առանձնացրել են Երևան քաղաքի զբոսաշրջային բրենդի բացակայությունը, Երևանում թեմատիկ երթուղիների բացակայությունը, Երևանի՝ որպես զբոսաշրջային կենտրոնի ոչ բավարար չափով գովազդումը և ներկայացումը միջազգային շուկայում, զբոսաշրջության ոլորտի ենթակառուցվածքների շարունակական զարգացումը և արդիականացումը:

«ԱՆ ՆՈՒՌ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Աննա Նավասարդյանի կարծիքով՝ միջազգային շուկայում Երևանը միանգամայն պատշաճ է ներկայացվում, իսկ Երևանի այցեքարտ (բրենդ) են համարվում` Հանրապետության հրապարակը, Կասկադը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, «Մայր Հայաստան» կոթողը, .Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը։

Կարդացեք նաև

«Համենայն դեպս, միջազգային շուկաներում Հայաստանը ներկայացնելիս՝ Երևանը՝ որպես Հայաստանի մայրաքաղաք, առաջին էջերում է, և այդ ամենով հանդերձ, անխտիր ներկայացվում է թեմատիկ երթուղիներով մշակված էքսկուրսիոն ծրագրերով։ Իսկ ինչ վերաբերում է զբոսաշրջության ոլորտի ենթակառուցվածքների շարունակական զարգացմանն ու արդիականացմանը, լիովին համակարծիք եմ, և այս կետում կարելի է հիմնական շեշտադրումը դնել հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումների վրա, քանի որ բարելավված տրանսպորտային ենթակառուցվածքներն էական դեր են խաղում ոչ միայն զբոսաշրջիկների ներգրավմանը, այլև նպաստում են տեղի բնակչության կյանքի որակի բարելավմանը: Զբոսաշրջությունը կարող է նաև լրացուցիչ ֆինանսավորում առաջացնել տրանսպորտային համակարգերի զարգացման և պահպանման համար»,- նշեց Աննա Նավասարդյանը:

Տուրիստական ընկերության հիմնադիր տնօրենը, միևնույն ժամանակ, առաջարկում է նախագծում ընդգրկել նաև այլ հիմնախնդիրներ, որոնցից են՝ օդանավակայանից դեպի Երևան տրանսպորտային ծառայությունների կարգավորումը, Երևանի համայնքներում զբոսաշրջային վայրերի գրավչության բարելավումը, մաքուր միջավայրի պահպանումը, աջակցություն մշակութային իսկության և բնական արժեքների խրախուսմանը, քանի որ մշակութային իսկությունը և բնական արժեքները կարևոր գործիքներ են զբոսաշրջիկներին գրավելու համար, վերահսկողության սահմանումն այն վայրերում, որտեղ զբոսաշրջային մեծ հոսքեր են նկատվում։

«Չնայած զբոսաշրջությունը համարվում է դրական փոփոխությունների շարժիչ ուժ, արագ կամ չպլանավորված աճը կարող է հանգեցնել մի շարք բացասական ազդեցությունների: Օրինակ, զբոսաշրջության հետ կապված ենթակառուցվածքների գերբնակեցումը և գերբեռնվածությունը, որը հաճախ կոչվում է գերզբոսաշրջություն կամ անհավասարակշիռ զբոսաշրջություն, կարող է հանգեցնել բնական և պատմական վայրերի, հուշարձանների, լանդշաֆտների և հանրային տարածքների դեգրադացիայի: Սա իր հերթին՝ կարող է հանգեցնել ուղղությունների ինքնության և իսկության կորստի, ինչը բացասաբար կանդրադառնա ոչ միայն զբոսաշրջային փորձի, այլև շրջակա միջավայրի և հյուրընկալող համայնքների վրա»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ հույս հայտնելով, որ Երևանի քաղաքապետարանը ուշադրության կարժանացնի նշված հիմնախնդիրները:

Զբոսավար Սուրեն Հովհաննիսյանն էլ կարծում է, որ զբոսաշրջիկներ ներգրավելու համար իսկապես միջազգային հարթակներում շատ լավ պետք է ներկայացնել երկիրը, այնպես, ինչպես անում է, օրինակ, Վրաստանը: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է գրավիչ ներկայացնել:

Տեսանյութեր

Լրահոս