Բաժիններ՝

Կիսահաղորդիչների համաշխարհային շուկան 2023 թ. 4 տարվա ընթացքում առաջին անգամ կարող է կրճատվել

2023 թվականին կիսահաղորդիչների համաշխարհային շուկան կարող է կրճատվել 4,1 տոկոսով՝ հասնելով մինչև 556,6 միլիարդ դոլարի. պատճառը տնտեսական աճի դանդաղման ֆոնին պահանջակի նվազումն է և համաշխարհային գնաճը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ համապատասխան կանխատեսումը Ճապոնիայի էլեկտրոնիկա արտադրողների և տեղեկատվական տեխնոլոգիաների ասոցիացիայի կայքում հրապարակել է կիսահաղորդիչներ արտադրողներին միավորող WSTS վիճակագրական կազմակերպության Ճապոնիայի ստորաբաժանումը:

Հաշվետվության մեջ նշված է, որ չնայած համավարակի տնտեսական հետևանքներին, 2021 թվականին կիսահաղորդիչների շուկայի 26,2 տոկոսով կտրուկ աճ է արձանագրվել կենցաղային տեխնիկայի, համակարգիչների և սմարթֆոնների մեծ պահանջակի, 5G կապի ստանդարտի տարածման, էլեկտրամոբիլներին անցնելու գործընթացի արագացման և տվյալների մշակման կենտրոնների բնագավառում ներդրումների աճի պատճառով:

Իսկ ընթացիկ տարում, կանխատեսում է կազմակերպությունը, կիսահաղորդիչների շուկայի ծավալի աճը կդանդաղի մինչև 4,4 տոկոս կենցաղային տեխնիկայի պահանջարկի անկման հետևանքով, որը համավարակի պատճառով երկու տարի պահպանվում էր բարձր մակարդակում: Տարվա առաջին կեսին այդ պահանջարկը դեռևս մասնակիորեն պահապանում էր շուկայի աճի միտումը, սակայն տարվա երկրորդ կեսին այդ գործոնը բոլորովին վերացել է:

Դրա փոխարեն սկսել է դրսևորվել համաշխարհային գնաճի, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ իրադրության և Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների ներգործությունը, կարծում են WSTS-ում:

Իսկ 2023 թվականին կազմակերպությունը կանխատեսում է կիսահաղորդիչների շուկայի կրճատում 4,1 տոկոսով՝ մինչև 556,6 միլիարդ դոլարի. դա կապված է այն բանի հետ, որ 2022 թվականի կեսերից շուկայական պայմանների վատթարացումը պահպանվում է: Շուկայի ծավալների նվազումն այդ դեպքում կարձանագրվի 2019 թվականից ի վեր առաջին անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս