«Մեզ տեսանյութ հասանելի չի եղել․․․»․ Վանաձորում պարեկների կողմից ծեծի ենթարկված քաղաքացիների պաշտպան
ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը դեկտեմբերի 2-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով նոյեմբերի 25-ին Վանաձորում պարեկների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպին, ինչից հետո քաղաքացիները կոտրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, ասել էր, թե՝ խոսակցությունները, իբր պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, առերևույթ չի համապատասխանում իրականությանը։
«Տվյալ պահին հարուցվել է քրեական վարույթ, որի արդյունքում բոլոր հանգամանքները պարզ կլինեն։ Հակիրճ ասեմ, որ այնտեղ նույնիսկ հակառակ պրոցեսն է տեղի ունեցել՝ քաղաքացիների կողմից է եղել ոչ օրինաչափ գործողություններ»,- ասել էր Արա Ֆիդանյանը։
Նա նաև նշել էր, որ տեսագրությունում երևում է, որ քաղաքացիներն են մետաղական ձողերով վնասվածքներ հասցրել պարեկային ծառայողներին, ապա հավելել, որ առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի արդեն քրեական վարույթի շրջանակներում։
Նշենք, որ դեպքից 8 օր է անցել, սակայն որևէ տեսագրություն միջադեպի վերաբերյալ չի հրապարակվել։
Պարեկների կողմից ծեծի ենթարկված քաղաքացիների պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արեն Մնացականյանն այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց՝ հաշվի առնելով, որ նախաքննությունն այս մասով նոր է սկսվում, պաշտպանական խումբը չի ցանկանում գործից որոշակի հանգամանքներ ներկայացնել։
«Մեր տեղեկություններով՝ նաև նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ, ոստիկանության աշխատողների կողմից ենթադրյալ արարքներ կատարելու մասով։ Քանի դեռ այս շրջանակում նախաքննություն է ընթանում, մենք այս պահին ձեռնպահ կմնանք որևէ տվյալ ներկայացնելուց։ Նախաքննության ընթացքում արդեն կներկայացնենք՝ կոնկրետ գործողությունները կատարելուց հետո, տվյալ ներկայացնելուց»։
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ՝ Խուլիգանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ՝ Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նկատի ունենալով, որ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիները հաղորդում են ներկայացրել իրենց ծեծի ենթարկելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի (Խոշտանգում) 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ:
– Միջադեպի տեսանյութը ձեզ՝ պաշտպանական խմբին, հասանելի եղե՞լ է, դուք դիտե՞լ եք այն,- հարցրեցինք Արեն Մնացականյանին։
– Չէ, մեզ տեսանյութ հասանելի չի եղել։
Ճշտող հարցին՝ դուք չե՞ք պահանջել, թե՞ պահանջել եք, բայց չեն տրամադրել այն, Մնացականյանը չհստակեցրեց․
«Այս պահին եկեք ձեռնպահ մնանք այս հարցին պատասխանելուց»։
Դիտարկմանը, որ կարծիքներ կան՝ փորձ է արվում «լղոզել» այս գործը, և, որ իշխանությունները փորձում են դա անել պաշտպանների, այսինքն՝ ձեր միջոցով, որպեսզի երկու կողմի միջև միջադեպը հարթվի, և պատասխանատվության ենթարկվողներ չլինեն, Արեն Մնացականյանն ասպես արձագանքեց․
«Մենք բացարձակ նման տեղեկատվության չենք տիրապետում, հետևաբար, եթե չենք տիրապետում, նշանակում է, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Թե այլ անձինք ինչ են փորձում կատարել, ես չեմ կարող մեկնաբանել այլ անձանց գործողությունները։ Ընդամենը մեզ վերագրելի մասով կարող եմ նշել, որ միանշանակ այդպիսի բան չկա։ Նախաքննությունն ընթանում է, ակտիվ փուլն է, սպասում ենք արդյունքներին։ Քանի դեռ արդյունքները չենք տեսել, առարկայական չենք ստացել, բնականաբար, որևէ դիրքորոշում կամ որևէ մոտեցում դրա վերաբերյալ չենք կարող ասել։ Ամեն դեպքում լիահույս ենք, վստահ ենք նախաքննության օբյեկտիվության և համակողմանիության վրա, սպասենք արդյունքներին»։
Հարցին՝ հնարավո՞ր է նախաքննության ավարտից հետո, ի վերջո, հրապարակվի միջադեպի վերաբերյալ տեսանյութը, քանի որ այն մեծ հնչեղություն է ստացել, և նաև ծեծի ենթարկված քաղաքացիներն էին նման պահանջ ներկայացրել, որ հրապարակվի այն, բացի այդ, փոխոստիկանապետը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում տեսանյութի մասին այնպես խոսեց, ասես այն հրապարակվել է («Եթե տեսագրությունները դիտել եք, ապա կտեսնեք, որ քաղաքացիներն են մետաղական ձողերով վնասվածքներ հասցնում պարեկային ծառայողներին»․ Արա Ֆիդանյան.- Ն․Խ․), փաստաբան ասաց․
«Այս պահին մեզ մոտ որևէ տեսանյութ չկա, այս պահին մենք չենք տիրապետում ձեր նշած տվյալներին, ամեն դեպքում, նորից եմ կրկնում, գուցե նախաքննական մարմնի մոտ նման տեսանյութեր, նման տեղեկություններ կան, և դրա հիման վրա են ներկայացնում այն, ինչ դուք ասացիք»։
Արեն Մնացականյանին ասվածից բխող հարց ուղղեցինք․ ստանձնելով տուժած քաղաքացիների պաշտպանությունը, արդյոք ձեզ մոտ ցանկություն չի՞ առաջանում պահանջել այդ տեսանյութը, տեսնել, թե ի՞նչ է իրականում կատարվել, քանի որ, գուցե ձեզ սխալ է ներկայացվել կատարվածը։
«Դուք հիմա փորձում եք հայտնել, որ ես չեմ պահանջել տեսանյութը։ Ես ընդամենը ներկայացրեցի, որ նախաքննության ակտիվ փուլի շրջանակում՝ այս փուլում, ես ձեռնպահ եմ մնում մեր կատարած գործողությունների կամ նախաքննական մարմնի կատարած գործողությունների վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուց։ Զուտ փաստաբանական մարտավարության տեսանկյունից այս պահին մենք որևէ տվյալ չենք հայտնում՝ ինչպես մեր կատարած գործողությունների մասով, այնպես էլ՝ նախաքննական մարմնի կատարվող գործողությունների վերաբերյալ։ Նախաքննության ակտիվ փուլն ավարտենք, կարծում եմ՝ առաջիկա մի քանի օր կտևի։ Հիմա ապացույցների ձեռքբերման պրոցեսն է, մենք սպասում ենք՝ այդ ընթացքն ավարտվի, որից հետո մեր մոտեցումներն ու դիրքորոշումները կարտահայտենք»,- ասաց Արեն Մնացականյանը։
Ամփոփելով զրույցը, փաստաբանին հարցրեցինք, թե արդյոք տուժած քաղաքացիներից մեկը՝ Ռադիկ Ավետիսյանը, որը կողերի շրջանում կոտրվածքներ էր ստացել, դեռ հիվանդանոցո՞ւմ է, թե՞ դուրս է գրվել, Մնացականյանը պատասխանեց, որ իր պաշտպանյալը շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում։
Հիշեցնենք, որ 168.am-ը միջադեպից 4 օր անց՝ նոյեմբերի 29-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնում զրուցել էր ծեծված քաղաքացու հետ, ով ներկայացրել էր դեպքի մանրամասները:
«Կանդալները քցելուց հետո խփել են ինձ, ստացել եմ վնասվածքներ, ձեռքեր, ուս։ Տվել, քցել են ասֆալտին ու խփել, սաղ վնասվածքներն էդտեղից ա»,- ասել էր Ռադիկ Ավետիսյանը, ով պարեկների կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով ունի կողերի կոտրվածքներ, սալջարդեր, մարմնի վրա բազմաթիվ վերքեր:
33-ամյա տղամարդը պատմել էր, թե ինչ է իրականում կատարվել նոյեմբերի 25-ին, թե ինչպես են պարեկները դաժան ծեծի ենթարկել իր եղբորորդուն, արցունքաբեր գազ փչել նրա աչքերին, դա էլ բավարար չէ, բերման ենթարկելիս՝ ոստիկանական մեքենայի մեջ, սպառնացել են, թե նրան «մանկական գաղութ են ուղարկելու»:
«Երեք հոգով ծեծում էին երեխուն, գազ փչեցին նրա վրա։ Երեխեն էլ աչքերի հետ կապված խնդիր ունի, տեսողության հետ, ունի նաև ասթմա, երևի 100 անգամ իր կյանքը փրկել ենք։ Որ տեսա՝ մի երեք հոգով ծեծում են, ես վերցրել եմ ձեռքիս տակ ընկած գործիքը ու պաշտպանել եմ երեխու կյանքը, ասել եմ՝ մոտիկ չգաք, որովհետև գիտեմ, որ մի հատ ավելի խփելուց, մի հատ ավելի գազ փչելուց երեխեն կարող էր ընկնել կոմայի մեջ ու դուրս չգար։ Երեխուն ոստիկանության բաժանմունքից կոմայով են բերել հիվանդանոց։ Ես ոչ մեկին չեմ հարվածել։ Իմ վրա գազ են փչել, կանդալները քցել, ծեծել, գլուխս տվել ասֆալտով, քցել ավտոն, տարել բաժին։ Բաժնում նորից պարեկային աշխատողն ինձ հարվածել է։ Երեխուն էլ ճանապարհին, Լոռու մարզի պարեկային ոստիկանության պետի տեղակալը՝ Մհեր Խառատյանը, նստել է երեխու վրա, երեխեն ասել ա՝ անչափահաս եմ, խնդիր ունեմ, խնդրում եմ՝ ոչ մի բան մի արեք, նորից հարվածելով տարել է մինչև բաժին ու սպառնացել, որ՝ ես քեզ ուղարկելու եմ մանկական գաղութ․․․»,- նշել էր նա: