«Քաղաքացիներն են պարեկների նկատմամբ իրականացրել ոչ օրինաչափ գործողություններ». Արա Ֆիդանյանը՝ Վանաձորում տեղի ունեցած միջադեպի մասին

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն անդրադարձավ օրերս Վանաձորում պարեկների և քաղաքացիների միջև տեղի ունեցած  միջադեպին, ինչից հետո քաղաքացին հայտնվել էր հիվանդանոցում։

«Խոսակցությունները, թե իբր պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, առերևույթ չի համապատասխանում իրականությանը։ Տվյալ պահին հարուցվել է քրեական վարույթ, որի արդյունքում բոլոր հանգամանքները պարզ կլինեն։ Հակիրճ ասեմ, որ այնտեղ նույնիսկ հակառակ պրոցեսն է տեղի ունեցել՝ քաղաքացիների կողմից է եղել ոչ օրինաչափ գործողություններ»,- նշեց Արա Ֆիդանյանը։

Լրագրողների հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացին է  հայտնվում հիվանդանոցում, Արա Ֆիդանյանը հարցով պատասխանեց, թե գիտեն՝ պարեկներից վնասվածքներ ստացե՞լ են, թե՞ ոչ։

«Առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի արդեն քրեական վարույթի շրջանակներում։

Կարդացեք նաև

Պատճառն այն է եղել, որ մեքենան վարել են կոպիտ խախտումներով, պարեկային ծառայողները փորձել են կանգնեցնել, որի արդյունքում այդ ամբողջ միջադեպը տեղի է ունեցել։ Թե երբ է տեղի ունեցել, չեմ կարող ասել, բայց տեղի է ունեցել ակնհայտ վարչական իրավախախտում, որի հետ կապված տվյալ միջադեպը տեղի է ունեցել»,- շեշտեց նա։

Լրագրողի դիտարկմանը, որ տուժող քաղաքացու հարազատները նշում են, որ միջադեպը գրանցվել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան պատճառով, Արա Ֆիդանյանը կրկնեց նախորդ ասածը՝ հարուցվել է քրեական վարույթ, և առավել մանրամասն կտեղեկացնեն վարույթի  շրջանակներում։

«Եթե չեմ սխալվում՝ տուժել է երկու պարեկ, եթե տեսագրությունները դիտել եք, ապա կտեսնեք, որ քաղաքացիներն են մետաղական ձողերով վնասվածքներ հասցնում պարեկային ծառայողներին»,- ընդգծեց Արա Ֆիդանյանը։

Ի դեպ, թե ինչ տեսագրության մասին է խոսում Արա Ֆիդանյանը՝ հայտնի չէ, քանի որ մինչ օրս միջադեպի վերաբերյալ որևէ տեսագրություն չի հրապարակվել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս