«Ալիևի ասած քարտեզները կեղծ են, դրանք իր ուզած ձևով է գծվել և որևէ տեղ պաշտոնապես չկա». Ռուբեն Գալիչյան
Նոյեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց էր տվել «Արմենպրեսին»՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը պատմական քարտեզների հիման վրա իրականացնելու մասին Բաքվից հնչող հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա Աթայի հռչակագիրը։
«Նման հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա Աթայի հռչակագիրը։
Այդ հանձնառության շրջանակներում սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն 1991 թվականի՝ ԽՍՀՄ փլուզման ամսաթվի դրությամբ գոյություն ունեցած և իրավական ուժ և նշանակություն ունեցած իրավական ակտերի հիման վրա, ընդ որում՝ նույն ամսաթվի դրությամբ քարտեզագրում իրականացնելու, քարտեզներ կազմելու և քարտեզներ հրապարակելու պատշաճ լիազորություններ ունեցող կառույցների պաշտոնական փաստաթղթերի հիման վրա: Ըստ այդմ, պատմական քարտեզների մասին խոսելն առնվազն անհասկանալի է՝ և՛ ըստ սահմանման, և՛ ըստ բովանդակության:
Պետք է ընդգծել նաև պատմական քարտեզների ընդհանրական հռետորաբանության վտանգավորությունը մեր երկրների անկախության համար, որովհետև եթե շեշտ դնենք պատմական քարտեզների վրա, կարող է պարզվել, որ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ առավել ևս Ադրբեջանի Հանրապետության այսօրվա տարածքները դարերով եղել են այլ պետությունների տարածքներ»,- իր հարցազրույցում ասել էր Արարատ Միրզոյանը։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանն ասաց, որ Հայաստանի ԱԳ նախարարը հղում է կատարում 1991 թվականի քարտեզների վրա, որոնք Խորհրդային Միության Գլխավոր շտաբի գծած սահմանների քարտեզներն են, դրանցում ամրագրված է ՀՀ 29.800 քկմ տարածք։
«Դրանք այն նույն քարտեզներն են, որոնցով 12 հանրապետությունները դարձան առանձին երկրներ։ Ալիևի ասած քարտեզները կեղծ են, դրանք իր ուզած ձևով է գծվել և որևէ տեղ պաշտոնապես չկա։ 1991 թվականի քարտեզներով, գուցե որոշ տեղերի անճշտությամբ, այն տարածքներն են, որոնք այսօր կան, ներառյալ՝ այն տարածքները, որոնք օկուպացրել է ադրբեջանական զինուժը։ Ադրբեջանն անտեսելով այդ սահմանները՝ ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, ստացվում է, որ արհամարհում է պաշտոնական քարտեզները։ Մինչև Ադրբեջանն իր զորքն այդ հատվածներից չհանի՝ Հայաստանը չի կարող ու չպետք է իրականացնի սահմանագծում»,- նշեց Ռուբեն Գալիչյանը։
Ըստ քարտեզագետի, եթե հայկական կողմը գնա սահմանագծման այն տարածքներով, որտեղ այսօր թշնամու զինվորն է կանգնած, նշանակում է՝ ընդունում է, որ նա այնտեղ է կանգնելու։ Հետևաբար՝ նույնիսկ սկսել չի կարելի նման պայմաններում։
«Բայց, ինչպես տեսնում ենք, Ալիևը նպատակ չունի դուրս գալու այդ տարածքից, Ջերմուկի հատվածում նա ամրանում է՝ ճանապարհներ ու բունկերներ կառուցելով։ Մինչև Ալիևի վրա լուրջ ճնշում չլինի, նա դուրս չի գա։ Պետք է ճնշումները լինեն ոչ թե հայտարարությունների տեսքով, այլ հստակ գործողություններով։ Մենք էլ պետք է ուժ հավաքենք ու այս ամենին դիմադրենք»,- հավելեց Ռուբեն Գալիչյանը։
Քարտեզագետը միաժամանակ ընդգծեց, որ «անկլավների» գոյությունը որևէ փաստաթղթում ամրագրված չէ։
«Եթե ադրբեջանցիները պնդում են ու «անկլավներ» են ուզում, ապա թող որևէ փաստաթուղթ տրամադրեն, որտեղ դրանք իրենց են պատկանում։ Քարտեզների վրա դրանք գծվել են, բայց որևէ հիմք չեն ունեցել։ Հիշեցնեմ՝ Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը Խորհրդային Ադրբեջանի ժառանգորդն է՝ 1918-1920 թվականների, մինչև 1930 թվական «անկլավ» գոյություն չի ունեցել Հայաստանի մեջ։ Հետևաբար, ի սկզբանե Ադրբեջանն իր Սահմանադրության համաձայն՝ Հայաստանին նման պահանջ չի կարող ներկայացնել»,– եզրափակեց Ռուբեն Գալիչյանը։