Գերմանիան զգուշացնում է Թուրքիային
Թուրքիայի կողմից Սիրիայի ու Իրաքի հյուսիսում քրդական ուժերի դեմ սկսված ռազմական գործողություններին ԱՄՆ-ից Ռուսաստանից ու Ֆրանսիայից հետո արձագանքել է նաև Գերմանիան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը խնդրել է Թուրքիային խուսափել ցամաքային գործողություններ իրականացնելուց Սիրիայի ու Իրաքի հյուսիսում:
Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ Պենտագոնի մամուլի խոսնակ Փեթ Ռայդերը մամուլի ասուլիսում անդրադարձել էր Իրաքում ու Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին և նշել.
«Մենք շարունակում ենք խորապես անհանգստանալ Հյուսիսային Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում սրվող գործողությունների կապակցությամբ:,Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել այս տարածաշրջանում առկա լարվածության պայմաններում։
Հատկապես ցամաքային ներխուժումը լրջորեն կվտանգի այն դժվարին պայքարի ձեռքբերումները, որոնք աշխարհը ձեռք է բերել ԻԼԻՊ-ի դեմ, և կապակայունացնի տարածաշրջանը»,-ասել է Ռայդերը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ են սկսելու Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում քուրդ զինյալների դեմ: Ստամբուլում տեղի ունեցած ուժեղ պայթյունից հետո Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ տեղի ունեցածի ետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական։