16 անհայտ կորած հայ զինծառայողից 13 զինծառայողի մարմին է վերադարձվել. ինչի՞ դիմաց
Նոյեմբերի 10-ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 13-14-ի մարտերի հետևանքով ունենք 16 անհետ կորած զինծառայողներ:
«Մենք սեպտեմբերի 13-ից 16 անհետ կորած ունենք, և այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո հայտնված տարածքներում, ու Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներով, մտացածին պատրվակներով ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան»,- նշել էր նա:
Նոյեմբերի 28-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին:
Հայաստանին փոխանցված 13 զինծառայողի դիերի նույնականացման արդյունքները հայտնի կլինեն մոտակա օրերին, իսկ անհայտ համարվող մյուս երեք զինծառայողների մասին որևէ տեղեկություն չկա:
Ինչո՞ւ է 13 դի հանձնվել, եթե պաշտոնապես 16 զինծառայող էր անհայտ կորած:
Պաշտպանության նախարարությունից մեր այս հարցին հստակ որևէ պատասխան չտվեցին՝ առաջարկելով այլ պատասխանատու մարմիններից ճշտել, կամ դիմել գրավոր հարցմամբ:
Ի դեպ, ՀՀ ղեկավարությունը չի ասում նաև, թե ինչի դիմաց է 13 հայ զինծառայողների դիերն Ադրբեջանը փոխանցել Հայաստանին, միգուցե դարձյալ ականապատ տարածքների քարտեզների կամ տեղեկությունների դիմա՞ց, ինչպես հայ ռազմագերիների վերադարձման դեպքում:
Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի թբիլիսյան հանդիպման շրջանակում բարձր է գնահատվել Վրաստանի վարչապետի դերը՝ պատանդների, գերիների ազատման և մարտական գործողությունների գոտում ականապատ տարածքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման գործում:
Հավելենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆիլիպ Ռիքերն Ադրբեջանից մեկնելու է Թբիլիսի, այնտեղից էլ՝ Երևան։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 12-ին Ադրբեջանին Աղդամի ականապատ տարածքների քարտեզների տրամադրման դիմաց 15 հայ գերի վերադարձվեց Հայաստանին՝ Վրաստանի ներկայացուցիչների ներկայությամբ:
Այդ ժամանակ Հայաստանն Ադրբեջանին էր հանձնել հակատանկային և հակահրթիռային 97․000 ականների տեղակայման քարտեզը: