Ի՞նչ է նախապատրաստում Ալիևը Հայաստանի դեմ
Վերջին օրերին Բաքուն Երևանի դեմ մեծ թափով գործի է դրել տեղեկատվական դիվերսիայի ավանդական գործիքները՝ ամենօրյա ռեժիմով հայկական կողմին մեղադրելով հրադադարի իբրև թե խախտումների մեջ, ապատեղեկատվություն տարածելով այն դեպքում, երբ ՀՀ սահմանամերձ գյուղերն ու դիրքերն են գտնվում թշնամու մշտական կրակոցների թիրախում:
Զուգահեռաբար Ադրբեջանի իշխանությունների քաղաքական հայտարարություններն են ավելի ռազմատենչ ու թիրախային, քան շաբաթներ առաջ էին: Վերջին շաբաթների ընթացքում ուշադրություն է գրավում նաև այն հանգամանքը, որ լուրջ տարաձայնություններ են առաջանում Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության և Ադրբեջանի ԱԳՆ-ի միջև տարբեր դրվագներով. ադրբեջանական կողմին նախ անհանգստացնում են խաղաղապահ կոնտինգենտի հայտարարություններում հայկական տեղանունների օգտագործումը, ինչպես նաև հաղորդումները հրադադարի խախտումների մասին:
Վերջին նմանատիպ դրվագն այսօր էր՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Ռուսաստանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, որ Շուշիում հրադադարի ռեժիմը խախտվել է, և այդ մեղադրանքը համարել «միանգամայն անհիմն»: Միաժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել հայկական տեղանուններ չօգտագործելու զգուշացման վերաբերյալ ռուսական կողմի «քամահրական» վերաբերմունքի կապակցությամբ:
Սրա հետ մեկտեղ՝ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ղեկավարների մակարդակով հանդիպումը չեղարկվում է: Դիվանագիտական ակտիվ շարժերը ևս Հայաստան-Ադրբեջան գործընթացի շուրջ չեն դադարում, Բաքուն ընդունում է պատվիրակներ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից, ինչպես նաև ԵՄ-ից, բոլոր արևմտյան պաշտոնյաների ուղերձը մեկն է՝ կողմերը պետք է շարունակեն բանակցությունները, այդ թվում՝ ուղիղ հարթակ ձևավորելով, քաղաքական կամք դրսևորելով և թուլացնելով լարվածությունը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր վերջին հարցազրույցում նշել է, որ չնայած տարբեր ուղղություններով ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի կողմից չեն դադարում առավելապաշտական և ռազմատենչ հայտարարությունները, հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքները և ուժի գործադրման սպառնալիքները։
«Բացի այդ, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար Ադրբեջանի կողմից տեղի են ունենում ռազմական սադրիչ գործողություններ։ Այս փաստերի համադրումը ցույց է տալիս, որ իրավիճակը շարունում է չափազանց լարված մնալ, և մեր միջազգային բոլոր գործընկերները պիտի հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և պահպանելու Հարավային Կովկասում առկա փխրուն խաղաղությունը։ Հայկական կողմը, ինչպես և նախկինում, պատրաստ է բոլոր ջանքերը ներդնել՝ փոխընդունելի լուծումներ գտնելու և տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու համար»,- նշել է Արարատ Միրզոյանը:
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց, որ չնայած ժամանակն անցնում է, Ադրբեջանում էյֆորիկ տրամադրությունները չեն դադարում, որոնք մղում են երկրի ղեկավարությանն անտեղի ու ճշգրտորեն չգնահատված քայլերի:
Ըստ նրա, դիվանագիտական ճակատում մեծ արդյունքների բացակայությունը ևս իր դերակատարությունն ունի, քանի որ Բաքվում կարծում էին, որ հատկապես Ուկրաինայում տեղի ունեցող ծանր իրադարձությունների ֆոնին Հարավային Կովկասը լիովին անտեսվելու է և մղվելու ետին պլան: Սակայն, նրա խոսքով, զարգացումները ցույց տվեցին, որ Հարավային Կովկասում ևս աշխարհաքաղաքական մրցակցությունն ուժեղացավ, և այստեղ այլևս ցանկացած քայլ կարևոր է և Արևմուտքի, և Ռուսաստանի համար, քանի որ սա պայքար է հանուն ազդեցության այս ռեգիոնում, ու Արևմուտքը, մասնավորապես, ինչը անակնկալ էր, ԱՄՆ-ը, մեծ ու բարձր մակարդակի ջանքեր է ներդնում այդ նպատակին հասնելու համար:
«Հարավային Կովկասում խաղադրույքները չափազանց բարձրացել են, սա, բնականաբար, դուր չի գալիս Ադրբեջանին, որը երևի թե չի կարողանում դրա պատճառով ստանալ այն մաքսիմումը, որը նպատակադրվել էր ստանալ: Եվ քանի որ չի ստանում, սովորության համաձայն, ուժի գործոնն է ակտիվացնում՝ սկզբում՝ տեղեկատվական դաշտում, հետո, ինչպես բազմիցս ենք ականատես դարձել, նաև իրականում: Ադրբեջանը նաև փորձում է օգտագործել դիվանագիտական այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ Հայաստանի մոտ, այդ թվում, օրինակ, ՀԱՊԿ-ում:
Սակայն ներկայումս իրավիճակը շատ է տարբերվում նախկինից, քանի որ արտաքին ուշադրությունը ռեգիոնի նկատմամբ աննախադեպ է: Ցանկացած մանրուք կարևոր է, այդ թվում և գլխավորապես այն, թե որ միջնորդն է կարողանում ռեգիոնում խաղաղություն ապահովել։ Այսինքն՝ կողմերի մոտ ունի այնքան հեղինակություն, որպեսզի իրականացնի այդ գործառույթը: Ռուսաստանն իր հերթին՝ նկատեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի մոտ արևմտյան բանակցային գործընթացում խնդիրներ են առաջացել: Ուստի հիմա ուժերը փորձելու Ռուսաստանի հերթն է»,- ասաց Վլադիմիր Եվսեևը:
Ռուս խաղաղապահ կոնտինգենտ-ադրբեջանական կողմ տարաձայնությունները վերլուծաբանը պատահական չի համարում, ավելին՝ կարծում է, որ ռուսական կողմը տրամադրված է զսպել Ադրբեջանի տրամադրությունները:
«Դա են ցույց տալիս նաև այն կոնտակտները, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև: Այսօր հայտնի դարձավ, որ առաջիկա օրերին ռուս-ադրբեջանական ԱԳՆ-ների հանդիպում է սպասվում: Ըստ իս, դա բավականին կարևոր է լինելու, հաշվի առնելով վերջին բոլոր զարգացումները»,- նշեց վերլուծաբանը:
Ադրբեջանը, նրա կարծիքով, անընդհատ գործի է դնում մի մեխանիզմ, երբ ինչ-որ հարցում փոքր-ինչ տարաձայնություն է առաջանում Հայաստանի հետ՝ ապատեղեկատվություն ռազմական գործողությունների մասին, ապա հարձակում կամ կրակահերթեր, որպեսզի բանակցային գործընթացն իր համար հարմար պայմաններով ընթանա:
Իր հերթին՝ եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքական խնդիրների չկարգավորումը ռեգիոնը պահում է լարված իրավիճակում և ռազմական գործողությունների վերսկսման վտանգի ներքո: Սակայն նա ևս, ինչպես ռուս վերլուծաբանը, կարծում է, որ իրավիճակը ռեգիոնում այսօր այլ է, քան մեկ տարի առաջ, և երկարատև ու ծանր ընթացքն ավելի քիչ հավանական սցենար է, քանի որ միանգամից կհայտնվեն միջնորդներ:
«Սեպտեմբերյան իրադարձությունների ֆոնին առաջին պլան եկավ ԱՄՆ-ը՝ պետքարտուղարի մակարդակով: Ընդհանուր առմամբ նաև գլխավոր տարբերությունն այն է, որ կան ԵՄ դիտորդներ, եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաներն անընդհատ ժամանում են Երևան ու Բաքու, տեղում աշխատում, որպեսզի նոր բախումներ չլինեն: Դիտորդները, թեև չունեն ռազմական զսպման գործառույթներ, սակայն ինքնին դիտորդությունը քաղաքական կարևոր մեխանիզմ է, որը կարող է արդյունավետ լինել: Սա շատ բարդ հակամարտություն է, դժվար է կանխատեսումներ անել, սակայն բրյուսելյան բանակցությունների դանդաղումը բացասական զարգացում է: Դրական կլիներ, որ բանակցությունները կամ հանդիպումներն այնուամենայնիվ շարունակվեին»,- ասաց նա: