Բաժիններ՝

Եթե պատկերացնենք՝ ճգնաժամ եղավ, ինչպե՞ս ենք լուծելու պարտքերի հարցը. տնտեսագետ

Հոկտեմբերին ՏԱՑ-ը կազմել է 117.5%, իսկ 2022թ. առաջին 10 ամիսներին` 114.5%: Մինչ պաշտոնական շրջանակները ոգևորությամբ հրապարակում են իրավիճակային տնտեսական աճի մասին փաստող այս հերթական ցուցանիշը, իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արձանագրում է, թե «տնտեսությունն արագ վերականգնվեց սեպտեմբերյան շոկից հետո», մասնագետները շարունակում են արձանագրել՝ տնտեսության մեջ շոկը պահպանվում է:

Արտաքին գործոններով և մասնավորապես ռուս ռելոկանտների ներհոսքով պայմանավորված աննախադեպ աճը, ըստ տարբեր գնահատականների, «դրական շոկ է» տնտեսության համար, որին հաջորդելու է աճի կտրուկ դանդաղումը:

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը ևս 168.amի հետ զրույցում արձանագրեց՝ աճի հիմնական պատճառը դրսում կատարվող գործընթացներն են, այլ պատաճառների թվում նա ուշադրություն հրավիրեց 2020-2021թթ. ցածր բազային էֆեկտի վրա նույնպես:

«Այս պարագայում, պարզ է, որ այս աճի ցուցանիշը երկարաժամկետ չէ. այն միտումները, որոնք դրսում են զարգանում, կարող են ավարտվել, և այդ ժամանակ կունենանք տնտեսական անկում:

Կարդացեք նաև

Սա պետք է գիտակցել և տնտեսական քաղաքականությունը կառուցել այս իրողությունից ելնելով: Մինչդեռ հակառակին ենք ականատես լինում. փորձ է արվում այս աճը կապիտալիզացնել և անմիջապես օգուտներ քաղել՝ ինչպես կառավարության մակարդակով, այնպես էլ՝ անհատական (պոպուլիստական նպատակներով, կամ անձնական օգուտներից ելնելով)»,- պարզաբանեց Հրանտ Միքայելյանը:

Անդրադառնալով տնտեսության տարեվերջյան միտումներին՝ տնտեսագետը նկատեց, որ թեև դրական տեղաշարժեր են արձանագրվել գործազրկության կրճատման առումով, այդուհանդերձ, աղքատության ցուցանիշի աճի վրա ազդող գործոնները պահպանվում են՝ գյուղատնտեսության ոլորտի քայքայում, եկամտահարկի համահարթեցման օրենքը, գնաճ:

Հրանտ Միքայելյանն այս համատեքստում ուշադրություն հրավիրեց նաև իրավիճակը բնութագրող այլ հանգամանքների վրա. «Բանկերում քաղաքացիների դեպոզիտներն իրական ծավալով չեն աճում, որոշ ամիսների՝ նույնիսկ նվազում են: Մանրածախ առևտուրն աճում է համեստ՝ 3 տոկոսով, մինչդեռ մեծածախ առևուրը՝ 30-40 տոկոսով: Սա փաստում է, որ բնակչությունն այս տնտեսական աճից շատ քիչ է օգտվում»:

Ի դեպ, նա հիշեցրեց, որ այս իշխանությունների օրոք փոխվել է աղքատությունը հաշվելու մեթոդաբանությունը, սակայն հետհաշվարկ չի արվել:

Անդրադառնալով պետության պարտքային բեռին՝ տնտեսագետը նկատեց, որ այս տարվա ընթացքում նվազել է արտաքին պարտքը, ինչը պայմանավորեց՝ ինչպես տնտեսական աճի ցուցանիշներով, այնպես էլ՝ դրամի թանկացումով:

«Դրամի թանկացումն օգտագործվել է այն տեսանկյունից, որ մի կողմից՝ պարտքը մարվի, մյուս կողմից՝ պարտքն էժանացավ ՀՆԱ-ի նկատմամբ: Իսկ ներքին պարտքը ոչ միայն աճեց բացարձակ թվերով՝ դրամով, այլ նաև՝ նույն դոլարային արժեքով:

Այսպիսով, դոլարային արժեքով ՀՀ պետական պարտքը հասել է 10 միլիարդ դոլարի, ինչը մեծ ցուցանիշ է»,- նշեց նա՝ հավելելով, որ քանի որ դրամի արժեքի փոփոխությունն ազդել է այս ցուցանիշի վրա, չի կարող միանշանակ մեկնաբանել այդ հանգամանքը:

Հրանտ Միքայելյանը, այդուհանդերձ, արձանագրեց անպատասխանատու տնտեսական քաղաքականություն․ «Ամեն դեպքում, այն տարվա ընթացքում, երբ անկանխատեսելի բարձր տնտեսական աճ գրանցվեց, պետք էր ամեն ինչ անել պարտքային բեռը նվազեցնելու համար, բայց մենք տեսնում ենք հակառակը՝ նույնիսկ 2023 թվականի բյուջեով նախատեսված է նոր պարտքային բեռի մեծացում՝ 3.1 տոկոս ՀՆԱ-ի չափով բյուջետային պակասորդ՝ այն պարագայում երբ ակնկալվում է 7 տոկոսանոց տնտեսական աճ: Բա այդ դեպքում, եթե պատկերացնենք՝ ճգնաժամ եղավ, ինչպե՞ս ենք լուծելու պարտքերի հարցը»:

Հիշեցնենք՝ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ 2020 թվականին աղքատության մակարդակը կազմել է 27 %: Նախորդ տարի այդ ցուցանիշը 26.4 % էր: Նույն ժամանակահատվածի համար աղքատության մակարդակը՝ ըստ աղքատության վերին գծի, 47.6 % է` նախորդող տարվա 43.8 %-ի փոխարեն, ծայրահեղ աղքատությունը՝ 0.7%՝ 1.4 %-ի փոխարեն, աղքատությունն ըստ ստորին գծի՝ 10.2 %՝ նախորդող 9.7%-ի պարագայում:

Տեսանյութեր

Լրահոս