Քանի որ սկսեցին փոխվել թե՛ ժամկետները, թե՛ խնդիրները, ընդդիմության մոտ սկսվեց քաղաքական ռոտացիա. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը վերջին օրերին ընդդիմադիր հատվածում տեղի ունեցող գործընթացները համարում է քաղաքական ռոտացիա:

Ըստ քաղտեխնոլոգի՝ այս պահի գործընթացները նաև բխում են ընտրություններից հետո ընդդիմության առջև դրված նպատակներից:

«Ընդդիմությունը, որը մտավ խորհրդարան, մեկ խնդիր ուներ՝ փորձել հնարավորինս կարճ ժամանակում իշխանափոխություն իրականացնել: Փաստ է, որ հիմնականում հենց այդ մանդատն էր տրվել ընդդիմությանը: Այդ նպատակը ենթադրում էր կարճաժամկետ գործունեություն, լավագույն դեպքում՝ միջնաժամկետ, ինչը, սակայն, չհաջողվեց:

Քանի որ արտաքին ու ներքին քաղաքական իրավիճակից ելնելով՝ սկսեցին փոխվել թե՛ ժամկետները, թե՛ խնդիրները, ընդդիմության մոտ սկսվեց քաղաքական ռոտացիա, կադրային ռոտացիա, որի արտացոլումը, մի քանի ամիս է՝ տեսնում ենք՝ կա՛մ միայնակ քայլերով՝ անհատների մանդատներ վայր դնելու մասին հայտարարություններով, կա՛մ այնպիսի կուսակցության, որը «Հայաստան» դաշինքի բաղկացուցիչ մասն է կազմում»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց նա:

Կարդացեք նաև

Վիգեն Հակոբյանը համոզված է՝ ընդդիմությունը պետք է ձևակերպի իր նոր մարտավարությունը. ռազմավարությունը պարզ է՝ ինչ-որ ձևով հասնել իշխանափոխության:

Նրա կարծիքով, հենց ժամկետների և մարտավարության փոփոխությունն է նաև ընդդիմության՝ խորհրդարան վերադարձի պատճառը:

«Եթե մարտավարությունը փոխվում է, հասկանում են, որ կարճաժամկետ մեթոդոլոգիայով դա չի ստացվում, և ավելի ինստիտուցիոնալ մոտեցում պետք է լինի: Այդ թվում՝ ինստիտուցիոնալ պետք է լինեն նաև դաշինքների կառույցները: Եթե «Պատիվ ունեմ»-ի պարագայում այդ կառույցն ինստիտուցիոնալ է, որովհետև փաստացի գրեթե բոլորը հանրապետականներ են, ապա «Հայաստան» դաշինքի պարագայում պահպանվում է բազմավեկտոր կառուցվածք: Եթե գնում են առավել միջնաժամակետ, երկարաժամկետ պայքարի, ապա նաև ինստիտուցիոնալ առումով է առաջանում համապատասխան կառույցներ ձևավորելու խնդիրը»,- նկատեց քաղտեխնոլոգը:

Վիգեն Հակոբյանին չի տպավորել ընդդիմության սեփական օրակարգով վերադարձը. ըստ նրա՝ այդ օրակարգը դեռևս հասկանալի չէ: Վերջինի առնչությամբ վերլուծաբանը, սակայն, ունի իր ենթադրությունը. «Կարծում եմ՝ դեռևս տրանսֆորմացիայի փուլն էր ընդդիմության մեջ, դրա համար հստակություն չկար օրակարգում: Այժմ հայտարարվեց, որ դեկտեմբերի 2-ին արտահերթ նստաշրջան են հրավիրում սեփական օրակարգով՝ Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությունը քննության առնելու ու դրան համարժեք Հայաստանի անունից հայտարարություն ընդունելու համար»:

Ներքաղաքական այս գործընթացների համատեքստում անդրադառնալով MPG ընկերության հերթական սոցհարցման արդյունքներին և մասնավորապես ցուցանիշին, որով հարցվածների 49 տոկոսը իրավիճակը փոխելու համար արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում, իսկ ընտրության գնալու դեպքում՝ 47,4%-ը չի քվեարկի որևէ կուսակցության օգտին՝ նա արձանագրեց. «Սա նշանակում է, որ մեծ ապատիա կա, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այդ ապատիայի մեջ գտնվող ժողովրդին կարող է ինչ-որ ուժ գայթակղել դեպի իրեն: Ի դեպ, սովորաբար, ապատիայի մեջ եղած ժողովուրդը բավականին հեշտ գնում է ընտրակաշառքի վրա»:

Արդյո՞ք այս իրավիճակում ընդդիմության արմատական քայլերը կարող են ինչ-որ բան փոխել՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ քաղտեխնոլոգը հավելեց. «Իրավիճակն այնպիսին է, որ սա ավելի շատ գործուն ռեսուրս կարող է ունենալ փողոցում, նա էլ կարող է ինչ-որ հարց լուծել. այդ 47 տոկոսը գնալու է այդ ուժի հետևից: Ընդդիմությունը ցույց է տվել, որ փողոցում ունի ռեսուրս, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի թիմը մի քանի անգամ ցույց տվեց, որ «փողոց չունի»: Բայց դրա փոխարեն՝ իշխանությունն ունի մի քանի հազար կարմիր և սև բերետավորներ, որոնք այլևս իբրև գործոն չեն աշխատի, եթե ընդդիմության զանգվածները համադրելի են այդ ոստիկանների քանակի հետ»:

Վիգեն Հակոբյանը համոզված է՝ այն ընդդիմադիր ռեսուրսը, որն այժմ կա, եթե աշխատեցվի, բավական է լինելու հարցեր լուծելու համար:

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլից ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին խորհրդարանի նիստերը։ Տևական ժամանակ նրանք բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նոյեմբերի 15-ին ընդդիմությունը վերադարձավ խորհրդարան:

Ընդդիմության՝ խորհրդարան վերադարձից հետո հայտնի դարձավ, որ պատգամավոր Արամ Վարդևանյանն է վայր դրել մանդատը, ապա նաև՝ «Հայաստան» դաշինքում ընդգրկված «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցրեց խորհրդարանական գործունեությունը: Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանն արդեն դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս