Ֆանտաստիկ քամբեք Ատլանտայում. Արգենտինան 92-րդ րոպեին խլեց հաղթանակը անգլիացիներից
ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի «Մերսեդես-Բենց Սթեդիում» մարզադաշտում կայացավ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչի կենտրոնական հանդիպումներից մեկը, որտեղ միմյանց դեմ մրցեցին Անգլիայի և Արգենտինայի ազգային հավաքականները։ Լարված և դրամատիկ պայքարում հարավամերիկացիները կամային հաղթանակ տարան 2։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը երկրորդ խաղակեսում բացեցին անգլիացիները. 55-րդ րոպեին աչքի ընկավ հարձակվող Էնթոնի Գորդոնը։ Երկար ժամանակ անգլիացիները պահպանում էին հաղթական հաշիվը, սակայն հիմնական ժամանակի ավարտից ընդամենը 5 րոպե առաջ՝ 85-րդ րոպեին, արգենտինացիների կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը վերականգնեց հաշվի հավասարությունը։
Հանդիպման հանգուցալուծումը վրա հասավ մրցավարի կողմից ավելացված ժամանակում։ 90+2-րդ րոպեին Մարտինեսը դարձավ վճռորոշ գոլի հեղինակ՝ խլելով հաղթանակը Անգլիայի հավաքականից և հաշիվը դարձնելով 2։1։
Նշենք, որ հանդիպումը սպասարկում էր ամերիկացի մրցավար Իսմայիլ Էլֆաթի գլխավորած բրիգադը։
Այսպիսով, ԱԱ-2026-ի եզրափակիչում միմյանց կհանդիպեն Արգենտինայի և Իսպանիայի ընտրանիները։ Հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին։
Հիշեցնենք, որ մրցաշարի նախորդ փուլում Անգլիայի ընտրանին 2։1 հաշվով առավելության էր հասել Նորվեգիայի նկատմամբ, իսկ Արգենտինան 3։1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Շվեյցարիայի դեմ խաղում։
ArmSport

