Այն, ինչ չհաջողվեց Տեր-Պետրոսյանին, հաջողվեց Նիկոլ Փաշինյանին. ինչո՞ւ Քարվաճառը կորցրեցինք 2020-ին
Վերջերս «Ազատության» հետ զրույցում «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը նշել է, որ այսօր մեծ շանսեր կան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում հաջողության հասնելու համար, քանի որ «Ղարաբաղի շուրջ բոլոր տարածքների շարքում Ադրբեջանին է վերադարձվել նաև Քարվաճառը», որի ազատագրումը հայկական ուժերի կողմից պատճառ դարձավ, որ Թուրքիան 1993-ին միակողմանի փակի օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվեց է 1995-ին:
2011-ին «Մոսկովսկիյե Նովոստի» թերթին տված հարցազրույցում, որը վերատպագրել էին ռուսական այլ հայտնի լրատվամիջոցներ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ Թուրքիայի հետ ամեն ինչ շատ նորմալ էր ընթանում, և ՀՀ-ն պատրաստվում էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բայց Քարվաճառի ազատագրումը խաղաքարտերը խառնեց:
«Պատրաստ էր արձանագրության նախագիծը, մեկ-երկու հարց էր մնացել լուծելու: Եվ ահա սկսվեցին մարտեր Քելբաջարի շրջանում, թուրքերը կանգնեցրեցին այս գործընթացը՝ ի նշան սոլիդարության Ադրբեջանին: Նրանք փակեցին սահմանը»,- շարունակել էր նա:
Այո, Քարվաճառի ազատագրման գործողություններին առաջին կոշտ արձագանքը եղավ Թուրքիայից, բայց այս գործողությունները նաև Թեհրանի սրտով չէին:
Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» գրքում նշվում է, որ «Թեհրանը պահանջեց, որ «հայկական զինված ուժերն ազատեն գրավված ադրբեջանական տարածքները», և, որ դեսպան Վահան Բայբուրդյանը Քելբաջարի լուրը ստանում է Իրանի ԱԳՆ-ում:
«Ղարաբաղյան ուժերը վերահսկողության տակ էին վերցրել Քելբաջարը, ամեն ինչ թարմ էր, ինձ դեռ չէին տեղեկացրել: Դիվանագիտական էթիկետի մեջ այսպիսի բան կա. եթե ծանր խոսքեր են ասելու, դեսպանին դիմավորում են խոժոռված դեմքեր: Ինձ դիմավորողների դեմքերից հասկացա, որ ինչ-որ բան է կատարվել: Ինձ ընդունեց արտգործնախարարի տեղակալներից Մալեքին: Քելբաջարի գրավման առիթով բանավոր բողոք ներկայացրեց,- դեսպանի խոսքերը փոխանցում է գրքի հեղինակը և շարունակում,- Իրանի կրոնապետ Այաթոլլա Ալի Խամենեին 1993թ. հուլիսի վերջերին այցելում է Թավրիզ և հայտարարում, որ Իրանն անտարբեր չի մնա ադրբեջանական տարածքների հանդեպ հետագա ոտնձգությունների նկատմամբ. «Հայաստանի կառավարությունը և Ղարաբաղի հայերը ճնշում են մահմեդականներին, և մենք դատապարտում ենք Ղարաբաղի հայերի վերջին գործողությունները, որոնք վայելում են Հայաստանի կառավարության օժանդակությունը»»:
ՌԴ առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշինն իր հուշերում գրում է, որ Տեր-Պետրոսյանը Անկարայից վերադառնալուց հետո, որտեղ մասնակցել էր Օզալի թաղմանը, հանդիպել է Դեմիրելի ու Էլչիբեյի հետ, արդեն Երևանում` Հայաստանում հավատարմագրված դեսպանների համար, ամփոփել է բանակցությունների էությունը:
«Բոլոր հարցերը լուծվում են համալիր` փաթեթով, ընդ որում, ո՛չ Հայաստանը, ո՛չ ԼՂՀ-ն չեն հրաժարվում քննարկել Քելբաջարից ղարաբաղյան զորքերի դուրսբերումը, բայց այդ որոշումը հնարավոր է միայն այլ միջոցառումների հետ միասին՝ կրակի արդյունավետ դադարեցում՝ միջազգային վերահսկողության ներքո, ԼՂ բնակչության անվտանգության միջազգային երաշխիքներ, բոլոր շրջափակումների վերացում, բանակցություններում ԼՂ ներկայացուցիչների ինքնուրույն մասնակցություն»,- պատմում է Ստուպիշինը:
Ի դեպ, Թաթուլ Հակոբյանը «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» գրքում գրում է, որ ԱՄՆ պետքարտուղար Քրիստոֆերն ապրիլի 6-ին հայկական ուժերից պահանջեց «անհապաղ և ամբողջապես հեռանալ Քելբաջարի տարածքից»: Իսկ Մոսկվայի արձագանքը շատ ավելի զուսպ էր, բայց տպավորություն կար, որ Ռուսաստանը ևս ձգտում էր ղարաբաղյան ուժերի դուրսբերմանը Քելբաջարից:
Ըստ այդմ՝ ապրիլի 8-ին Ելցինը նամակով դիմում է Տեր-Պետրոսյանին և Էլչիբեյին` ղարաբաղյան կարգավորման միջնորդության առաջարկով:
«Ռուսաստանի նախագահի ապրիլի 8-ի նախաձեռնության հիմքով կողմերին առաջարկվում է «Անհետաձգելի միջոցառումների ժամանակացույց», որը ենթադրում էր ռազմական գործողությունների դադարեցում 60 օրով: Ըստ այդ ժամանակացույցի` մինչև մայիսի 7-ը հայկական ուժերը պետք է դուրս բերվեին Քելբաջարից, մայիսի 12-ից կրակը դադարեցվեր 60 օրով, ապա Ռուսաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի հովանավորությամբ Ժնևում անցկացվեին բանակցություններ, ավելի ուշ` բանակցությունները վերսկսվեին Մինսկի խմբի շրջանակներում»,- իր գրքում մանրամասնում է Թաթուլ Հակոբյանը:
2020-ին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մի փաստաթուղթ էր հրապարակել, որի ամբողջական տարբերակը տրամադրել էր 168.am-ին:
Եվ ըստ այդ՝ ԱՄՆ Պետական քարտուղարության (Արտաքին գործերի նախարարություն) գաղտնազերծված փաստաթղթի՝ 1993թ. մայիսի 29-ին, ՀՀ-ում ԱՄՆ-ի առաջին դեսպան Հարրի Գիլմորի հետ առաջին հանդիպման ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ժիրայր Լիպարիտյանը ցանկացել է շեշտել՝ եթե Քելբաջարը պահելը ներկա Հայաստանի բնակչության համար համախմբման կոչ պիտի լինի կամ գերնպատակ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կառավարությունը հրաժարական կտան:
«Լիպարիտյանը շեշտեց, որ Տեր-Պետրոսյանի կառավարությունը մեծապես մտահոգված չէ տարածքների ձեռքբերման կամ կորստի համար. նրանք ավելի շատ նվիրված են մի շարք արժեքների, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, և կյանքի որոշակի որակի ապահովումը։ Եթե Քելբաջարի պահպանումը ներկայիս Հայաստանի ազգաբնակչության գերագույն նպատակ դառնա (ինչպես որ այն արդեն դառնում է այդպիսին շատ հայերի համար, հատկապես՝ Սփյուռքի դաշնակցականների համար), ապա Տեր-Պետրոսյանը և իր կառավարությունը հրաժարական կտան, որովհետև նրանք չեն ցանկանում դրա մաս կազմել»,- նշված էր փաստաթղթում:
Ավելի ուշ Տեր-Պետրոսյանը սկսում է ճնշումներ գործադրել Արցախի վրա և համոզել հրաժարվել Քարվաճառից: Մասնավորապես, նման պահանջ Տեր-Պետրոսյանի կողմից ԼՂՀ ղեկավար կազմին առաջին անգամ ներկայացվել է 1993թ.-ի հունիսի 12-ին Գորիսում։
Լևոն Տեր-Պետրոսյանը պնդել է, որ այդ հարցի կապակցությամբ Հայաստանի վրա մեծ ճնշում կա,ղև եթե Արցախի իշխանությունները հրաժարվեին Քարվաճառը հանձնելուց ու միջազգային միջնորդների առաջարկած խաղարարար ծրագրից, ապա Ռուսաստանը կդադարեր հայկական կողմին զենք ու զինամթերք, ինչպես նաև այլ անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելուց։
Տեր-Պետրոսյանի խոսքերը, սակայն, արժանահավատ չեն թվացել Արցախի իշխանություններին, ինչի պատճառով էլ նրանք հրաժարվել են կատարել պաշտոնական Երևանի պահանջը։ Ուստի գորիսյան հանդիպումից երկու օր անց Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնում է Ստեփանակերտ՝ շարունակելու պնդել Քարվաճառի՝ ադրբեջանցիներին հանձնելու և միջնորդների խաղաղարական ծրագրին համաձայնություն տալու անհրաժեշտությունը։
Անցած տարի համացանցում տարածվեց համապատասխան տեսանյութ, որտեղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Արցախի իշխանություններին առաջարկում է գաղտնի փաստաթուղթ ստորագրել երկու հայկական պետությունների միջև, և, իբրև երաշխիք, որ ՀՀ-ն կկատարի այդ պայմանագրով նախատեսված իր պարտականությունները, Տեր-Պետրոսյանն առաջարկում էր՝ որպես պատանդ 10 օր մնալ Ստեփանակերտում։
Փաստն այն է, որ Քարվաճառը՝ չնայած տարբեր միջազգային և ներքին ճնշումներին, չի հանձնվում ադրբեջանցիներին, քանի որ այն անվտանգային լուրջ նշանակություն ուներ ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի համար:
Ի դեպ, մի առիթով Թաթուլ Հակոբյանը գրել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ չէր Անկարայի ներգրավմանը, թեև թուրքերն ակնհայտ ադրբեջանանպաստ կեցվածք էին որդեգրել: Հայաստանի նախագահն ակնկալում էր, որ Անկարային ներգրավելով՝ ավելի դյուրին կլինի մեղմել Թուրքիայի կողմնապաշտությունը: 5+1 ձևաչափով շփումների ընթացքում՝ 1993-ի մարտի 8-ին, Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինը հեռախոսազրույց ունեցավ Տեր-Պետրոսյանի հետ:
1993-ի հունվարի առաջին օրերին Մոսկվայում կայացած 5+1 ձևաչափով հանդիպման ընթացքում պատրաստվում էր ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիր, սակայն Բաքուն անսպասելի հետ կանչեց իր պատվիրակին: Այսինքն՝ այս ամենը տեղի է ունեցել Քարվաճառի օպերացիայից առաջ:
«Որպեսզի փրկվի Արցախի երիտասարդ հանրապետության անկախությունը և պահպանվի երկրի շնչափող դարձած Լաչինի միջանցքը, հայկական ուժերը ստիպված եղան հանգցնել բոլոր այն կրակակետային պահոցները, որոնք տեղադրվել էին Քելբաջարում։ Լաչինի մարդասիրական միջանցքը միշտ էլ վտանգի տակ է եղել երկու՝ Քելբաջարի և Կուբաթլիի կողմից։ Առաջինի կրակակետերը մարեցին։ Իսկ Կուբաթլիից դեռ շարունակում են հրետակոծել։ Այնպես որ, Արցախը արտաքին աշխարհի հետ կապող հանգույցը դեռ այնքան էլ անվտանգ չէ։ Չգրված մի օրենքով նրանք միջազգային հասարակայնությունից, քաղաքական շրջանակներից հենարանի փոխարեն՝ մասնակի ցավակցություններ և մարդասիրական օգնություն են ստացել։ Դրանցով հնարավոր չէր պաշտպանվել հրետակոծումներից ու ռմբակոծումներից, թեթևացնել ծանր վիճակը։ Քելբաջարը ստեղծված այս անտանելի իրավիճակից դուրս գալու միակ ելքն էր։ Անհրաժեշտ էր պահպանել Լաչինի միջանցքը և Մարտակերտի շրջանի հյուսիսային պաշտպանական գծերը։ Անհրաժեշտ էր փակել Գյանջայի կողմից լեռնանցքով անցնող այն ճանապարհը, որով հզոր ուժեր՝ ռազմամթերք և կենդանի ուժեր էին տեղափոխվում Մարտակերտ և Լաչինի միջանցք։ Ճիշտ է, դա ձմռանը դժվարանցանելի ճանապարհ էր, բայց ձնհալից հետո բանուկ էր դարձել։ Հետևաբար, այդ հատվածը պետք էր վնասազերծել»,- 1993-ին գրել է Ցվետանա Պասկալևան:
2006-ին «Հետքին» տված հարցազրույցում Վազգեն Մանուկյանը պատմել է.
«Իմ վարչապետությունից հետո, մինչև պաշտպանության նախարար նշանակվելը, մի փոքր ջոկատով գնացել էի Մարտակերտ, երբ Մարտակերտը գրավել էին ադրբեջանցիները: Ես ճանապարհին տեսա այն, ինչ պատմել էր պապս, կարդացել էի գրքերում. գաղթի ճանապարհ, անտառներով մեր ժողովուրդը փախչելով հեռացել էր, ծառերի վրա սավաններ, երեխաների խաղալիքներ, չթաղված դիակների հոտ… Ես հասկացա, որ հնարավոր չէ Մարտակերտը պահել, եթե անգամ հետ ես վերցնում, եթե Քելբաջարը քոնը չէ: Նույն կարծիքին էին Սամվել Բաբայանը, Ռոբերտ Քոչարյանը: Լևոն Տեր-Պետրոսյանն ընդհանրապես չէր ընկալում, թե ինչ իմաստ ունի Քելբաջարը վերցնելը: Բաբկեն Արարքցյանն ասում էր, որ դրա համար Հայաստանին որակելու են ագրեսոր»:
Բայց այն, ինչ չհաջողվեց Տեր-Պետրոսյանին, հաջողվեց Նիկոլ Փաշինյանին, 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի արդյունքում առանց կրակոցի հանձնեց Քարվաճառը:
Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը պետք է վերադարձներ Քարվաճառի շրջանը մինչև 2020թ. նոյեմբերի 15-ը, այնուհետև 10 օրով ժամկետը հետաձգվեց՝ ապահովելու համար այդ տարածքից քաղաքացիական բնակչության և զորքերի դուրսբերումը:
«Պատկերացրեք, ամբողջ օրը տանջվել, տորթ եք սարքել, մեկ էլ մի չարաճճի երեխա գալիս է և ձեռքով տալիս փչացնում ամբողջ արածդ»,- Քարվաճառի շրջան տանող ճանապարհի ուղղությամբ հենակետերից մեկում 168.am-ի հետ զրույցում ասաց Քարվաճառի մարտերին մասնակցած սպաներից մեկը: Ի դեպ, Քարվաճառում ադրբեջանական կողմը ավելի քան 1000 կորուստ է ունեցել:
Քարվաճառի անկրակոց հանձնումը, ըստ էության, դուռ բացեց թշնամու համար Գեղարքունիքի, Սոթքի ուղղությամբ առաջխաղացումների համար: Սոթքի ուղղությունը, չնայած պատերազմից հետո տարածքային բարելավումներին, շարունակում է մնալ Ադրբեջանի թիրախում: Բայց սա Նիկոլ Փաշինյանին բնավ չի հետաքրքրում, կարևորը՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու խոչընդոտը վերացված է, կարևորը, ինչպես Լևոն Տեր-Պետրոյանի նախկին ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը կասեր՝ տարածքների ձեռքբերումը կամ կորուստը չէ, նրանք ավելի շատ նվիրված են մի շարք արժեքների, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և կյանքի որոշակի որակի ապահովումը։ Թեպետ Փաշինյանի իշխանության դեպքում սա էլ չափազանց վիճելի հարց է:
Ի դեպ, Քարվաճառի կորստի պատճառը գուցե այն էր նաև, որ այն դիմադրությունը, որը կար Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ, չկար 2020-ին՝ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ոչ ընդդիմության, ոչ էլ զինվորականության կողմից: Եվ ամենակարևորը՝ Արցախի ղեկավարությունը ներդաշնակ գործում էր Փաշինյանի հետ: Գուցե: Եթե ավելի կոնկրետ՝ ճի՛շտ այդպես: