Սամվել Կարապետյանին արգելել են շփվել արտաքին աշխարհի հետ

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին արգելել են շփվել արտաքին աշխարհի հետ` բացառությամբ մերձավոր ազգականների ու փաստաբանների։ RT-ի հետ զրույցում այս մասին ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Մերձավոր ազգականների դեպքում ևս սահմանափակումներ կան ՝ ամսական ընդամենը երկու անգամ»,– ասել է նա։

Իրավաբանը նշել է, որ կալանքի պես կոշտ միջոցի համար որևէ նախանշան չի եղել, և այն, ինչ կատարվում է, քաղաքական հետապնդում է:

Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:

Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։

Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։

Տեսանյութեր

Լրահոս