Հայկական BigStory վենչուրային հիմնադրամը հայտնել է նոր ներդրման մասին

Հայկական BigStory վենչուրային հիմնադրամի պորտֆոլիոյում ընդգրկել է ևս մեկ՝ B4 ստարտափը: Ներդրումների քանակը հասել է 10-ի։

Այս մասին իր «Ֆեյսբուք» էջում հայտնել է BigStory-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։

B4-ը հավելված է, որի օգտատերերը միջոցառումներին կամ մեծ հանդիպումներին networking-ին նախորդող փուլում հնարավորություն են ունենում 2 րոպեանոց ձայնային շփում ունենալ: Եթե զրույցից պարզ է դառնում, որ մարդկանց հետաքրքրությունները համապատասխանում են, ապա նրանք շարունակում են շփումը, եթե ոչ, ապա օգտատերը կարող է հավելվածում նոր մարդ փնտրել:

«Օնլայն կամ օֆլայն մեծ հանդիպումներին, միջոցառումներին մարդկանց 50%-ն ուղղակի միմյանց հետ չի շփվում։

Կարելի է ասել, որ հավելվածը Clubhouse+Twitter+Tinder-ի խառնուրդն է:

Հետագայում B4-ը կտրամադրի լրացուցիչ գործիքներ՝ միջոցառումները ավելի հեշտ տարածելու և գովազդելու համար, ինչպես նաև կտրամադրի networking-ի վերլուծության հնարավորություն»,- գրել է Մինասյանը:

Հավելվածը ստեղծել է Wakie հարթակի հիմնադիր Հրաչիկ Աճամյանը։

BigStory VC-ն ներդրումներ է կատարել Docus, BlueQubit, ProdMap AI, Zoomerang, WildLearner, Mythrill, SleepDoctor, Prelaunch, Stylebit ստարտափներում։

Նախորդ տարի Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Արտավազդ Մինասյանը և Podcastle AI-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Արտո Երիցյանը հայտնել էին BigStory VC վենչուրային հիմնադրամ հիմնելու մասին, որն առաջիկա երկու տարվա ընթացքում $10 մլն կներդնի մոտ 24 հայկական ստարտափում։

Տեսանյութեր

Լրահոս