«2023 թվականի հարկային եկամուտները կաճեն, պետական պարտքը կդառնա վերահսկելի». Տիգրան Խաչատրյան
Այսօր խորհրդարանում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ քննարկմանը ներկայացնելով 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը՝ նշեց, որ այն 2021-2022 թվականի գործունեության ծրագրի երկրորդ ամբողջական տարվա բյուջեն է։
«Նախագծի հաստատման դեպքում ֆինանսավորում կապահովվի այն ծրագրերի ու միջոցառումների համար, որոնց իրականացումը կարձանագրի անհրաժեշտ առաջընթաց կառավարության ծրագրով սահմանված նպատակների ուղղությամբ։ 2023 թվականի բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման և մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդումը կառավարության ծրագրով սահմանված թիրախներին համահունչ»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։
Ըստ նրա, 2023 թվականի պետական բյուջեի հիմքում ընկած հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է այդ նպատակին։ Հարկային եկամուտների ավելացումը, ծախսային ծրագրերի նպատակայնության բարձրացումը, բյուջեի ֆինանսավորման նպատակով նոր փոխառու միջոցների ներգրավման և առկա պարտքի կառավարման արդյունավետության բարձրացումը, հարկաբյուջետային քաղաքականության այն հիմնական ուղղություններն են, որոնք պետք է միտված լինեն մասնավոր հատվածի արագ զարգացմանը և ձևավորեն դրան նպաստող մակրոտնտեսական միջավայր։
«2023 թվականի բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային դժվարին մարտահրավերների պայմաններում, վերջին մեկ տարվա ընթացքում համաշխարհային տնտեսական միջավայրը դարձել է ավելի անկայուն, միջազգային առևտուրը դանդաղել է, փոխադրումները դարձել են ավելի ծախսատար և ժամանակատար, ապրանքների ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում։ Նշված պայմանները բացասաբար են ազդել մեր տնտեսական միջավայրի վրա և բարձրացրել մակրոտնտեսական ռիսկերը։ Չնայած թվարկված անորոշություններին՝ կարող ենք փաստել, որ այս տարվա տնտեսական ակտիվությունը տարեսկզբից՝ քննարկված են բոլոր սպասումները։ 2022 թվականի 9 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 14,1 տոկոսով, ինչի արդյունքում պետական բյուջեն սկզբնապես սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարում է։ Սա թույլ է տալիս ոչ միայն նախատեսված ծավալով ֆինանսավորել այս տարվա բյուջետային ծախսերը, այլև հատկացնել լրացուցիչ միջոցներ անվտանգային, տնտեսական և սոցիալական նոր ծրագրերի համար»,- շեշտեց Տիգրան Խաչատրյանը։
Ֆինանսների նախարարն ընդգծեց նաև, որ կարող են ասել՝ այս տարվա տնտեսական աճը՝ վերջին 15-20 տարիների ընթացքում արձանագրված ամենաբարձր աճի ցուցանիշներից մեկն է՝ գտնվելով համախառն ներքին արդյունքի 13-14 տոկոս իրական աճի սահմաններում։ Այդ ամենի արդյունքում 2022 թվականի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ կարող է գերազանցել 19 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք սահմանը, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի արդյունքը՝ 6500 դոլար, նախորդ տարվա նկատմամբ արձանագրելով մոտ 1800 դոլարին համարժեք աճ։
«2023 թվականի բարձր տնտեսական աճի ցուցանիշը պետք է լինի կառավարության բարեփոխումների և հատկապես տնտեսական քաղաքականության արդյունավետության չափման հիմնական ցուցիչը, կլինեն նաև դժվարություններ։ Այդ տարվա դրական զարգացման արդյունքում ձևավորվող բազայի նկատմամբ բարձր տնտեսական աճի հասնելը պահանջում է հետևողականորեն խորացնել բարեփոխումների ընթացքը և հաղթահարել զգալի դժվարություններ, սակայն դա չի նվազեցրել կառավարության նպատակադրումների նշաձողը։ 2023 թվականին թիրախավորվում է բարձր տնտեսական աճի ցուցանիշ, ՀՆԱ-ի 7 տոկոս իրական աճ։ Դժվարին մարտահրավեր է այն, որ այսպիսի բարձր տնտեսական աճը պետք է ձեռք բերվի զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում։ Ինչպես գիտեք, այս տարվա գնային աճի տեմպերը շարունակում են մնալ բարձր՝ գտնվելով 9 տոկոսի սահմաններում։ Տրամաբանական է, որ 2023 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը պետք է շարունակի բարձր տոկոսոդրույքների քաղաքականությունը՝ ձգտելով հաջորդ տարեվերջին վերադառնալ գնաճի համար օրենքով սահմանված 4 տոկոս չափին»,- շեշտեց Ֆինանսների նախարարը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում