ՀՀ իշխանություններն ուղղակի արհամարհում են Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը. Սահմանադրագետ
«Գոնե այս քննարկմանը ներկա մեր գործընկերները տեղյակ են, որ այս իշխանության համառ ջանքերով ինքնորոշման իրավունքի սկզբունքը բանակցային գործընթացի օրակարգից, ըստ էության, դուրս է եկել, և գործընթացը գլորվում է բավականին վտանգավոր ուղղութամբ»,- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած՝ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով համատեղ հանրային քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ապա խոսքը փոխանցեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանին, ում զեկուցումը ՀՀ պետական սահմանադրական իրավունքի տեսանկյունից՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին էր:
«Երբ այսօրվա իշխանություններն իջեցնում են նշաձողը և ելնում են նրանից, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդգրկում է նաև ինքնիշխանությունն Արցախի տարածքի նկատմամբ (իսկ դա միանշանակ հետևում է այս տարվա սեպտեմբերի 27-ի, այսպես կոչված, Վաշինգտոնյան փաստաթղթից), և կառավարության ղեկավարն իրեն իրավունք է վերապահում ասելու, որ մենք հնարավորություն չունենք Արցախի ինքնորոշման իրավունքը մեր ռեսուրսներով պահպանելու, դա նշանակում է, որ այսօրվա իշխանությունները նաև ուղղակիորեն արհամարհում են ՀՀ Սահմանադրությունը, Հայաստանի Անկախության հռչակագիրը՝ այն պահանջները, որոնք իրավական պահանջներ են և քաղաքական որևէ հայեցողության տեղ չեն թողնում»,- ասաց Վարդան Պողոսյանը:
Սահմանադրագետը հիշեցրեց, որ ՀՀ-ն ստեղծվել է 1990 թվականի օգոստոսի 23-ի ՀՀ անկախության հռչակագրով՝ ի տարբերություն շատ երկրների, որոնք ստեղծվել են հենց Սահմանադրության հիմնադրմամբ:
«Անկախության հռչակագիրը, լինելով պետության հիմնադիր փաստաթուղթ, հիմք է նաև հանդիսանում ՀՀ մյուս կարևորագույն ակտի՝ Սահմանադրության համար, և պատահական չէ, որ ՀՀ Սահմանադրությունը հենց սկսվում է Անկախության հռչակագիրը վկայակոչելով,- մանրամասնեց Վարդան Պողոսյանը՝ հիշելով և հիշեցնելով,- Այդ նախաբանի ծնունդը բավականին բարդ, համառ պայքարի արդյունք էր, բայց նաև՝ համազգային կոնսենսուսի արդյունք. անկախ այն մեծ տարբերություններից, որոնք գոյություն ունեին 1990 թվականի ՀՀ Գերագույն խորհրդում տարբեր քաղաքական ուժերի միջև, այդուհանդերձ, 1994 թվականին հնարավորություն եղավ շատ մեծ փոխըմբռնման պայմաններում Սահմանադրական հանձնաժողովում համաձայնության գալ այն մասին, որ ՀՀ Սահմանադրության նախաբանում անպայման պետք է հղում լինի Հայաստանի Անկախության հռչակագրին»:
Նա նկատեց, որ այդ հղումը համազգային նպատակների տեսանկյունից շեշտադրում էր երկու հարց՝ Արցախը և Ցեղասպանությունը:
«Անկախության հռչակագրի 11-րդ կետում ուղղակիորեն ամրագրված է, որ Հայաստանը հետամուտ է լինում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացին, բայց կա նաև հղում Արցախի ինքնորոշման իրավունքին: Այդ հղումն անուղղակի է՝ այն իմաստով, որ Անկախության հռչակագիրն ուղղակի իր տեքստում անդրադարձ չի կատարում Արցախի ինքնորոշման իրավունքին, բայց հռչակագրի նախաբանում հստակորեն ասվում է, որ այդ հռչակագիրը հիմնված է 1989 թվականի դեկտեմբերի 1-ին հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա՝ հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին»,- մեջբերեց սահմանադրագետը՝ հավելելով, որ 1989 թվականի դեկտեմբեր 1-ի այդ համատեղ նիստում որոշվեց, որ հայկական ԽՍՀ-ն և Լեռնային Ղարաբաղը ճանաչում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման փաստը:
Սահմանադրագետը նաև անդրադարձավ հարցադրմանը, թե կա՞ արդյոք հակասություն, որ՝ մի կողմից՝ Հայաստանի Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը ճանաչում են Արցախի ինքնորոշման փաստը, ինքնորոշման իրավունքը, բայց մյուս կողմից՝ մինչև հիմա, նաև նախորդ իշխանությունների ժամանակ, ՀՀ-ն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
«Այստեղ հակասություն չկա, որովհետև խոսքն այն մասին է, որ ՀՀ-ն իր արտաքին քաղաքականության մեջ կարող է ճկունություն ցուցաբերել մինչև այն աստիճանը, որը վերաբերում է ինքնորոշման իրավունքի և փաստի ճանաչմանը:
Ճանաչելու ուղղակիորեն Արցախը՝ որպես ՀՀ, սահմանադրական պահանջ չէ, բայց պահանջ է, որպեսզի ցանկացած բանակցություններում և դրա արդյունքում կնքվելիք ցանկացած փաստաթղթում Արցախի ինքնորոշման փաստը չդրվի հարցականի տակ:
Ցավոք սրտի, այսօրվա բանակցային գործընթացը գնում է այն ուղղությամբ, և ՀՀ իշխանությունները դա ընդհանրապես չեն թաքցնում, որ Արցախի ինքնորոշման հետ կապված իրենք այլևս ձեռքները լվանում են և այդ հարցին չեն ցանկանում ընդհանրապես անդրադառնալ:
Եթե չեն ցանկանում ընդհանրապես անդրադառնալ և թողնում են այդ հարցը, ըստ էության, ադրբեջանական հանրապետության հայեցողությանը, ապա նշանակում է, որ նրանք հետ են կանգնում Սահմանադրության ու Հռչակագրի պահանջներից»,- պարզաբանեց Վարդան Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում