ՀՀ ղեկավարն արդեն երկրորդ անգամ ինքնախոստովանական ցուցմունք է տալիս. մեկ խորհուրդ կտայի՝ գոնե մի իրավաբան պահեք մոտներդ. Վահիդ Սահակյան

Մարտի 26-ին որդեկորույս ծնողները փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ միասին Գլխավոր դատախազությունում հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին՝ կապված Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ։

Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ 2020 թվականին գիտակցված զոհողության են գնացել՝ ՀՀ անկախությունը պահելու համար, ինչը որդեկորույս ծնողները դիտարկում են որպես ինքնախոստովանական ցուցմունք երկրի ղեկավարի կողմից։

44-օրյա պատերազմում նահատակված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, Գլխավոր դատախազությունից որևէ ակնկալիք չունի, ասում է՝ քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, որևէ փոփոխություն տեղի չի ունենա, այլ բան է, որ իշխանափոխությունից հետո նա ամեն ինչի համար պետք է պատասխան տա։

«Եթե իրավապահ համակարգը չի գործում, դա չի նշանակում, որ մենք ամեն ինչ պետք է մոռանանք, մոռանալ՝ նշանակում է  ուրանալ այն տղաների սխրանքը, որոնք այսօր մեզ հետ չեն։ Իհարկե, մենք չենք կարող այդպես վարվել։ Հանցագործության մասին հաղորդում տալը նշանակում է, որ գործ է բացված կամ օրենքով պետք է գործ բացվի, թե հիմա այդ գործին երբ կանդրադառնան՝ չեմ կարող ասել։ Ինքս միշտ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ վաղ թե ուշ ամեն մարդ իր արարքի համար պետք է պատասխան տա՝ կլինի սովորական քաղաքացի, թե պաշտոնյա։ ՀՀ ղեկավարն արդեն երկրորդ անգամ ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, կարող էր այնպես անել, որ այսօր տղաներն իրենց ծնողների հետ լինեին, բայց չի արել, առաջին անգամ չի կանգնեցրել պատերազմը, երկրորդ անգամ էլ միտումնավոր է գնացել զոհողության, որ Հայաստանը պահի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահիդ Սահակյանը։

Կարդացեք նաև

Մեր զրուցակցի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե «զոհողությունների է  գնացել՝ ՀՀ-ն փրկելու համար», սակայն տեսնում են, որ Հայաստանի տարածքներից այսօր ադրբեջանական օկուպացիայի տակ են։

«Հայաստանի տարածքից 240 քկմ Ադրբեջանն օկուպացրել է,  ու չգիտենք էլ, թե վաղը կամ մյուս օրն ինչ է լինելու։ Ավելի հասկանալի լինելու համար, ասեմ, որ 240 քկմ տարածքը՝ դա 2400 հեկտար հողատարածք է։ 2016 թվականին 800 հեկտար, հետո ճշտեցի, որ իրականում 400 հեկտար էր կորսված, այնքան խոսեցին դրա մասին, բայց այսօր մեր սուվերեն տարածքից 2400 հեկտար է զավթված, սրա մասին չեն ուզում խոսել։ Ուղղակի ես նման ղեկավարներին մեկ խորհուրդ կտայի՝ գոնե մի իրավաբան պահեք մոտներդ, որ գոնե ասի՝ իրենց հայտարարությունը քրեորեն հետապնդելի՞ է, թե՞ ոչ»,-հավելեց Վահիդ Սահակյանը։

Շարունակելով, որդեկորույս ծնողը նկատեց՝ հույսը չի կորցնում, որ վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանն իր ամեն մի ասածի ու արածի համար պատասխանատվության կենթարկվի։

«Նիկոլ Փաշինյանի ամեն ասածն իրարամերժ է, եթե ինքն իրավապահ համակարգի հետ կապ չունի, ինչպե՞ս է ստացվում, որ մեկ «sms»-ով մի քանի ժամերի ընթացքում 5 ուժայինների ղեկավարներ հրաժարական են տալիս։ Եթե ինքը կարողանա այս հարցին պատասխանել, ապա կասեմ՝ իրականում ինքը ճիշտ է, բայց իհարկե չի կարողանալու պատասխանել։ Ժողովուրդ ջան, ես միշտ ասել եմ՝ այս երկիրը իրավապահ համակարգով, օրենսդիրով գտնվում է մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքում։ Սա դեմոկրատիայի երկիր չէ, ինչպես Փաշինյանն է ասում, այս երկրում ամեն ինչ ինքն է որոշում ու այդպես էլ բոլորին ասում է՝ «Ինչպես որոշեմ, այնպես էլ լինելու է», մնացածը կատարողներ են։ Սա է իրականությունը, որի դեմ ժողովուրդը պետք է պայքարի»,- ընդգծեց Վահիդ Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031