Բաժիններ՝

«Քերոբյանը խաբում է, Հոկտեմբերյանում այգիներ կան, որ մինչև հիմա խաղողը մնացել է․ մարդիկ մասսայական այգիները քանդում են»․ խաղողագործ

«Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հերթական անգամ ստեց, երբ հայտարարեց, թե խաղողն ամբողջությամբ մթերվել է, և, որ ոչ մի խնդիր չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի խաղողագործներրց մեկը՝ անդրադառնալով նոյեմբերի 1-ին Վահան Քերոբյանի՝ խաղողի մթերման վերաբերյալ արած հայտարարությանը։

«Ես անկեղծ եմ ասում, Քերոբյանը սուտ է խոսում, խաբում է։ Մինչև հիմա Հոկտեմբերյանում այգիներ կան, որ խաղողը մնացել է․․․

Քերոբյա՛ն, ասում ես՝ խնդիր չկա՛, ամբողջը խնդիր է։ Դու որ եկել էիր Արմավիր, քեզ այդ ժամանակ էլ խնդիրների մասին ասացինք։ Այդ օրը Քերոբյանն իր աշխատակցին ասաց՝ համարները գրանցի, որ զանգեք, պայմանավորվեք, թե որտեղ գնան, ինչ անեն։ Առ այսօր ինձ չե՛ն զանգել, 100 անգամ հետաքրքրվել եմ, զանգել եմ, ոչ մեկը ոչ մի բան էլ չարեց»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ իհարկե, մթերման կազմակերպչական հարցերը շատ կարևոր են, բայց առաջնային խնդիրը խաղողի մթերման գինն է, որ այս տարի, հատկապես գնաճի ֆոնին չափազանց ցածր է եղել՝ 1 կիլոգրամը 100 դրամ։

«Եթե գործարանը 100 դրամով է ընդունում, դա չի՞ նշանակում խաղողագործության կործանում, որն էլ իր հերթին՝ հանգեցնում է Հայաստանի տնտեսության կործանմանը։ Մարդիկ այսօր մասսայական խաղողի այգիները քանդում են, Քերոբյանը տեղյա՞կ է։ Մենք էն ժամանակ իրեն ասացինք՝ եթե գյուղացին պետք է 1 կիլոգրամ խաղողի վրա ծախսի 150 դրամ, բայց  բերքը հանձնի 100 դրամով, ապա սա ոլորտը տանելու է կործանման։

Դա էլ ասեմ՝ 100 դրամ ասում են, բայց 100 էլ չի, կշեռքի վրա այնքան են գողանում, թերակշռում են, 10 տոկոս սկիդկա և այլն։ Այսինքն՝ խաղողի գինը 70-80 դրամ է դառնում։ Ես կոնկրետ անուն-ազգանուններով կարող եմ ասել, որ մարդիկ 30-40 հեկտար այգի ունեն, ու հիմա 15-20 հեկտարը քանդում են։ Վահան Քերոբյան, դու ավելի լավ է՝ սրա մասին հայտարարի, ոչ թե սուտ բաներ զեկուցիր՝ իրականության հետ կապ չունեցող։ Կառավարությունը որ ուզի, 15 րոպեում կարող է իմանալ, թե քանի հեկտար այգի են քանդել․․․»,- ասաց երկար տարիներ խաղողագործությամբ զբաղվող մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույում անդրադարձել էր խաղողի մթերմանը, վստահեցրել, որ խնդիրը լուծված է։

«Հարցը լուծվա՛ծ է, խաղողը մթերված է, որևէ խնդիր չկա։ Ես մի քանի անգամ գնացել եմ մի քանի մարզ, իրենք են եկել, մի քանի քննարկում է եղել, բոլոր խնդիրները լուծված են։ Կարող է՝ մարդիկ դժգոհում են, որ ցածր գնով է այդ խաղողը մթերվել և այլն, բայց այս պահին խաղողի մթերումն ամբողջությամբ ավարտված է»։

Հիշեցնենք, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հայաստանի տարբեր մարզերի խաղող մթերողները բողոքի ակցիաներ էին իրականացնում, դժգոհում մթերման ցածր գնից։

Նրանք բողոքի ակցիա էին իրականացրել նաև կառավարության շենքի մոտ, որից հետո հանդիպել էին Վահան Քերոբյանի հետ, նրան վատ աշխատանքի համար մեդալ հանձնել։

Խաղող մթերողները 168.am-ի հետ զրույցում պատմել էին, որ Քերոբյանն իրենց առաջարկել է խաղող մշակելու փոխարեն՝ իրենց այգիները վաճառել և մասնավորի մոտ աշխատանքի անցնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս